Տաթևի ճոպանուղի: 2010 թ.-ի հոկտեմբերի 16-ին Տաթեւի վանքի զանգերը բարձր էին ղողանջում` ազդարարելով Տաթեւի միջնադարյան վանական համալիրը վերականգնելու ծրագրի մեկնարկն ու "Տաթեւի թեւեր" կոչվող ճոպանուղու բացումը: Աշխարհի ամենաերկար ճոպանուղին (5.7 կմ) կառուցվել է 11 ամիսների ընթացքում: Այն անցնում է Որոտան գետի կիրճի եւ փարթամ անտառներով ծածկված բլուրների միջով: Ճոպանուղին հիմնված է երկու տերմինալների միջեւ տեղակայված երեք աշտարակների վրա: Տերմինալներից մեկը գտնվում է Հալիձոր գյուղին նայող բլրի վրա, իսկ մյուսը` Տաթեւի վանքի մոտ` դեպի համանուն գյուղը տանող ճանապարհին: Միաժամանակ երկու խցիկներ են գործում` շարժվելով հակառակ ուղղություններով: Ճոպանուղին ընդամենը 6 մալուխ ունի (3-ական յուրաքանչյուր խցիկի համար), ինչը համապատասխանում է նախագծի տեխնիկական մասնագրերին (կամ առանձնահատկություններին): Կպահանջվի մոտ 11 րոպե, որպեսզի ճոպանուղին միաժամանակ 25 ուղեւոր տեղափոխի Հալիձոր գյուղից դեպի հոյակերտ Տաթեւի վանքը: