Գոշավանքը հիմնադրել է միջնադարի նշանավոր հոգեւոր գիտնական, առակագիր եւ իրավագետ Մխիթար Գոշը: Վանքային համալիրը բաղկացած է մի քանի եկեղեցական եւ աշխարհիկ կառույցներից: Այս խմբի զարդն է կազմում Ս. Լուսավորիչ եկեղեցու մուտքի մոտ տեղադրված մեծատաղանդ Պողոս վարպետի կողմից 1291թ. կերտված անզուգական խաչքարը: Գոշավանքը եղել է միջնադարի հոգեւոր մշակույթի եւ գրչության ամենահայտնի կենտրոններից մեկը Հայաստանում: Պատմական աղբյուրներում այն հիշատակվում է որպես վարժարան, համալսարան, ուր ստեղծվել ու պահվել են բազմաթիվ ձեռագրեր: