Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ճանապարհին է գտնվում «Մենձ Էր» քարայրը, որն արդեն հասցրել է դառնալ Լոռու զբոսաշրջային ամենաայցելվող կենտրոններից մեկը: «Մենձ էր» քարայր-սրճարանի հեղինակը, կառուցողն ու տնօրենը Լեւոն Պարանյանն է, Սանահին-Սարահարթ թաղամասի բնակիչ:
Նախկինում բնակեցված քարանձավը, որը հետագայում ծառայել է որպես թաքստոց, այնուհետև անասնագոմ, այժմ ներկայացված է որպես թանգարան, ներկայացված է տեղացիների շրջանում հայտնի «Մենձ էր» անվամբ կացարանը՝ իրական չափերի մանեկեններով, դարբնոցով, քարանձավի ներսի փոքրիկ լճակով։
Ասում են՝ քարանձավը շատ երկար է, աջակողմյան անցում ունի, որը, ըստ պատմագրության, ժամանակին միացել է Սանահին վանական համալիրին: Քարանձավի ներսում դրված են 9-10-րդ դարերի նմուշներ, գործիքներ, ափսեներ: Մանեկենների ու տիկնիկների միջոցով պատկերված է թել մանելու, ալյուր աղալու գործընթացը, հին լոռեցու կյանքն ու կենցաղը:
Թանգարան դարձած բնական քարանձավի ամեն անկյունում մանեկենների միջոցով պատկերված են կյանքի որոշակի շրջան ու մի քանի մասնագիտություններ: Մեկ այլ անկյունում ստեղծված ու պատկերված է 200-ամյա մետալուրգիական Ալավերդու դարբնոցը, Ալավերդու կամրջի մոդելը, մետաղի մշակումը: