Տարին աստիճանաբար մոտենում է իր ավարտին, իսկ դա նշանակում է, որ ժամանակն է պլանավորել մեր ամանորյա հանգիստը։ Տարբերակները շատ են, բայց մենք կանգ առանք Ամանորը հենց Հայաստանում դիմավորելու տարբերակի վրա։ Այդպիսի որոշումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, ինչպիսիք են եղանակը Հայաստանում ձմռան ամիսներին, հանգիստը անցկացնելու յուրօրինակ տարբերակները, տուր օպերատորների կողմից կազմակերպվող էքսկուրսիոն ծրագրերը և իհարկե անկրկնելի հայկական խոհանոցը։ Սակայն, մինչ կխոսենք այն 5 պատճառների մասին, թե ինչու Ամանորը անցկացնել Հայաստանում, նախ եկեք ծանոթանանք Ամանորի պատմության ու ավանդության հետ։
Հայերը Ամանորը նշում են անհիշելի ժամանակներից սկսած։ Ամանորն անվանել են նաև այլ անուններով. Նավասարդ, Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, Լոլե, Նոր տարի։ Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել է։ Խոր անցյալում Ամանորը տոնել են գարնան զարթոնքին Արեգ ամսին մարտի 21-ի գիշերահավասարի օրը։ Դա պատահական ընտրություն չէր. հայը նոր տարվա հաջողությունն ու բերքառատ լինելը կապել է գարնան զարթոնքի հետ, հնագույն ժամանակներից արեգակնատենչիկ կոչվող հայերն Ամանորը նշել են հենց Արեգ ամսի Արեգ օրը։ Ամենևին էլ զարմանալի չէ, որ հայկական տոմարով բոլոր ամիսների առաջին օրը կոչվում էր Արեգ։
Տոմարական փոփոխությունների հետևանքով հայոց Նոր տարին տեղափոխվել է Նավասարդի 1-ը, այսինքն օգոստոսի 11-ը։
Որպես նոր տարի Նավասարդը շարունակվեց նշվել, բայց արդեն նոյեմբեր ամսին, այգեկութից հետո, մասնավորապես մինչև 20-րդ դարի սկիզբը նոյեմբերի 10-ին հաջորդող կիրակի օրը այն նշվում էր Արցախում, Տավուշում, Սյունիքում և այլուր։ Հաջորդ օրը տոնական խնջույքների, խմբապարերի և երիտասարդական խաղերի, ձիարշավների օրն էր։ Այդ օրն առավոտից սկսած միջոցներ էին ձեռք առնում տարվա առատությունն ու հաջողությունը ապահովելու նպատակով։ Ուշադիր հետևում էին, որ սեղանը միշտ առատ լիներ, կժերի ջուրը լրիվ չվերջանար, վստահ, որ լիքը սեղանն ու լիքը ամանները առատ ու բարեբախտ տարի կապահովեն։ Վաղ առավոտյան հոգ էին տանում նաև անասունների ու հանդերի մասին, առատ կեր տալիս անասուններին, ցորեն ու գարի շաղ տալիս դաշտերում։ Նույն ակնկալությամբ տուն մտած հյուրին դատարկ ձեռքով բաց չէին թողնում, քաղցրավենիք էին լցնում գրպանները, որևէ իր (գուլպա, գլխաշոր, թաշկինակ) նվիրում մտերիմներին։
Նոր տարվա գալուստը ուղեկցվում էր «նորոգելու» գործողություններով նոր հագուստ, նոր թխած հաց, նոր բերված ջուր, նորոգված կրակարան և այլն։ Նոր տարվա սկիզբը համարվում էր դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի կեսգիշերը և այդ ակնթարթին վերագրվում էր երկնային մեծ զորություն։ Կեսգիշերին սկսվում էին ընտանիքի անդամների փոխադարձ շնորհավորանքները։
Դեպի Հայաստան Ամանորյա տուրերը հրաշալի առիթ են տարվա գլխավոր իրադարձությունը նշելու, հայկական խոհանոցը համտեսելու, ավանդույթների և պատմության հետ ծանոթանալու համար։
Մայրաքաղաք Երևանում նախատոնական պատրաստությունները սկսվում են Դեկտեմբեր ամսվա սկզբին։ Գեղեցիկ լույսերով ու դեկորացաներով է զարդարվում ամբողջ քաղաքը ինչը էլ ավելի հեքիաթային է դարձնում միջավայրը և իր հերթին բարձրացնում նախատոնական տրամադրությունը։
Բացի այդ, ամբողջ դեկտեմբեր-հունվար ամիսների ընթացքում կազմակերպվում են բազմաթիվ տոնական միջոցառումներ և իհարկե զարդարվում է Երևանի հրապարակում գտնվող տոնածառը։ Սակայն հարկ է նաև նշել, որ այս ամիսներին քաղաքում զբոսնելիս շատ հաճախ կհանդիպեք տարբեր դիզայնով և հետաքրքիր լուծումներով տոնածառների, ինչն էլ հանդիսանում է Հայաստանի ամանորյա ավանդույթներից մեկը։
Երևանում ամանորյա գիշերը կարելի է անցկացնել մի քանի եղանակով՝
1․ Հրապարակում՝ հաճելի միջավայրում, ուրախ մթնոլորտում Ձեր ամենամտերիմ մարդկանց հետ
2․ Որևիցե ռեստորանում, պանդոկում՝ տոնական երգ ու պարով
3․ Տանը՝ ընտանիքի կամ ընկերների հետ՝ համեղ խոհանոց ու ջերմ մթնոլորտ
Հայաստանը հյուրընկալ երկիր է, և այստեղ միշտ մեծ սիրով են դիմավորում հյուրերին, ում անպայման պետք է հյուրասիրել հայկական խոհանոցի ամենասիրված տնական ուտեստները։ Սովորաբար ամանորին կարելի է համտեսել հայկական խոհանոցի ավանդական ուտեստները, որոնցից առանձնանում է հայկական տոլման։ Տարածված ուտեստներից են նաև հատուկ հայկական բաղադրատոմսով մշակված ու պատրաստված խոզաբուդը, տարատեսակ աղցանները, հայկական ծագման անկրկնելի համ ունեցող ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներն ու ըմպելիքները, այդ թվում՝ գինին, կոնյակը, շամպայնը: Չմոռանանք նշել նաև հայ կնոջ արհեստավարժ ձեռքով պատրաստված հայկական արևահամ չրեղենի ու խմորեղենների բազմազան տեսականու մասին, որոնք մշտապես զարմացնում են բոլորին իրենց յուրօրինակ նրբահամությամբ:
Ընդհանրապես Հայաստանում տոլման ամենատարածված և ամենահայտնի ուտեստներից մեկն է, ինչի պատվին կազմակերպվում է ամենամյա խոհարարական միջոցառում՝ «Տոլմայի փառատոն»։ Սովորաբար այն մատուցում են մածունով և ճզմած սխտորով։ Որպես համեմունք՝ տոլմայի մեջ հազվադեպ օգտագործում են նաև ընկույզով, սնկով և բալի սոուս։ Տոլմայի պատրաստման համար կիրառվում է մսի 3 տեսակ՝ խոզի միս, տավարի միս և ոչխարի միս։ Ինչպես նաև օգտագործվում են բարկահամ խոտաբույսեր՝ ռեհան, խնկածաղիկ, թարխուն։ Տոլմայի պատրաստման համար անհրաժեշտ տերևները (թփերը) պետք է լինեն ամենանուրբը և ամենաթարմը։ Կիրառվում են թե՛ խաղողի, թե՛ կաղամբի թփեր։
Ինչպես նաև գոյություն ունի տոլմայի մի տեսակ, որը հայերն անվանում են «պասուց տոլմա», որն իրենից ներկայացնում է պահքի համար նախատեսված տոլմա, որի միջուկն են կազմում ոսպը, կարմիր լոբին, սիսեռը, ցորենի հատիկավորները, տապակած սոխը, տոմատի մածուկը։
Հայկական խոհանոցի մասին անվերջ կարելի է խոսել, քանի որ այն հարուստ է բազմաթիվ համեղ ու յուրօրինակ ուտեստներով։ Ուստի կարող ենք համոզվել, որ Ամանորը հիանալի հնարավորություն է նոր տարին համեղ ուտեստներով և ջերմ մթնոլորտում դիմավորելու համար։
Ամանորը կարելի է դիմավորել ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ Երևանից դուրս, օրինակ՝ Ջերմուկում, Ծաղկաձորում, Դիլիջանում, և շատ այլ հրաշալի վայրերում։ Սպորտի կամ ակտիվ հանգստի սիրահարները հատկապես կգնահատեն Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստավայրերը։ Թեղենիս լեռան լանջերին Ձեզ սպասում են միջազգային դասի, դժվարության տարբեր մակարդակներ ունեցող լեռնադահուկային և սնոուբորդինգի ուղիներ: Բոլոր անհրաժեշտ պարագաները կարող եք վարձակալել հենց տեղում, իսկ սկսնակները, ցանկության դեպքում, կարող են օգտվել փորձառու մարզիչների ծառայությունից:
Ծաղկաձորում շատ են տարբեր տեսակի ժամանցի տարբերակները, ուստի այն կդառնա ակտիվ հանգիստը նախընտրողների սիրելի վայրը նոր տարին և հանգիստը անցկացնելու համար։
Միևնույն ժամանակ, Դիլիջանի կամ Ջերմուկի գեղատեսիլ բնության գրկում գտնվելը արդեն իսկ բավարար է Ամանորը ստացված համարելու համար։ Դիլիջանը բարձրադիր առողջարանային քաղաք է, որը շրջապատված է խիտ բնական անտառներով: Աշխարհագրական դիրքի առանձնահատկությունների և մաքուր օդի շնորհիվ այցելությունը Դիլիջան ունի արդյունավետ բուժիչ ազդեցություն: Տարածքը հարուստ է պատմական ու մշակութային տեսարժան վայրերով․ Այսպիսով, հունվարին Դուք հնարավորություն կունենաք այցելել հիմնական տեսարժան վայրերը կամ զբոսնել Դիլիջանի ազգային պարկում:
Ձմռանը՝ սկսած հունվար ամսից, Ջերմուկում գործում են դահուկային և սնոուբորդինգի երկու տարբեր ուղիներ, ինչպես նաև՝ ճոպանուղի:
Սակայն, կարևոր է հիշել, որ Ամանորը շատերն են դիմավորում տուրիստական այս թրենդային ուղղություններում, ուստի հյուրանոցների ամրագրումը անհրաժեշտ է կատարել նախապես, հետագա խնդիրներից խուսափելու նպատակով։
Հայաստանում Ամանորին անմիջապես հաջորդում է Սուրբ Ծնունդը. Հայ Առաքելական Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին՝ սկսելով, սակայն, հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ին: Այդ ժամին բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սբ. Պատարագ: Եկեղեցում վառված ճրագներն այդ օրը մարդիկ իրենց հետ տուն են տանում: Սա խորհրդանշում է եկեղեցու օրհնությամբ օժտված աստվածային լույսը: Սուրբ ծննդյան տոնին ևս հայ ընտանիքներում առանձնահատուկ և խորհրդանշական ուտեստներ են պատրաստում՝ չրեղենով և չամիչով համեմված բրնձով փլավ, տապակած կանաչի, տնական գաթա, որոնք, իհարկե, համադրվում են Քրիստոսի արյան գույնը խորհրդանշող կարմիր գինու հետ:
Ծննդյան տոնի հանդիսությունները հայ ժողովրդի կենցաղում պտտվում էին նախ և առաջ եկեղեցու ծիսակարգի շուրջ։ Բայց և այնպես դրանց միահյուսվել էին որոշ ժողովրդական սովորություններ, որոնք տոնին մասնակիորեն հաղորդում էին ազգային բնույթ։ Այսպես, հունվարի 5-ի երեկոյան տոնահանդեսը կենտրոնանում էր Թաթախման երեկոյի ընթրիքի շուրջ, որին մասնակից ընտանիքի յուրաքանչյուր անդամի սպասքի առաջ վառվում էր նրա համար ժամերգությունից բերված մոմը։ Այդ երեկո սեղանի գլխավոր զարդը ձկնեղենի զանազան տեսակներից պատրաստված խորտիկներն էին խաշած, տապակած, ձկով կարկանդակ, խորոված ձուկ և այլն։ Ձկնատեսակներին ուղեկցում էին առատ յուղով օծված բրնձի, ձավարի, արիշտայի խառը կամ անխառը փլավները, ալյուրից պատրաստած ու դոշաբով կամ մեղրով քաղցրացրած խաշիլը, սիսեռով ու չորացրած բանջարեղենով ապուրը։
Ընթրիքի ընթացքում տուն էին մտնում Քրիստոսի ծնունդն ավետող տղաների 3-5 հոգիանոց խմբեր, տանտերերից ստանում յուղ, ձու, ընկույզ, այլ մթերքներ։ «Ավետիս» երգերը շատ բազմա զան են, երգվում են տեղական բարբառով։ Դրանցում փառաբանվում են Փրկչի առաքինությունները, հրաշագործությունները, ապա բարեմաղթություններ են ուղղվում ընտանիքին և նրա անդամներին։
Տուրիստական օպերատորները մշտապես առաջարկում են Հայաստանում Ամանորն ու Սուրբ Ծնունդը տոնելու մի շարք տարբերակներ: Հայաստանում ձմեռային հանգիստն իր մեջ ներառում է ամանորյա տոնակատարություններ, այցեր Հայաստանի հայտնի տեսարժան վայրեր, տոնական միջոցառումների մասնակցություն և այլն: Այս ժամանակհատվածում, քանի որ Ամանորյա տոների կապակցությամբ հյուրերի թիվը կարելի է ասել կրկնապատկվում է, շատ տուրիստական գործակալություններ զարգացնում և առաջարկում են հատուկ էքսկուրսիոն ծրագրեր՝ հագեցած մի շարք տեսարժան վայրերի այցելությամբ և տոնախմբությամբ։
Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Կիևից, Թբիլիսիից և ԱՊՀ այլ քաղաքներից զբոսաշրջիկների համար Հայաստանում առկա են ձմեռային անմոռանալի հանգիստն ու Ամանորն ու Սուրբ Ծնունդը նշելու բոլոր անհրաժեշտ պայմանները: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր ճանապարհորդություն ուսուցանող փորձառություն է և հնարավորություն է տալիս նորովի ճանաչել ինքներս մեզ։ Այսպիսով, շտապի՜ր ամրագրել քո տեղը տարվա ամենասպասված իրադարձությունը նշելու համար, քանի որ տեղերը սահմանափակ են, իսկ մենք խոստանում ենք այն դարձնել անմոռանալի։