Բերդաքաղաք Մեծամորը գտնվում է Արարատյան դաշտավայրի կենտրոնում` Երեւանից 35 կմ հյուսիս-արեւմուտք: Մեծամորը Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է: Պեղումների ընթացքում բացվել են ժամանակագրական մի քանի շերտեր, որոնք պատկանում են ուշ քարե դարին, բրոնզե դարերին, երկաթի դարերին եւ միջնադարին: Տարածքի պեղումները հաստատել են, որ վաղ բրոնզե դարում(մ.թ.ա. 4-րդ-3-րդ հազարամյակ) Մեծամորն արդեն զարգացած քաղաքակրթության օրրան էր: Ըստ դամբարաններում հայտնաբերված կենցաղային ու պաշտամունքային պարագաների` կարելի է եզրակացնել, որ ուշ բրոնզե դարում Մեծամորում արդեն կար դասակարգային բաժանում: Գտնվել են տարբեր երկրների բազմաթիվ մետաղադրամներ ու եգիպտական հիերոգլիֆներով կնիքներ, որոնք վկայում են, որ Մեծամորը դարեր շարունակ գտնվել է առեւտրային գլխավոր ճանապարհների խաչմերուկներում: Պեղումների ընթացքում հայտնաբերված գրեթե 22000 գտածոներ ցուցադրված են բնակավայրի ավերակների կողքին բացված թանգարանում: