Բջնիի Ս. Աստվածածին վանքը հիմնադրվել է 1031 թ.: Վանքի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին: Այստեղ պետք է հաստատվեր եպիսկոպոսական աթոռ: Բջնիի վանքը, որը հայտնի էր նաեւ "Մագիստրոսի ճեմարան" անվամբ, միջնադարյան հայ գրչության կենտրոն է եղել: 1637թ. վանքում է գիշերել ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենը, որը հետագայում իր ուղեգրություններում տվել է վանքի նկարագրությունը: Բջնիի վանքից քիչ հեռու գտնվում է Բջնիի բերդը: Այն անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա է: Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ: Հիշատակվում է վաղ միջնադարից: Պահլավունի իշխանները X դ. վերաշինել են քարաժայռերի վրա եղած հինավուրց բերդը, այն դարձրել միջնադարյան Հայաստանի հզոր ամրոց:
Բջնիի վանքի հետ կապված է մի առասպել: Ասում են, որ Բջնիի բերդը եւ վանքը կապված էին իրար հետ ստորգետնյա ճանապարհով, որով քառանիվ սայլերով պաշարվածներին ուտելիք եւ խմելիք էին հասցնում: Պեղումների ժամանակ հայտնաբերվել է ստորգետնյա անցումի մի հատված: