Հարթագյուղ՝ Սբ․ Հովհաննես մատուռ։ Գյուղը նախկինում Ղալթախչի անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում, հետո նաև Լենինականի գավառում։ Սուրբ Հովհաննես մատուռը Հարթագյուղի սրբատեղին է։ Այն գտնվում է գյուղի մերձակա լեռան կատարին՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա։ Մատուռի նախնական, հին տեսքը չի պահպանվել։ Զորավոր Սուրբ Հովհաննես մատուռը երեք անգամ պայթեցվել և այրվել է կոմունիստական ռեժիմի օրոք և երեք անգամ վերականգնվել է գյուղացիների ջանքերով։ Վերջին անգամ վերաշինվել է 1958թ-ին։ Վերջին տարիներին՝ ուխտավորների կողմից, մատուռի շուրջը տեղադրվել են հարյուրավոր խաչքարեր։ Ամենայն հավանականությամբ մատուռը եղել է մինչև արևմտահայերի այստեղ հաստատվելը։ Ուխտավայրը Ղալթախչի սուրբ է կոչվում գյուղի հին անունով։