Հայաստանի ազգային պարկերն ու արգելոցները ամբողջացնում են Հայաստանի բնության մոգական գեղեցկությունը: Եվ՛ ազգային պարկերը, և՛ արգելոցները համարվում են բնության հատուկ պահպանվող տարածքներ: Դրանք պետության կողմից բնության տարբեր տարածքներում որևէ տնտեսական գործունեության սահմանափակումը կամ արգելումն է օրենսդրությամբ, որն ուղղված է կենսաբազմազանությունը և էկոհամակարգերը պահպանելուն: Օրենսդրության այդ սահմանափակման շնորհիվ ապահովվում են եզակի էկոհամակարգերի, հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող, էնդեմիկ տեսակների պահպանությունը և վերարտադրությունը բնական միջավայրում:
Շիկահողի արգելոց
Շիկահողի արգելոցը հիմնվել է 1958 թվականին: Արգելոցը գտնվում է ՀՀ ամենագեղատեսիլ Սյունիքի մարզում` Խուստուփ լեռան հարավ արևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերին` 700-2800մ բարձրություններում։ Տարածքը կազմում է մոտ 10 330 հեկտար, իսկ տարածքի 94 տոկոսն անտառապատ է: Այն կազմավորվել է կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով։ Այստեղ շատ են նաև լեռնային գետակները և հանքային աղբյուրները:
Բուսական աշխարհը հարուստ է Կովկասյան տիպի խոնավասեր բույսերով, էնդեմիկ ջերմախոնավասեր ծառաթփային տեսակներով ու խոտաբույսերով։ Հետաքրքիր է նաև, որ այստեղ հանդիպում են վայրի պտղատու ծառատեսակներ` տանձենիներ, արևելյան խնձորենիներ, հունական վայրի ընկուզենիներ և այլն:
Արգելոցի տարածքում կենդանական աշխարհի սողուններից հայտնի են գյուրզան, ջրային և սովորական լորտուները, դեղնափորիկը, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը։ Թռչուններից տարածված են վայրի հնդկահավը, քարարծիվը, սպիտակագլուխ անգղը, կաթնասուններից` գորշ գայլը, գորշ նապաստակը, լայնականջ ոզնին, երբեմն բեզոարյան այծը և հովազը: Հարկ է նշել, որ արգելոցի 18 տեսակի բույսերը գրանցված են նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում, և մոտ 80 տեսակ՝ Հայաստանի Կարմիր գրքում։
Խոսրովի անտառ-արգելոց
Խոսրովի անտառ-արգելոցը գտնվում է Հայոց արքա Խոսրով Բ Կոտակի կողմից 4-րդ դարում հիմնադրված որսատեղ հանդիսացող Խոսրովի անտառի պատմական տարածքի վրա: Գտնվում է Արարատի մարզում՝ Ազատ և Վեդի գետերի ավազաններում զբաղեցնում է 27,000 հեկտար տարածություն: Սկիզբ է առնում Արաքս գետի ափից, Դվինի մոտակայքում և ձգվում է մինչև Ազատ գետը:
Խոսրովի անտառ արգելոցը հայտնի է անտառային, կիսաանապատային, լեռնաչորային և հատկապես միջերկրածովյան տիպի բուսականությամբ: Տարածքի մոտ 64%-ը զբաղեցնում են լեռնաչորասեր բույսերը, 16%-ը՝ անտառները, 20%-ը՝ թփուտները: Իսկ ջրավազաններում ապրող ձկներից հայտնի են կարմրախայտը, թռչուններից՝ քարակաքավը, սպիտակագլուխ անգղը, կաթնասուններից՝ վայրի ոչխարը՝ մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը, լայնականջ ոզնին, լուսանը, առաջավորասիական ընձառյուծը:
Էրեբունի պետական արգելոց
Էրեբունու պետական արգելոցը Հայաստանի արգելոցներից ամենափոքրն է: Ինչպես Խոսրովի արգելոցը, Էրեբունու պետական արգլոցը նույնպես գտնվում է Արարատի մարզում՝ մայրաքաղաք Երևանից 8կմ հարավ-արևելք:
Չնայած իր փոքր՝ 120 հա տարածքի, արգելոցում հանդիպում են աշխարհում հայտնի վայրի ցորենի 4 տեսակից 3-ը (արարատյան, ուրարտու և միահատիկ)` ներտեսակային մեծ բազմազանությամբ (շուրջ 110 տարատեսակ):
Կենդանական աշխարհն ընդգրկում է երկկենցաղներ` կանաչ դոդոշ, լճագորտ, փոքրասիական ծառագորտ, սիրիական սխտորագորտ, սողուններ` անդրկովկասյան գյուրզա, ոսկեգույն տրախիլեպիս, սահնօձի տարբեր տեսակներ, միջերկրածովյան կրիա և այլն, թռչուններ` լորը, մոխրագույն կաքավը, տատրակը, բազեն, կաթնասուններ` աղվես, աքիս, կզաքիս, գայլ, գորշուկ, փորսուղ, բազմաթիվ կրծողներ և այլն:
Սևան ազգային պարկ
Սևան ազգային պարկը ներկայումս գտնվում է ՀՀ Բնապահպանության նախարարության իրավասության ներքո։ Այն գտնվում է Գեղարքունիքի մարզում, Երևան քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա: Հենց Սևան ազգային պարկի սահմաններում է գտնվում Հայկական լեռնաշխարհի խոշորագույն, բարձրադիր քաղցրահամ լիճը՝ Սևանը:
Սևան ազգային պարկի տարածքը բաժանվում է 4 տարածքագործառնական գոտիների՝ արգելոցներ, արգելավայրեր, ռեկրեացիոն և տնտեսական։ Պարկի տարածքում կան 4 արգելոցներ՝ «Նորաշենի», «Լիճք-Արգիչի», «Գիլլի» և «Արտանիշի», 2 արգելավայրեր՝ «Գավառագետի» և «Գիհի-կաղնուտային ռելիկտային», ինչպես նաև 4753 հա ընդհանուր մակերեսով ռեկրեացիոն և 11266 հա ընդհանուր մակերեսով տնտեսական գոտիներ։
Դիլիջան ազգային պարկ
Դե իհարկե ինչ Տավուշի մարզ առանց ազգային պարկի: Այստեղ է գտնվում Դիլիջան ազգային պարկն իր հարուստ բնությամբ: Այն կազմակերպվել է 1958 թվականին՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանման, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով։ Անտառներն առաջին կարգի են և ունեն հողապաշտպան, ջրակարգավորիչ, գիտական և տնտեսական նշանակություն։ Ազգային պարկի բուսաշխարհն ընդգրկում է 902 տեսակ ծաղկավոր բույսեր, որոնցից 40-ը՝ հազվագյուտ։ Իսկ դրանցից 29 տեսակը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Դիլիջանի արգելոցում են երրորդական դարաշրջանի մնացորդ՝ կարմրածառի (մահիկի) պուրակները, որոնցից Աղնաբաթինը (Գետիկի ավազան) ամենախոշորն է Անդրկովկասում։ Դեղատուներից լայն տարածում ունեն սրոհունդի, դաղձի, ուրցի, ուրցադաղձի, սննդային բույսերից՝ ավելուկի, սիբեխի, բալդրղանի, կերային խոտաբույսերից՝ երեքնուկի, կորնգանի, գեղազարդային բույսերից՝ խոլորձի, հիրիկի բազմաթիվ տեսակներ։
Կենդանական աշխարհից հանդիպում են գորշ արջ, այծյամ, գորշուկ, քարակզաքիսը, անտառային կատու, աղվես, լուսան, պարսկական սկյուռ, ինչպես նաև բազմաթիվ սողուններ ու երկկենցաղներ։ Կան նաև բազմաթիվ թռչուններ՝ կովկասյան ցախաքլոր, լեռնային հնդկահավ, գորշ կաքավ, անտառային կտցար, կեռնեխ և աղավնիներ։
Արփի լճի ազգային պարկ
Արփի լճի ազգային պարկը գտնվում է Շիրակի մարզում Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերին՝ զբաղեցնելով մոտ 25 000 հա տարածք։
Անկախացումից հետո Հայաստանի ամենահյուսիսում գտնվող Արփի լիճը բարձիթողի վիճակում էր։ Սա լուրջ բացասական ազդեցություն էր ունեցել լճի էկոհամակարգի վրա: Խնդիրը շտկելու նպատակով 2009թ-ին, կառավարության որոշմամբ ստեղծվեց այս ազգային պարկը Ջավախք-Շիրակ բարձրավանդակի ուրույն կենսաբազմազանության պահպանման համար։ Այստեղ է գտնվում հայկական որորի ամենամեծ գաղութը աշխարհում և գանգրափետուր հավալուսնի միակ բնակավայրը Հայաստանում։
Հայաստանում գրանցված 366 թռչնատեսակներից մոտ 225-ը հանդիպում են Արփի լճում, և այս առումով լիճը շատ հետաքրքիր տարածք է համարվում՝ թռչնադիտարկումների համար: Թռչունների 225 տեսակից 40-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում, 29-ը՝ գիշատիչներ են, իսկ մնացածը՝ տարբեր ջրլող և ջրաճահճային թռչուններ: Տարածքում կարող ենք հանդիպել նաև 670 տեսակի բույսեր՝ (խոլորձ, թրաշուշան, հիրիկ, կակաչ, շուշան), որոնցից 25-ը ներառված են ՀՀ Կարմիր գրքում։ Դրանցից 22-ը էնդեմիկ տեսակներ են։
Էկոտուրիզմի հնարավորությունները Արփի լճի ազգային պարկում
Ազգային պարկն ունի այցելուների կենտրոն և հյուրատուն։ Այցելուների կենտրոնը գտնվում է ազգային պարկին կից Ղազանչի համայնքում, իսկ հյուրատունը գտնվում է Բերդաշեն համայնքում՝ ազգային պարկի վարչական շենքի հարևանությամբ։ Այցելուների կենտրոնում զբոսաշրջիկներին տրամադրվում են տարբեր ծառայություններ, այդ թվում հետիոտն և ձիով արշավներ, թռչնադիտում, դահուկային սպորտաձևի հնարավորություններ և այլն։
Արևիկ ազգային պարկ
Հարավային Հայաստանի տարածքը, մասնավորապես Սյունիքի մարզը աչքի է ընկնում եզակի էկոհամակարգերով, բնության երկրաբանական, լանդշաֆտային, կենսաբանական մեծ բազմազանությամբ և պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններով, ռեկրեացիոն ռեսուրսների առկայությամբ, որոնցից մեկը հենց Արևիկ ազգային պարկն է։
Շուրջ 34401.8 հա տարածք ունեցող Արևիկ ազգային պարկը բացվել է 2010 թվականին։ Ազգային պարկի տարածքում ներկայացված են լանդշաֆտային գոտիների գրեթե ողջ համակարգը՝ սկսած ցածր և միջին լեռնային կիսաանապատներից մինչև բարձր լեռնային տափաստաններն ու Մեղրի գետի վերին հոսանքների մերձալպյան տիպի լանդշաֆտը:
60 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանում հայտնաբերվել է զոլավոր բորենի, որը գրանցված է Հայաստանի Կարմիր Գրքում: Ըստ որոշ գիտական աղբյուրների` 20‐րդ դարի սկզբից ի վեր բորենի երբեմն լինում էր Արաքս գետի ավազանում, Էջմիածնի, Մեղրիի, Շամշադինի եւ Իջեւանի շրջաններում: Բորենու մասին վերջին հիշատակումը գրանցվել է 1925թ.-ին, երբ կենդանուն տեսել են Արտաշատի շրջանի Նովրուզլու գյուղի մոտակայքում: Որոշ տվյալներով, այդ կենդանուն տեսել են դեռևս 1940թ.: