Dine Sky՝ ռեստորան երկնքում. Երեւանում բացվեց առաջին ճախրող ռեստորանը:
Ճախրող ռեստորանը կամ Dine Sky-ը (Ընթրիք երկնքում) նման է մետաղական տաղավարի, որը վերև է բարձրացնում ամբարձիչ կռունկը: Այն ունի 8 մ երկարություն և 3 մետր լայնություն, կազմված է երկու հատվածից՝ հատակամածից, որին ամրացված են սեղաններն ու աթոռները, և տանիքից:
Հատակամածը պատրաստված է հատուկ ամրակայուն պողպատից և իրենից ներկայացնում է իրար մեջ մխրճված և եռակցված հանգույցների ցանց: Այս կառուցվածքի բոլոր էլեմենտները, սկսած հեղույսներից մինչև ճոպաններ գերմանական են, անցել են որակի ստուգում և ունեն համապատասխան սերտիֆիկատներ: Ճախրող ռեստորանում ուղղանկյունաձև միակցված ընդհանուր սեղանի շուրջ տեղադրված են լինելու 22 աթոռներ:
Աթոռները պատրաստված են կարբոն-ֆիբրայից: Աթոռները ձևով ու հարմարությամբ շատ նման են սպորտային մեքենաների նստարաններին: Յուրաքանչյուր նստարանը առանձին ճոպանով ամրացված է հիմնական հանգույցին և ունի անվտանգության երեք գոտիներ: 22 այցելուների հետ երկինք են բարձրանում նաև խոհարարն ու մատուցողները:
Միակցված սեղանների արանքում ազատ տարածք կա, որտեղ էլ աշխատում են մատուցողներն ու խոհարարը: Ռեստորանը պտտվում է 360 աստիճանով և բոլոր հյուրերը հավասարապես կկարողանան հիանալ թե՛ Երևանի կենտրոնի, թե՛ Արարատյան դաշտավայրի ու Արարատի տեսարաններով: Ի դեպ, 180 աստիճանով պտտվում են նաև աթոռները, նաև կարելի է թիկնակը հետ գցել և պառկել: