Երկրի մշակութային ու բնական հարստության մեջ ուրույն տեղը զբաղեցնում են քարանձավները։ Որոշակի տարածաշրջանում երբեմնի եղած հրաբխային բարձր ակտիվության արդյունքները հանդիսանում են բնության հրաշք ու դարերով զմայլում մարդկանց։
Հայաստանը նույնպես հարուստ է բազմապիսի քարանձավներով, որոնք չեն դադարում հիացնել ու զարմացնել մեզ։ Հայերը քարանձավներն օգտագործել են որպես ամրոց, պաշտամունքի վայրեր, որպես կացարան, որպես պահեստարան և որպես կենդանիների գոմ։ Շնորհիվ նվազագույն օդի հոսքի, այդ քարանձավները տաք էին ձմռանը և սառը ամռանը:
Եկեք շրջենք Հայաստանով ու բացահայտենք բնության զարմանահրաշ ստեղծագործությունները։
Սիմոնի Զաղա այսպես է կոչվում Վայոց Ձորի մարզի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերի մոտակայքում գտնվող քարանձավը, որի երկարությունը ձգվում է մոտ 200 մ։ Հետաքրքիրն այն է, որ քարանձավում կան բազմաթիվ գեղեցիկ գոյացություններ՝ բյուրեղներ, ստալակտիտներ, սյուներ, ինչպես նաև՝ ջուր։
Աղիտու քարանձավը եզակի հնագիտական հուշարձան է, որը տալիս է մեզ հարուստ տվյալներ մեր նախնիների կյանքի և գործունեության մասին: Քարանձավի ամենահին շերտը ունի 15000 տարվա պատմություն: Այստեղ գտնվել են ոչ միայն հնագույն մարդկանց հետքեր, այլև հրաբխային ժայթքումների հետքեր: Սյունիքի մարզի Աղիտու գյուղի մոտ գտնվող քարանձավներից հետազոտողներն արդեն հավաքել են տվյալներ 40 հազար տարի առաջ ապրած հնագույն մարդկանց մասին։
Մագելի քարանձավը համարվում է Հայաստանի ամենամեծ քարանձավներից մեկը։ Այն գտնվում է Վայոց Ձորի մարզի Ուփի ձորում՝ Նորավանքի ձոր տանող ճանապարհի երկրորդ կիլոմետրին։ Իր տեսակով Մագելի քարանձավը կարստային է։ Քարանձավը Մագել կամ Մագիլ անունը ստացել է 1980 թվականին, երբ որսորդ Մագելան Առաքելյանը հետևելով իր որսին գտել է քարանձավը։
Քարանձավի մուտքն այնքան փոքր է, որ այնտեղով կարող է մտնել միայն մեկ մարդ։ Քարանձավը բավականին խորն է, սակայն ներկայումս դեռև քարտեզագրված է միայն մինչև 1,7 կմ խորությունը։ Բազմաթիվ հատվածներ մնում են դեռ ամբողջությամբ չհետազոտված։ Հենց քարանձավի խորությունն է պատճառը, որ այստեղ օդի ջերմաստիճանը մշտապես կազմում է 14 °С։ Քարանձավն իր տարբեր հատվածներում նեղանում և ընդարձակվում է, որոշ մասերում, նույնիսկ, հասնելով 10-15 մետր լայնության։
Ուշագրավ է, որ Մագելի քարանձավը բնակեցված է եղել դեռևս նեոլիթի ժամանակաշրջանում։ Դա են վկայում քարանձավում գտնված արջի ոսկորների, քարե գործիքների և այլ առարկաների ուսումնասիրութունները։ Քարանձավի հեռավոր դիրքը և դժվարամատչելի մուտքը այն կարող էին դարձնել հուսալի ապաստարան հարձակումներից թաքնվելու համար։ Քարանձավում հանդիպում են կտրուկ վայրէջքներ ու փոսեր։Մագելի քարանձավում ապրում են չղջիկների ութ տեսակ, որոնցից վեցը գրանցված են Հայաստանի կարմիր գրքում։
Եթե մի օր որոշեք սեփական աչքերով տեսնել Մագելի քարանձավը, ապա անպայման դիմեք փորձառու ուղեկցորդի, քանի որ քարանձավում կան բազմաթիվ չքարտեզագրված հատվածներ ու դժվարանցանելի անցուղիներ, որոնք միայնակ անցնելը կարող է շատ վտանգավոր լինել։
Լաստիվեր քարանձավը գտնվում է Տավուշի մարզի Իջևանի շրջանի Ենոքավան գյուղից 3 կմ հեռավորության վրա։ Քարանձավները վկայում են այն մասին, որ տարածքը բնակեցված է եղել վաղնջական ժամանակներից։ 13-14 դարերում մոնղոլական արշավանքներից տարածքի բնակչությունը պատսպարվել է հենց այս քարանձավներում։ Այստեղ նաև ճգնավորներ են ճգնել։ Քարանձավները հսկայական կիրճի եզրին են, և հնում այստեղ բարձրանալու համար մարդիկ ստիպված են եղել մեկը մյուսի վրա շարված գերաններից աստիճան կառուցել, որն ավելի շատ նման էր լաստի, ոչ թե աստիճանի և այդ իսկ պատճառով այդ վայրը ստացավ «Լաստիվեր» անվանումը:
Թռչունների քարանձավը կամ ինչպես ավելի հայտնի է կոչել Արենիի քարանձավը, գտնվում է Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա՝ Արենի գետի ձախ ափին։ Այն իրենից ներկայացնում է իրար միացած փոքր քարայրների համալիր։ Բաղկացած է 3 սրահներից և ունի մոտ 500 մ² մակերես։ Ի տարբերություն Մագելի քարանձավի, այն ավելի հեշտ է ուսումնասիրել։
2008 թվականի սեպտեմբերին հայտնաբերված աշխարհում ամենահին՝ ավելի քան 5500 տարեկան կաշվե կոշիկը հենց Թռչունների քարանձավում իրականացրած պեղումների արդյունքում գտնվեց։
Թռչունների քարանձավը համարվում է աշխարհում գինու առաջին արտադրամասը, քանի որ հենց այստեղ պեղումների ընթացքում այստեղ հայտնաբերվել են հին ժամանակների գինեգործության վկայություններ։ Կատարած հետազոտությունների արդյունքում գտել են չորացած խաղող, ամանեղեն, հագուստ, կանացի գանգեր և այլն։
Արջերի քարանձավը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արփի գյուղից ուղիղ գծով 3 կմ հեռավորության վրա: Հայկական լեռնաշխարհի ամենամեծ ու գեղեցիկ կարստային քարանձավներից է: Օդերևութաբանական ուսումնասիրությունների տվյալով՝ քարանձավի միջին ջերմաստիճանը 10,2° C է: Քարանձավի ընդհանուր երկարությունը 3500 մետր է, որը երկրի ընդերք է խորանում ավելի քան 700 մ: Անվանումը կապված է սրահներից մեկում հայտնաբերված արջերի ոսկորների հետ: Քարանձավի ներսում բազմաթիվ հսկայական դահլիճներ կան, որոնք իրար են միանում նեղ միջանցքներով, որոնցով անցնել հնարավոր է միայն սողալով:
Մոզրովի քարանձավը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արփի գյուղից դեպի Մոզրով գյուղ տանող ճանապարհին։ Հետաքրքիր է այն փաստը, որ Մոզրովի քարանձավը բացվել է 1980 թվականին՝ ճանապարհաշինական պայթեցումների ժամանակ: Այն բավականին խորն է՝ շուրջ 260մ։ Ներսից քարանձավը բնության գեղեցիկ ստեղծագործություն է՝ հարուստ տարբեր հանածոներով։ Այն ունի բազմասրահ կառուցվածք, որը բաղկացած է մի շարք դահլիճներից ու անցուղիներից, որոնք էլ ունեն տարբեր անվանումներ, ինչպիսիք են՝ «Անդունդի», «Ջրվեժների», «Եղևնու», «Տիկնիկների», «Սպիտակ Մարջանների», «Կակտուսների», դահլիճները։
Քարանձավի հայտնաբերմանը հաջորդող մի քանի օրերի ընթացքում հետազոտողները բացահայտում, հետազոտում և չափագրում են ճանապարհաշինարարների կողմից հայտնաբերված անցքն ու հայտնաբերում միմյանց հետ կապված նոր սրահներ ու անցուղիներ։ Ըստ հետազոտող փորձագետների՝ քարանձավը համաշխարհային նշանակության բնական հուշարձան է, որն իր մեջ ունի քարանձավային գոյացությունների տարբեր դրսևորումներ։
Բացի բնության կողմից ստեղծված զարմանահրաշ քարանձավներից, կան նաև մարդակերտ քարանձավներ, որոնք կառուցվել են տարբեր նպատակներով։ Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված որոշ քարանձավային կացարաններ աչքի են ընկնում քարե դռներով։ Դրանք հիմնականում հանդիպում են Արագած լեռան հարավային լանջի ձորերում՝ Աղձք (Աղցք), Ուջան, Վերին Սասունիկ, Ավան, Բազմաղբյուր, Լեռնարոտ համայնքների սահմաններում և հանդիսանում են վաղմիջնադարյան և ուշմիջնադարյան հուշարձաններ։ Հետաքրքիր է այն վարկածը, որ քարե դռներով քարանձավները կապված են նախաքրիստոնեական մշակույթի հետ։Պատճառն այն է, որ
այս տարածաշրջանում չկան ժայռային եկեղեցիներ, իսկ եկեղեցիները, որոնք կառուցվել են 5-16-րդ դարերում, քարե դռներ չունեն։
Հիմնականում կառուցվել են արդեն ձևավորված քարանձավներում և ծառայել որպես սննդամթերքի գաղտնարան-պահեստարաններ: Ավելի ուշ բնակեցված են եղել նաև աշխարհիկ կյանքից մեկուսացված մարդկանցով:
Քարանձավները մեծամասամբ բաղկացած են եղել երեք մասից: Առաջինը քարանձավային սրահն է, երկրորդը՝ դեպի սրահ տանող թունելատիպ մուտքը, երրորդը՝ քարե դուռը: Սրահների թիվը քարանձավներում կարող էր հասնել 7-ի: Դրանք 40-45 քմ մակերեսով, բնական փորվածքով տարածքներ են: Սննդամթերքը պահելու համար սրահի անկյուններում փորվել են թոնրատիպ հորեր, որոնք հաճախ եղել են երկհարկ, երբեմն՝ եռահարկ: Քարանձավների քարե դռները, պատրաստված են եղել բազալտե քարերից, որոնք բացվել են դեպի ներս:
Աղձք գյուղի, Ամբերդաձորի արևմտյան լանջին պահպանված քարանձավը բաղկացած է 3 սրահից և 3 դռնից: Քարանձավի մի մասը մշակվել է հենց մարդու կողմից։
Կոշ գյուղի քարանձավը գտնվում է Ս. Ստեփանոս եկեղեցուց 600 մ հյուսիս: Բաղկացած է 5 քարե դռներից: Նմանատիպ քարե դռներով քարանձավները հնագիտական և պատմական մեծ արժեք ներկայացնող հուշարձաններ են:
Սակայն չպետք է մոռանալ, որ քարանձավի հիմնական վտանգը մարդու ակտիվ գործունեությունն է։ Ուստի մեզնից յուրաքանչյուրը այցելելով այս հնագիտական գեղեցիկ վայրերը, պետք է խնամքով ու զգուշությամբ վերաբերվի դրանց՝ փորձելով հնարավորինս պահպանել ու փոխանցել սերնդեսերունդ։ Չէ՞ որ բնությունը Հայաստանին օժտել է մի շարք գեղեցիկ ու հարուստ քարանձավներով, որոնցից մի մասի ուսումնասիրությունները շարունակվում են առ այսօր։