Հայաստանի նախնադարյան արվեստի ժառանգության մեջ իրենց առանձնահատուկ տեղն ունեն Ուղտասարի ժայռապատկերները: Ուղտի նման սապատավոր այս լեռան վրա նախնադարյան մարդը պատկերագրել է իր միտքն ու առօրյան: Ժայռապատկերներն ունեն խիստ բազմազան բովանդակություն ու հարուստ թեմատիկա: Այդ հնօրյա քարե կտավների վրա իրենց անդրադարձումն են գտել որսորդական, պաշտամունքային, տիեզերական պատկերացումների հետ կապված տեսարանները: Ուղտասարի ժայռապատկերներում ներկայացված են Հայաստանի բնությունն ու կենդանական աշխարհը` իրենց ողջ հարստությամբ: Զարմանալի է նախնադարյան նկարչի դրսեւորած վարպետությունը կենդանիների պատկերման մեջ: Նա կարողացել է ճշգրտորեն վերարտադրել կենդանիների մարմնի համաչափություններն ու շարժման պլաստիկան: Ապշեցուցիչ է նաեւ աշխատանքի տեխնիկան: Պատկերներն արված են ժայռերի հարթ մակերեւույթներին` 2-6 մմ խորությամբ եւ 2-21մմ լայնությամբ: Ըստ կատարման տեխնիկայի եւ ոճի` ժայռապատկերները թվագրվում են մ.թ.ա. 5-2-րդ հազարամյակներով: