Թանգարանները մշակութային ժառանգության ուսումնասիրման, պահպանման և տարածման հիմնական կառույցներն են։ Թանգարանները հանդիսանում են յուրօրինակ եղանակ մշակույթին, արվեստին, գիտությանը և ընդհանրապես տվյալ երկրի պատմությանը ծանոթանալու համար։ Հենց այդ պատճառով էլ Ձեզ ենք ներկայացնում մայրաքաղաք Երևանում գործող թանգարանները, որոնք անչափ հետաքրքիր են, տեղեկատվական և իհարկե մեր պատմության առաձնահատուկ մասն են կազմում։
Երևանի թանգարանները պարտադիր այցելության վայրեր են նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու մշակույթին:
Թանգարանների շարքը չէինք կարող չսկսել Հայաստանի պատմության թանգարանով, որը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում՝ Հանրապետության Հրապարակում։ Հայաստանի պատմության թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի օրենքով։ Սկզբում կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան։ Առաջին տնօրենը եղել է Երվանդ Լալայանը։ Այցելուների համար թանգարանը բացվեց 1921 թվականի օգոստոսի 20-ին։
Պատմության թանգարանը ժամանակի ընթացքում կրել է անվանափոխություններ.
Թանգարանում պահպանվում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու հետևյալ բաժիններով. հնագիտություն, ազգագրություն, դրամագիտություն, վավերագրեր։ Թանգարանի հավաքածուները համալրվում են հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով։ Թանգարանը ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը։ Ցուցադրում է Հայկական լեռնաշխարհում Հին Արևելքի երկրների (Եգիպտոս, Միտանի, Խեթական թագավորություն, Ասորեստան, Իրան, Սելևկյան պետություն, Հռոմ, Բյուզանդիա) մշակութային փոխառնչությունների հազվագյուտ հետքերը։
Թանգարանում կարող եք գտնել՝
Հայաստանի ազգային պատկերասրահը, որը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանի բարձր հարկերում, երկրի ամենախոշոր գեղարվեստական թանգարանն է և պարտադիր այցելության վայր է արվեստը գնահատողների համար։ Հայկական կերպարվեստի հավաքածուով այն աշխարհի ամենամեծ թանգարանն է։ Պատկերասրահի 56 ցուցասրահներում ներկայացված հավաքածուն ընդհանուր պատկերացում է տալիս ազգային կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի պատմության մասին, ինչպես նաև ներկայացնում է արտասահմանյան երկրների արվեստը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Պատկերասրահում ցուցադրվում են այնպիսի աշխարհահռչակ արվեստագետներ, ինչպիսիք են Տինտորետտոն, Դոնատելլոն, Օգյուստ Ռոդենը, Պիտեր Պաուլ Ռուբենսը, Գուստավ Կուրբեն, Վասիլի Կանդինսկին, Մարկ Շագալը, հայ նկարիչներից Հովհաննես Այվազովսկին, Մինաս Ավետիսյանը, Մարտիրոս Սարյանը, Հարություն Կալենցը, Էդուարդ Իսաբեկյանը և այլք։
Թանգարանի շենքում գործում էին նաև հանրային գրադարանը և համերգասրահը։ Բացի այդ, այստեղ ապաստան էին գտել Արևմտյան Հայաստանից գաղթած որբ երեխաները, և դա էր պատճառը, որ առաջին չորս տարիներին թանգարանը չուներ ցուցադրատարածքներ։ Հայկական արվեստը ներկայացնում է 6-20-րդ դարերի հայկական գեղանկարի զարգացումը, նրա ոճական ողջ բազմազանությունը, ինչպես նաև առանձին վարպետների գործեր։
Թանգարանի էքսպոզիցիան լուսաբանում է թե´ արտասահմանում բնակվող, թե´ հայրենիք վերադարձած հայ վարպետների տարբեր սերունդների արվեստը, բացահայտելով նրանց համար ընդհանուր գծեր։ Նրանում կարևոր տեղ են զբաղեցնում աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու (1817-1900) գործերը։ Պատկերասրահում է պահվում Թեոդոսիայի թանգարանից հետո նրա աշխատանքների ամենապատկառելի հավաքածուն` 62 նկար, որոնց թվում են նաև Այվազովսկու հայկական թեմաներով կոմպոզիցիաները («Բայրոնը Սուրբ Ղազար կղզում», «Նոյն իջնում է Արարատից»)։ Դրանցում նրա նախասիրած ծովային տեսարանները ներդաշնակվում են հայկական մոտիվների հետ, ինչն ավելի հասկանալի է դարձնում Այվազովսկու հոգատարությունը կոտորածներ վերապրած հայրենակիցների հանդեպ, շատ հայ նկարիչների ստեղծագործական կայացման հանդեպ նրա հետաքրքրությունը։
Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոնն է Երևանում։ Այն ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկն է։ Մատենադարանն ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Ամեն տարի Մատենադարանն ունենում է շուրջ 50000 այցելու։
Մատենադարանը նաև հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։
Հարկ է նաև նշել, որ Մատենադարանը գրանցված է 1997 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։ Այն այժմ համարվում է «ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը»։
Մատենադարանի շենքը կառուցված է նեոհայկական ոճով։ Գլխավոր ճակատի խորշերի մեջ «Անանիա Շիրակացի», «Մովսես Խորենացի», «Թորոս Ռոսլին», «Գրիգոր Տաթևացի», «Մխիթար Գոշ», «Ֆրիկ»-ի արձաններն են, իսկ ներքևի փոքրիկ հրապարակում՝ «Մեսրոպ Մաշտոց և Կորյուն» արձանախումբը։ Իսկ ահա մուտքի մոտ գրված է ըստ ավանդության հայերեն թարգմանված առաջին նախադասությունը։
|
Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ: - (Առակներ 1:2) |
|
Բակի աջ և ձախ կողմերի կամարակապ սրահներում ցուցադրված են հայկական ճարտարապետության հուշարձանների մանրամասեր, խաչքարեր։ Նախասրահում «Ավարայրի ճակատամարտը» խճանկարն է (1956-60), գլխավոր սանդղատան պատերին՝ «Հայոց պատմություն» եռամաս որմնանկարը (1956-59)։ Հիմնական աստիճանների մոտ գտնվում են նույն հեղինակի այլ որմնանկարներ, որոնք պատկերում են ուրարտական ժամանակաշրջանը, այբուբենի ստեղծումը և Մաշտոցի հիմնականում հելլենական նախորդներին։
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց - թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի։ Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա։ Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով։ Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում։
Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը։
Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է Ուրարտուի պատմությունը, զարգացած տնտեսությունը, ճարտարապետությունն ու կերպարվեստը, ոռոգման և ամրաշինական համակարգերը, շինարարական տեխնիկան, որմնանկարչությունը, խեցեգործությունը և այլ բնագավառներում պետության առաջընթացի մասին վկայող նյութեղեն ապացույցներ։ Ավելին, այստեղ ներկայացված են Էրեբունիի պեղումներից հայտնաբերված 23 սեպագիր արձանագրություններից 7-ը՝ ներառյալ Երևան քաղաքի ծննդյան վկայագիր համարվող սեպագիր քարը։
Թանգարանի բացառիկ ցուցանմուշներ բազմիցս ժամանակավորապես արտահանվել և ցուցադրվել են ԱՄՆ, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության հեղինակավոր թանգարաններում և ցուցասրահներում։
Երևանի գլխավոր թանգարաններից է Հայոց ցեղասպանության թանգարանը, որի առաքելությունն է վառ պահել 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ դարձած 1,5 միլիոն հայերի հիշատակը: Ողջ հուշահամալիրը (Ծիծեռնակաբերդը) դարձել է ուխտատեղի և հանդիսանում է քաղաքի ճարտարապետության անբաժան մասը: Ի դեպ, թանգարանի շինության հարթ կտուրից բացվում է տեսարան դեպի Արարատ լեռն ու Երևան քաղաքը:
Թանգարանը բացվել է 1995 թվականի ապրիլին։ Այն կառուցվել է Մեծ Եղեռնի հուշարձանի հարթակի հարավարևմտյան անկյունում՝ ստորգետնյա լուծմամբ, որով ամբողջացել է Մեծ Եղեռնի հուշահամալիրը։ Թանգարանի խնդիրն է հավաքել, մշակել, հրատարակել, պահպանել և ցուցադրել Թուրքիայի կառավարող շրջանների կողմից նախապատրաստված և 1915-1923 թվականներին իրականացված հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ, գրականություն և այլն։
Գաֆէսճեան արվեստի կենտրոն (ԳԱԿ), ժամանակակից արվեստի կենտրոնն է Հայաստանի մայրաքաղաք Երևանի Կենտրոն թաղամասում գտնվող Կասկադ համալիրում։ Բացվել է 2009 թվականի նոյեմբերի 9-ին։ Այս արվեստի կենտրոնը հիմնադրվել է ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆէսճեանի կողմից և ներկայացնում է Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հավաքածուն։ Հավաքածուում ներկայացված են այնպիսի անվանի արվեստագետներ, ինչպես Դեյլ Չիհուլիի, Ֆեռնանդո Բոտերոյի, Ջենիֆեր Բարթլեթի, Դեյբիդ Բրոյեր-Վեյլի, Ջի Յոնգ Հոյի, Բարրի Ֆլանագանի, Ժաումե Պլենզայի, Ֆրանսուա Քսավիե Լալանի, Ջոանա Վասկոնսելոսի, Պիտեր Վոյտուկի և բազմաթիվ այլ անվանի արվեստագետների հանրահայտ ստեղծագործությունները։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Ջերարդ Գաֆէսճեանի ամենախոշոր բարեգործական նախաձեռնություններից մեկն է։ Վերականգնելով Երևան քաղաքում գտնվող Կասկադ համալիրը՝ Գաֆէսճեանն այն դարձրեց ժամանակակից արվեստի կենտրոն, որը ներկայացնում է ցուցադրություններ և բազմազան կրթական, մշակութային և համերգային ծրագրեր և միջոցառումներ բոլոր տարիքային խմբերի համար։
Գաֆէսճեան քանդակների պարտեզն ընդգրկում է նաև Կասկադի դիմաց գտնվող պուրակի տարածքը, որտեղ ներկայացված է աշխարհի մոնումենտալ քանդակների լավագույն հավաքածուներից մեկը։ Պարտեզի հատուկ նախագծված ընդարձակ ծառուղիները, ծաղկային ձևավորումները ստեղծում են ժամանակակից միջավայր մեծածավալ քանդակների տեղակայման համար։ Այստեղ կարելի է տեսնել հեղինակավոր արվեստագետներ Ֆեռնանդո Բոտերոյի, Ժաումե Պլենզայի և Բարրի Ֆլանագանի ստեղծագործությունները։
Նրանք, ովքեր սիրում են յուրահատուկ մշակութային տարրեր, պետք է անպայման այցելեն նաև Մեգերյան Կարպետ գործարանի տարածքում գտնվող թանգարան, որտեղ կարող են ծանոթանալ հարյուրավոր հնագույն և նոր ձեռագործ գորգերի եզակի նմուշներին, ինչպես նաև կարպետագործության գործընթացին: Էքսկուրսիայի ընթացքում այցելուները կարող են հնարավորություն ստանալ` տեսնելու, թե ինչպես են գորգագործները աշխատում նմուշների վրա և իմանալ այս արհեստի պատմությունը: Բացի այդ` թանգարանի տարածքում կա փոքր, յուրահատուկ ռեստորան, որտեղ կարող եք համտեսել հայկական խոհանոցի ինքնատիպ ուտեստները։
«Մեգերյան կարպետ» ընկերությունը հիմնադրվել է 1917 թվականին Նյու Յորքում։ Ի սկզբանե այն զբաղվել է նոր և անտիկ ձեռագործ գորգերի վերանորոգման և մշակման աշխատանքներով, ինչպես նաև ձեռագործ գորգերի առք ու վաճառքով։ Մեգերյանների գերդաստանն ավելի քան չորս սերունդ զբաղվել է հին գորգերի վերականգնմամբ և նոր գորգերի արտադրությամբ։
2000 թվականին Մեգերյան ընտանիքի ջանքերով Հայաստանում թարմացվել և վերազինվել է նախկին «Հայգորգ» ընկերությանը պատկանող գործարանը: Մեգերյանները Հայաստանում ընդարձակել են գորգերի արտադրությունը` օգտագործելով դիզայնի և ոճավորման այնպիսի տեսակներ, ինչպիսիք են Վասպուրականի, Ղարաբաղի, Լոտուսի, Լոռիի և ժամանակակից այլ ոճավորումներ և լուծումներ։ Արտադրված գորգերը պահպանում են հայկական գորգերի ավանդական ոճն ու դիզայնը։
Մեգերյան գորգերից գտնվում են Անգլիայի թագուհու պալատում, Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Բուլղարիայի, Շվեդիայի և այլ պետությունների նախագահական նստավայրերում, Սուրբ Ղազար կղզու եկեղեցու խորանում։
«Մեգերյան կարպետ» ընկերությունը Երևանում ցուցասրահ ունի, որտեղ կազմակերպվում են անվճար շրջայցեր։ «Մեգերյան կարպետ» գործարանում 2014 թվականին բացվել է թանգարան, որտեղ ցուցադրվող ամենահին գորգը թվագրված է 17-րդ դարի։ Թանգարան-ցուցասրահում ներկայացված են անտիկ, հարյուր և ավելի տարեկան հայկական գորգեր։ Հին գորգերի ամենամեծ քանակը Մեգերյանները պահում են Նյու Յորքում։
Թանգարանների մասին խոսելիս անհնար է չանդրադառնալ նաև Սերգեյ Փարաջանովի թանգարանին, որը հարգանքի տուրք է հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին: Թանգարանի հավաքածուն բաղկացած է Փարաջանովի մոտ 600 աշխատանքներից` գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, որոնք չունեն իրենց համանմանը աշխարհում: Փարաջանովի ստեղծագործությունն աչքի է ընկնում բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությամբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի զանազանությունը:
Սերգեյ Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988 թվականին Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանում կազմակերպված Սերգեյ Փարաջանովի գործերի Հայրենիքում առաջին ցուցահանդեսից հետո։
Թանգարանի հավաքածուն կազմում են մոտ 1600 ցուցանմուշներ, որոնց հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն են՝ այդ թվում տարբեր պարագաներ, կոլաժներ, գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք Փարաջանովի կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին, անձնական իրերը։ Փարաջանովը խորհրդային իշխանությունների կամոք 15 տարի զրկվեց կինոարվեստից, որոնցից 1974-1978 և 1982 թվականներն անցկացրեց խիստ ռեժիմի ճամբարներում և բանտերում։ Թանգարանում ցուցադրվում են նաև չհրատարակված սցենարներ, լիբրետոներ և զանազան գեղարվեստական գործեր, որոնք Փարաջանովը ստեղծել է բանտում գտնվելու տարիներին։ Թանգարանի ցուցադրությունում ընդգրկված է շուրջ 700 ստեղծագործություն։
Հայկական արվեստը լավագույնս ներկայացնող թանգարաններից մեկն է 20-րդ դարի հայ մեծագույն նկարիչներից մեկի՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը։ Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972 թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին։ Մարտիրոս Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։
Թանգարանի` 300-ից ավելի ստեղծագործությունից կազմված մշտական ցուցադրությունը ներկայացված է թանգարանի երեք հարկերում ժամանակագրական կարգով:
2013-2016 թթ. տուն-թանգարանը ենթարկվել է հիմնանորոգման, կառուցվել է չորրորդ հարկը, ուր գործում է բազմագործառնական դահլիճ։ Այստեղ կազմակերպվում են կոնֆերանսներ, սեմինարներ, դասախոսություններ, շնորհանդեսներ, համերգներ, ցուցահանդեսներ։ Դահլիճը անվանվել է Վարպետի որդու և հարսի անունով՝ Ղազարոս և Արաքսի Սարյանների։
Նորակառույց չորրորդ հարկի առանձին սրահում գործում է "Սարյան" արվեստի ստուդիան։
Հիշեցնենք, որ Թանգարանների միջազգային օրը մայիսի 18-ին նշվող ամենամյա տոն է, որը 1978 թ-ից նշվում է աշխարհի ավելի քան 150 երկրում, այդ թվում` նաև Հայաստանում: Տոնի շրջանակում անցկացվում է «Թանգարանների գիշեր»-ը։ Հայաստանի թանգարանները միջոցառմանը միացել են 2005 թվականից. այդ օրը թանգարաններն այցելուների համար բաց են երեկոյան 18:00-ից մինչև կեսգիշեր, ինչը կարող է հիանալի առիթ հանդիսանալ այցելելու թանգարաններ, և իհարկե ճանաչելու Հայաստանի պատմությունը։