Ճամփորդությունը չի կարող կատարյալ լինել առանց ձեր բոլոր կարիքներին և պահանջներին համապատասխանող հյուրանոցի առկայության: Այն պետք է լինի հարմարավետ և տաքուկ վայր ձեր հանգստի յուրաքանչյուր գեղեցիկ օրը սկսելու և ավարտելու համար: Կարևոր է ժամանակ տրամադրել հյուրանոցի ընտրությանը, քանի որ այն ապահովում է հանգստի ամբողջականությունը։
Մենք արդեն անդրադարձել ենք ճանապարհորդության հետ կապված մի քանի կարևոր թեմաների, ինչպիսիք են՝ ինչ է ձեզ սովորեցնում ճանապարհորդությունը, ինչ չի կարելի անել ինքնաթիռում և այլն: Ուստի, ժամանակն է կիսվել որոշ գործոններով, որոնք պետք է հաշվի առնել հյուրանոց ամրագրելիս: Դե ինչ, եկե՛ք սկսենք։
Թերևս ամենահեշտ և գլխավոր քայլերից մեկը, որ դուք կարող եք անել, հյուրանոցների հետ կապված կարծիքների ստուգումն է: Հյուրանոցի ընտրությունը մեր օրերում շատ ավելի հեշտ է դարձել առցանց ամրագրման շնորհիվ: Ավելին, այդպիսի կայքերում կան նաև կարծիքների հատված՝ գրված այնտեղ հյուրընկալված մարդկանց կողմից։ Կարծիքները կարող են ապահովել բավարար տեղեկատվություն և կարող են պատասխանել ձեր հարցերի մեծ մասին: Ստուգեք, թե ինչն է ամենաշատը դուր եկել նախորդ այցելուներին և ինչը` ոչ: Միևնույն ժամանակ, խորհուրդ ենք տալիս ստուգել նաև հյուրանոցի կայքը: Դա պայմանավորված է նրանով, որ երբեմն հյուրանոցները անդրադառնում են այն խնդիրներին, որոնք տեղ են գտել հյուրանոցին վերաբերող կարծիքների հատվածում: Հաշվի առեք և՛ բացասական և՛ դրական կարծիքները և կստանաք արժեքավոր պատկերացում հյուրանոցի մասին, ինչպես նաև կխուսափեք խնդրահարույց հյուրանոց ամրագրելուց:
Բացի այդ, խնդրում ենք նկատի ունենալ միայն վերջին 6-18 ամիսների ընթացքում գրված կարծիքները: Այսպիսով, դուք կնվազեցնեք հյուրանոցի մասին հին և անօգուտ տեղեկություններ ստանալու ռիսկը:
Հավատացեք, որ հյուրանոցի գտնվելու վայրը չափազանց կարևոր է: Իհարկե լավ է, որ հյուրանոցը էժան է և հարմար, բայց արդյո՞ք արժե այն, եթե հյուրանոցը գտնվում է կենտրոնից կիլոմետրերով հեռու կամ այն հիմնական տեսարժան վայրերից հեռու, որոնք դուք ցանկանում եք տեսնել: Այս դեպքում, ուսումնասիրեք քարտեզը, որպեսզի որոշեք հյուրանոցի ճշգրիտ վայրը։
Եթե դուք զբոսաշրջիկ եք, ում նպատակն է բացահայտել երկիրը, քաղաքը կամ գյուղը, մտածեք հյուրանոցի ընտրության մասին քաղաքի/գյուղի/երկրի կենտրոնում: Եթե մտածում եք որևիցե քաղաք այցելելու մասին, կենտրոնացրեք ձեր որոնումը այն հյուրանոցների վրա, որոնք գտնվում են կենտրոնում, որպեսզի կարողանաք ազատ և հեշտությամբ տեղաշարժվել։ Այսպես, շատ ու շատ տեսարժան վայրեր կլինեն ձեր հյուրանոցին մոտ: Մյուս կողմից, եթե դուք ճանապարհորդում եք գործնական հանդիպման համար, ընտրեք հյուրանոց ձեր հանդիպման վայրի մոտ: Պարզապես անհրաժեշտ է որոնել ինտերնետում՝ ձեր նախընտրած տարածքում հյուրանոց ամրագրելու համար:
Մեկ այլ կարևոր կետ, որի վրա արժե կենտրոնանալ հյուրանոցի գտնվելու վայր ընտրելիս, հասարակական տրանսպորտն է: Առանձնացրեք հյուրանոցները, որտեղից դուք հեշտությամբ կարող եք օգտվել հասարակական տրանսպորտից:
Ճաշելու տարբերակները ևս մեկ կարևոր կետ է, որոնք միանշանակ արժե հաշվի առնել: Խորհուրդ ենք տալիս ստուգել հյուրանոցի կայքը՝ պարզելու համար, թե արդյոք սնունդը ներառված է ձեր նախընտրած հյուրանոցային փաթեթում: Հարկ է նաև նշել, որ կարող եք գտնել բազմաթիվ հյուրանոցներ, որոնք առաջարկում են միայն նախաճաշի տարբերակ: Այս դեպքում հաշվի առեք, որ դրսում ճաշելու համար դուք պետք է հավելյալ վճարեք: Մյուս կողմից, վերջինս կարող է շահավետ լինել ձեզ համար, քանի որ կարող եք հանգստանալ և ժամանակ անցկացնել քաղաքի կենտրոնում գտնվող տարբեր գեղեցիկ, հարմարավետ սրճարաններում կամ պաշտոնական ընթրիք ունենալ դասական ռեստորանում:
Որքա՞ն մաքուր է հյուրանոցը: Թերևս դա այն հարցն է, որը դուք պետք է ինքներդ ձեզ տաք և միանգամից ստուգեք։ Հատկապես կորոնավիրուսյան օրերին սանիտարահիգիենիկ պայմանները կենսական անհրաժեշտություն են։ Միշտ հիշեք, որ դուք կարող եք վտանգի ենթարկել ձեր առողջությունը կեղտոտ հյուրանոցներում, որոնք ունեն վատ սանիտարական պայմաններ: Որակյալ հյուրանոցները պետք է կանոնավոր կերպով մատուցեն մաքրման ծառայություններ իրենց հյուրերի համար: Նրանք նաև պետք է տրամադրեն թարմ անկողնային պարագաներ և սրբիչներ իրենց բոլոր հյուրերի համար: Մաքուր միջավայրը օպտիմալացնում է ձեր հարմարավետության մակարդակը և օգնում առավելագույն վայելել հանգիստը:
Որոշ հյուրանոցներ, որոնք տարիներ շարունակ գործում են, փորձառու են և միգուցե լավ կարծիքներ ունեն, այնուամենայնիվ, կարող են ի վերջո լինել հնացած և հակահիգիենիկ: Այսպիսով, հիշեք, որ նոր հյուրանոցներն ավելի մաքուր են, քան հները:
Ճանապարհորդել նշանակում է այցելել տեսարժան վայրեր, սրճարաններ, թանգարաններ կամ մասնակցել գործնական հանդիպումների: Այնուամենայնիվ, դուք որոշ ժամանակ կամ նույնիսկ մի ամբողջ օր անցկացնում եք հյուրանոցում: Հետևաբար, հյուրանոցի առանձնահատկությունները ևս շատ կարևոր են: Կրկին ուսումնասիրեք կայքը, պարզեք, արդյոք հյուրանոցը ներառում է սպա, լողավազան, մարզասրահ կամ խաղերի գոտի: Սրանք ձեր ազատ ժամանակը կդարձնեն հաճելի և հիշարժան: Ավելին, սա կարող է ձեզ համար դառնալ աշխարհի տարբեր երկրների մարդկանց հետ ծանոթանալու հիանալի հնարավորություն։
Առանձնահատկությունների առումով չենք կարող չնշել luxe հյուրանոցները։ Այդպիսի հյուրանոցներն ապահովում են շատ գրավիչ ժամանցի հարմարություններ: Այս հյուրանոցներն ունեն զարմանալի, գեղեցիկ դիզայն, տպավորիչ սենյակներ, մահճակալներ և հարմարություններ: Նրանք կարող են նույնիսկ ծաղիկներ թողնել ձեր սենյակում, ջերմ ընդունելություն մատուցել ձեր ժամանելուն պես և օգնել ձեզ տեղավորվել համարում:
Ոչ բոլոր հյուրանոցներն են հարմար գործնական հանդիպումների համար։ Ուստի, սա նույնպես չափանիշ է, որը պահանջում է ամբողջական հետազոտություն։ Այս դեպքում դուք կարող եք կազմել համապատասխան հյուրանոցների ցանկ, դիմել նրանց՝ պարզելու համար, թե որն է առավել նպատակահարմար մասնագիտացված գործնական հանդիպումներ կազմակերպելու համար: Նրանք պետք է ունենան առաջադեմ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են արագ և մշտապես հասանելի Wi-Fi, համապատասխան տարածք և այլն:
Մուտքագրումը և դուրսգրումը կամ ինչպես ասում են՝ check-in-ը և check-out-ը առանձնահատուկ են յուրաքանչյուր հյուրանոցի համար: Միակ բանը, որ դուք պետք է անեք, այն է, պարզեք, թե ձեր ցուցակի հյուրանոցներից որն ունի մուտքի և դուրսգրման այնպիսի համակարգ, որը համապատասխանում է ձեր ժամանման և մեկնելու ժամանակին: Շատ հյուրանոցներ տրամադրում են ժամային ընդունելության ծառայություններ, որը թույլ է տալիս քաղաքի յուրաքանչյուր հյուրի տեղավորվել և դուրս գալ ցանկացած ժամանակ, ինչը պետք է նախապես կազմակերպել:
Կորոնավիրուսի հետ կապված չնախատեսված հանգամանքները, արտակարգ իրավիճակները և ճանապարհորդության սահմանափակումները կարող են ձեզ միայն մի ընտրություն թողնել, այն է՝ չեղարկել ամրագրումը: Այս դեպքում չեղարկման քաղաքականությունը թույլ կտա վերականգնել գումարի մի մասը, եթե արդեն կանխավճար եք վճարել: Հետևաբար, մի մոռացեք ստուգել սա հյուրանոց ամրագրելիս:
Արդյո՞ք սենյակում կա սառնարան: Եթե կերակուրը ներառված չէ փաթեթում, կամ գնել եք սնունդ ապա ձեզ անհրաժեշտ կլինի դրանք պահելու տեղ: Բացի այդ, որոշ հյուրանոցներ կարող են տրամադրել թեյի/սուրճի պատրաստման մեքենաներ, ինչը նույնպես ձեռնտու կլինի ձեզ համար։
Արդյո՞ք սենյակում ապահով է: Դուք չեք կարող միշտ թանկարժեք իրեր տանել ձեզ հետ, բայց դուք նույնպես չեք ցանկանում և չեք էլ կարող դրանք ուղակի թողնել սենյակում: Շատ կարևոր է հասկանալ ինչպես հյուրանոցի, այնպես էլ հյուրանոցի սենյակների անվտանգությունը: Սենյակում չհրկիզվող պահարան ունենալը լավ միջոց է ձեր անձնագիրը և այլ թանկարժեք իրերը անվտանգ պահելու համար: Իսկ բացառիկ արժեքավոր իրերի համար հյուրանոցները հաճախ ունենում են առանձին պահարան։
Սա այն ամենն է, ինչ մենք առանձնացրել ենք ձեզ համար, որպեսզի օգնենք ամրագրել հյուրանոց, որը կբավարարի ձեր կարիքները և կապահովի ձեր հարմարավետությունը ողջ հանգստի ընթացքում։ Այնուամենայնիվ, մեր օրերում հյուրանոցի առցանց ամրագրումը շատ պարզ է և լրացուցիչ գիտելիքներ չի պահանջում: Շատ ուսումնասիրեք, հաշվի առեք վերը նշված գործոնները, և դուք միանշանակ կգտնեք հիանալի և հարմարավետ հյուրանոց:
Բացահայտեք աշխարհը, շատ ճանապարհորդեք, կիսեք ձեր ճանապարհորդությունը Positive Day Tour-ի հետ: Մենք խոստանում ենք կազմակերպել ամենահիշարժան ճանապարհորդությունը՝ դարձնելով այն անմոռանալի և միևնույն ժամանակ անվտանգ: