Ախուրյան գետի բարձրադիր ափին` գեղատեսիլ սարահարթի վրա է գտնվում իշխան Վահրամ Պահլավունու կառուցած Մարմաշենի հոյակերտ եկեղեցական համալիրը: Այն մի հսկայական կոթող է, որի շինարարությունը սկսվել է 986թ. եւ ավարտվել է 1029թ: Գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճ է, որի ճակատները մշակված են եռանկյունաձեւ խորշերով, որոնք իրենց լուսաստվերային խաղերով կենդանություն են հաղորդում կառույցին: Վանքի երկրորդ եկեղեցին կառուցված է գլխավորին կից: Այժմ պահպանված արեւելյան եւ հյուսիսային պատերը ցույց են տալիս, որ այն թե հորինվածքով, թե ճարտարապետական մանրամասներով գլխավոր եկեղեցու փոքրացված կրկնօրինակումն է: Սրբատաշ կարմիր տուֆով կառուցված այս համալիրը, ընդգծվելով երկնքի կապույտ ֆոնի վրա, աննկարագրելի տպավորություն է թողնում: