Որոտնավանքը, որ հիմնադրվել է 1000 թ. Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից, գտնվում է Սյունիքի մարզում՝ Որոտան գետի կիրճի եզրին։ Առավել վաղ թվագրություն ունեցող կառույցը Սբ. Գրիգոր եկեղեցին (այժմ` ավերակ) հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը: Եկեղեցին վաղ միջնադարում եղել է կրթական կենտրոն և նշանավոր ուխտատեղի՝ օձի խայթոցը բուժելու իր զորությամբ: Որոտնավանքում է աշխատել Հովհաննես Որոտնեցին՝ միջնադարյան հայ մեծ փիլիսոփա և Տաթևի Վարդապետարանի հիմնադիրը: