Ներկայումս «Զանան» մշակույթի տունը գտնվում է Գյումրու կենտրոնական Կումայրի-արգելոց թանգարանի տարածքում` Վարպետաց փողոցի վրա՝ գրող Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի նկուղային հարկում։ Շենքը կառուցվել է 1868թ․-ին Ալեքսանդրապոլցի Քեշիշյան ազգանունով մեծահարուստ առևտրականի կողմից։ «Զանանը» տեղակայված է այս շինության նկուղային երեք սրահից կազմված տարածքում, որը թանգարանից առանձին մուտք ունի:
«Զանանի» ներկայիս հավաքածուում կան ավելի քան 15 տարբեր շրջանի տարազներ և տարազային դեկորացիաներով կարված զգեստներ, ինչպես նաև զարդեր։ Դրանք կարելիս սրահի դերձակները օգտվում են ազգագրական տարբեր գրքերից ու պատկերներից։ Հավաքածուն ներառում է Հայաստանի պատմության թանգարանի կողմից հրատարակված «Հայկական տարազ XVIII – XIX դդ.» ալբոմ-կատալոգի Հայաստանի պատմա-ազգագրական գրեթե բոլոր տարածաշրջաններից ներկայացված տարազների օրինակներ։ Հնարավոր է նաև արտագնա ֆոտոսեսիաների կազմակերպում՝ քաղաքի այլ պատմամշակութային վայրերում և քաղաքից դուրս՝ գյուղական միջավայրում:
«Զանան» մշակույթի տունը առաջարկում է կտրվել առօրյայից՝ հանգստացնել նյարդերը, կենտրոնացնել ուղեղը զբաղվելով ստեղծագործական աշխատանքով: Մեր զբոսաշրջային փորձառության մյուսբաղադրիչը կտորի վրա հայկական թռչնագրերի ուրվագծերով հյուրերի անվանատառերի գունավորումն է: Արհեստական կամ բնական մետաքսե կտորների վրա հայկական մանրանկարչությանը բնորոշ մոտիվներով նախապես ուրվագծված տառերից հյուրերը հնարավորություն կունենան ընտրել իրենց ցանկալի տառը կամ զարդանախշը, որը կտանեն իրենց հետ որպես հուշանվեր:
Զանան մշակույթի տունը առաջարկում է չկրկնվող, ավանդական տաք և համեղ թեյ՝ հայկական դաշտավայրերից հավաքված խոտաբույսերով, ինչպես նաև սուրճ, որը կվայելեք Գյումրվա անուշ բարբառով հնչեցրած անեկդոտ – պատմություններով: