Հայաստանի հյուսիս-արեւմուտքում, Շիրակի դաշտավայրի կենտրոնում, Երեւանից 126 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի ամենակոլորիտային քաղաքը` Գյումրին: Շատ խորն են այստեղ ազգային ավանդույթները, ազգային ոգին իր արտահայտությունն է գտել գրեթե ամեն ինչում: Գյումրվա հին փողոցներով քայլելիս դեռեւս թվում է, թե լսվում է դարբինների մուրճերի ձայնը, թվում է, թե փողոցի անկյունից ուր որ է կհայտնվի ֆայտոնը ու ֆայտոնչին իր բամբ ձայնով կհրավիրի շրջել քաղաքի փողոցներով: Քաղաքի բարձր ճարտարապետության մասին են խոսում, բնակելի հին տները, որոնց մեծ մասը բարեբախտաբար դիմացան սարսափելի երկրաշարժին: Այս տներն աչքի են ընկնում ճարտարապետական մանրամասների հոյակապ իրականացմամբ, բազմերանգ տուֆի գունային համադրություններով, պատշգամբների փայտե բարձրարվեստ զարդաքանդակներով: Գյումրին` ի սկզբանե եղել է մշակութային իրադարձությունների կենտրոնում, որտեղ առաջին անգամ բեմադրվել Արմեն Տիգրանյանի ժողովրդական "Անուշ" օպերան: