Ճամփորդելը նոր բաներ սովորելու ու բացահայտելու լավագույն եղանակներից մեկն է։ Թերևս հենց դա է համարվում ճամփորդության ամենակարևոր առավելություններից մեկը, իհարկե բացի տարբեր երկրների խոհանցոցներ փորձելուց։ Դու կարող ես բացահայտել նոր մշակույթներ, ծանոթանալ ամենատարբեր բնավորություններով և պատմություններով մարդկանց հետ, ճաշակել տարբեր երկրների խոհանոցներ և այլն։ Հարկավոր է հիշել, որ յուրաքանչյուր երևույթ կամ խոսակցություն կարող է քեզ նոր բաներ սովորեցնել։ Դե ինչ, եկեք հասկանանք այն ամենը, ինչ դուք կարող եք սովորել ճամփորդությունների ընթացքում։
Ճանապարհորդելու ընթացքում անհրաժեշտ է էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել առողջությանը, հատկապես եթե միայնակ եք ճամփորդում։ Օտար երկրում, երբ չգիտեք տեղի լեզուն, հաճախ շատ դժվար է ստացվում հաղորդակցվելը և համապատասխան դեղամիջոց գնելը։ Սովորաբար, երբ վատառողջ եք կամ գտնվում եք հիվանդանոցում, այդ ժամանակ եք միայն գնահատում Ձեր առողջությունը։ Այսպիսով, հոգ տարե՛ք Ձեր մասին, որպեսզի կարողանաք վայելել Ձեր արձակուրդի ամեն մի պահը։
Ամեն ինչ կարող է պատահել ճանապարհորդության ընթացքում: Երբեմն դուք հայտնվում եք դժվար իրավիճակներում և ձեզ հարկավոր է գտնել դրանք լուծելու ուղիներ: Ահա թե ինչու դուք պետք է արագ հարմարվեք, եթե չեք ցանկանում հրաժարվել ամբողջ աշխարհով մեկ ճանապարհորդելու ձեր երազանքներից: Ավելին, միայն այս դեպքերում է, որ կհասկանաք, որ նախկինում մեծ թվացող խնդիրները այժմ մանրուքներ են։
Հավանաբար ամենամեծ դասերից մեկը, որ կսովորեք ճամփորդելիս այն է, որ դուք շատ ավելի ուժեղ եք, քան պատկերացնում եք։ Օտար երկրում կամ քաղաքում միայնակ ճամփորդելը Ձեզ հնարավորություն կտա հասկանալ, թե ինչքան բան դուք կարող եք անել միայնակ, առանց Ձեր ընտանիքի կամ ընկերների օգնության, քանի որ դուք ավելի բաց եք նոր մարտահրավերների այն դեպքում, երբ միայնակ եք։ Այսպիսով, ճամփորդությունը կարող է դառնալ Ձեր կյանքի ամենատպավորիչ փորձառություններից մեկը։
Եթե Ձեր ժամանակի մեծ մասը անցկացնում եք սովորելու կամ աշխատելու վրա, դա դեռ չի նշանակում որ դուք գտնվում եք Ձեր հարմարության գոտում։ Ընդհակառակը, դա դառնում է Ձեր ամեն օրվա մի մասը։ Իսկ ճամփորդությունը ունի հակառակ էֆեկտ։ Այս դեպքում դուք պարտադիր պետք է դուրս գաք Ձեր հարմարության գոտուց, քանի որ գտնվում եք մեկ այլ երկրում, որտեղ ամեն ինչ այլ է։ Դուք թողնում եք Ձեր ընտանիքին, ընկերներին, և նույնիսկ հայերենը։ Չի կարող լինել ավելի լավ հնարավորություն ընդլայնելու մտահորիզոնը և հետ վերադառնալ նոր տպավորություններով, բազում պատմություններով և հիշողություններով, քան ճամփորդությունն է։
Մենք բոլորս կարդացել կամ լսել ենք տարբեր մշակույթների մասին դեռևս վաղ դպրոցական տարիներից, բայց հավատացեք զգալ իրական մշակույթը բոլորովին ուրիշ է։ Թանգարաններ այցելելուց, տեսարժան վայրերով հիանալուց մինչև տեղական ռեստորանում ճաշելը, դուք ինքներդ ձեզ ենթարկում եք մարդկանց և ապրելակերպի, որոնք սովորաբար բոլորովին տարբերվում են այն ամենից, ինչին սովոր էիք ամբողջ կյանքում:
Ճանապարհորդելիս հեշտ է ստեղծել ընկերների մեծ շրջանակ: Հատկապես, եթե միայնակ եք ճանապարհորդում, նոր ընկերներ ձեռք բերելը լավագույն բանը կլինի, որ կանեք: Լավ նորությունն այն է, որ ճանապարհորդ ընկերներ գտնելը այնքան էլ դժվար չէ, ինչպես դուք կարող եք մտածել: Երբ հանդիպում եք ճանապարհորդների, նրանք սովորաբար ուրախ են լսել ձեր պատմությունը և կիսվել նաև իրենցով: Երկուսդ էլ ունեք այդ փոխադարձ սերը ճանապարհորդության նկատմամբ, ինչը միայն ամրապնդում է կապը: Եթե միայնակ եք ճանապարհորդում, երբեք Ձեզ միայնակ չեք զգա այնտեղ գտնվող բոլոր ճանապարհորդների հետ: Այնուամենայնիվ, երբեմն դուք պետք է լքեք ձեր հարմարավետության գոտին և սկսեք խոսակցությունը, եթե նրանք առաջինը Ձեզ հետ չեն խոսում:
Երբ դուք հրաժեշտ եք տալիս ձեր ընկերներին և ընտանիքին և մուտք եք գործում նոր տարածք, իհարկե կլինեն միայնակ պահեր: Մենք չենք պատրաստվում Ձեզ ստել: Հատկապես, միայնակ կզգաք, երբ կցանկանաք կիսվել ձեր փորձով, պատմել արձակուրդի մասին, բայց ձեր կողքին ոչ ոք չկա: Մյուս կողմից, միայնակ ճանապարհորդելը իհարկե ունի իր առավելությունները: Դուք չեք կենտրոնանա արտաքին կարծիքների վրա և ստիպված չեք լինի զբաղվել շահերի բախումներով։ Սա մի ժամանակաշրջան է, երբ կարող ես անել այն, ինչ ուզում ես, անել այն ամենը, ինչը երբեք չէիր մտածի, որ կանես: Ակումբներ կամ սրճարաններ գնալը, ռեստորաններում ճաշելը և միայնակ քաղաքով զբոսնելը շուտով հարազատ կդառնա ու ոչ մի դեպքում այլևս սարսափելի չի թվա:
Ինչպես նշեցինք վերևում, միայնակ ճանապարհորդությունն ունի իր առավելություններն ու առանձնահատկությունները: Հատկապես, դուք հաճախ կհայտնվեք այնպիսի իրավիճակներում, երբ հաղորդակցվում եք Ձեր ճանապարհի ամեն քայլափոխին՝ ավտոբուսներում, գնացքներում, ինքնաթիռներում և այլն: Դուք կարող եք դասեր քաղել ձեր հանդիպած յուրաքանչյուր նոր մարդուց: Այնուամենայնիվ, չենք կարող չնշել, որ ճանապարհորդության ընթացքում տարբեր մարդկանցով շրջապատվելով ՝ դուք կսովորեք հարգել ձեր կյանքի առանձնահատուկ լինելը, համբերատար լինել, կիսել ձեր ուրախությունն ու տխրությունը:
Վախը մեզ հաճախ կանգնեցնում է: Քանի՞ բան եք բաց թողել միայն այն պատճառով, որ վախեցել եք: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մենք անտեսում ենք ամբողջ ոգևորությունը և կենտրոնանում բոլոր վատ բաների վրա, որոնք հնարավոր է տեղի ունենան: Բայց երբեմն, դուք պետք է անեք այն բաները, որոնք ձեզ ամենից շատ վախեցնում են: Ճանապարհորդության վերջում դուք կգտնեք ինքներդ ձեզ մեկ քայլ առաջ և կբացահայտեք ամենազարմանալի երևույթները: Այսպիսով, խոստացեք ինքներդ ձեզ քայլել առաջ, փորձել նոր բաներ, անել այն, ինչ ձեզ վախեցնում է, քանի որ այդպես դուք ձեռք եք բերում ազատություն։
Ճանապարհորդելիս բնական է դառնում ձեր շուրջը եղած ամեն ինչով հիանալը, քանի որ այն, ինչ տեսնում եք, և՜ նոր է, և՜ տարբեր: Այդ ժամանակ դուք նոր վայրում եք գտնվում, առաջին անգամ եք տեսնում իրերը, և, հետևաբար, ամեն ինչ տարբեր է, քան ձեր ամենօրյա իրականությունը: Տեսարժան վայրերը, մարդիկ, ուտելիքը՝ `ամեն ինչ գրավիչ է: Բայց այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ նույն հիացմունքը կարողանաք կիրառել ձեր առօրյա իրականության մեջ՝ անկախ իրավիճակից:
Ճամփորդությունները պետք է դառնան Ձեր կյանքի անբաժանելի մասը: Բացի դժվարություններից, դա կարող է դառնալ Ձեր անձնական աճի գրավականը: Ճամփորդելը ստիպում է բացահայտել մեզ տարբեր տեսանկյուններից, մտածել սահմաններից դուրս, անել այն, ինչ մեզ ամենից շատ է վախեցնում, ստեղծել ամուր ընկերություն, բացահայտել աշխարհի գողտրիկ ու զարմանահրաշ վայրերը և շատ ավելին: Մենք կարող ենք անվերջ խոսել դրա առավելությունների մասին, սակայն միշտ հիշեք, որ ճանապարհորդելը մեր կյանքի լավագույն ուսուցիչներից մեկն է: Այսպիսով, հաջորդ անգամ, երբ կցանկանաք ճանապարհորդել, փորձեք այն դարձնել անմոռանալի և դասեր քաղեք յուրաքանչյուր իրավիճակից, որին կհանդիպեք:
Այս մոլորակում դեռ շա՜տ տեղեր կան բացահայտելու և հիանալու․ ուրեմն առա՜ջ դեպի նոր արկածներ։