Այս անգամ էլ մենք մեր ամբողջ անձնակազմով և մշտական մասնակից-ընկերների հետ որոշեցինք այցելել Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մի քանիսը
Տուրերի ժամանակ ունենք մի քանի սովորույթներ, որոնցից առաջինը հենց սկզբում միմյանց հետ ծանոթանալն է։ Սակայն, մշտական մասնակից-ընկերներ․ սա արդեն հուշում է, որ այս կետը բաց ենք թողել։
Հաջորդիվ սովորաբար զբոսավարը ներկայացնում է երթուղին․ գնալու էինք #Մաթոսավանք, #Ջուխտակ վանք, #Գոշի լիճ․ քայլարշավ էր սպասվում․ մոտավորապես 11 կմ։
Առաջին կանգառը Ծովագյուղն էր։ Պետք է գնումներ կատարեինք։ Իսկ մենք ինչ արեցինք․․․ Իհարկե ամեն ինչ բացի գնումներից։ Բոլորով հավաքվել էինք խաղի մոտ և փորձում էինք ժամացույց և գումար շահել։ 20 րոպե ապարդյուն փորձելուց հետո մեր ամենախիստ զբոսավարը՝ Արուսը, բարկացավ և շարունակեցինք մեր ուղևորությունը։
Հավատացնում ենք մեքենայի մեջ, մեկից ավելի գիդն արդեն իսկ շատ է։ Ամբողջ ճանապարհին լսում էինք նրանց երկար ու հետաքրքիր պատմությունները, էլ քար ու թուփ չմնաց, որի մասին չպատմեին։
Հաջորդ կանգառը Դիլիջանի ոլորաններն էին։ Կանգնեցինք նախաճաշելու։ Ինչպես միշտ Արուսը բոլորիս շտապեցնում էր։ Հազիվ կարողացանք այս մի քանի լուսանկարն անել։ Վայ Արուս Արուս․․․
Հաջորդ կանգառը Դիլիջան քաղաքն էր, որտեղից պետք է գնումներ կատարեինք։ Այս անգամ ստացվեց։ Գնումներն արված են։ Կարծես թե ոչինչ չենք մոռացել։
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին կանգնեցրինք մեքենան։ Այստեղից սկսում ենք քայլարշավը։
Քայլում ենք դեպի #Ջուխտակ վանք։ Ամբողջ ճանապարհին մեր բլոգեր Անուշը լուսանկարում էր,սակայն ընթացքում պարզվեց, որ նա մոռացել էր տեղադրել հիշողության քարտը, և ոչ մի լուսանկար չէր պահպանվել։ Ողջ ճանապարհին երգում էինք, լուսանկարվում և, բնականաբար, 30 րոպե տևող քայլարշավը երկարեց։ Վերջապես հասանք։ Վանքը հրաշալի էր։ Մեր զբոսավարները ներկայացրին վանքի պատմությունն ու սկսեցինք լուսանկարվել։
#Ջուխտակ վանքին հաջորդեց #Մաթոսավանք։
Այն միայն տեսնել էր պետք։ Պատերի մեջ փորագրված խաչքարերը, կանաչ գունավորումը առեղծվածային, խորհրդավոր մի պատկեր էին ստեղծել։ Ցավոք, վանքը անմխիթար, ավերակ վիճակում էր։
Շարունակեցինք ճանապարհը։ Հաջորդ կանգառը #Գոշի լիճն էր։ Մի քանիսն այնքան էին հոգնել, որ նախընտրեցին մեքենայով բարձրանալ։ Դե իսկ մյուսներս շարունակեցինք քայլարշավը։
Վերջապես Գոշի լճում ենք։ Սկսում ենք խորովածի նախապատրաստական աշխատանքներ: Մինչ մեր տղաները պատրաստում էին խորովածը, մենք տարբեր խաղեր էինք խաղում։ 2 ժամ անց վայելում ենք համեղ հայկական խորովածն ու մեր Արուսի պատրաստած բուլկիները։
Քայլարշավն ամբողջացավ Գոշավանք այցելությամբ։ Ինչպես ասում են, մեր բախտը մեր հետ էր, քանի որ իր գեղեցկությամբ փայլող հերթական վանք հասանք այն փակվելուց րոպեներ առաջ։
Վերադառնալիս արդեն բավականին հոգնած էինք, սակայն դա չխանգարեց,որ ամբողջ ճանապարհին երգենք,պարենք, զրուցենք և իհարկե հետամուտ լինենք մեր հաջորդ սովորույթին․խոսքը <<Այլ կերպ>> խաղալու մասին է։
Եթե դուք էլ եք քայլարշավի սիրահար և ցանկանում եք այ այսպիսի անմոռանալի, հիշարժան օր ունենալ, ապա միացեք մեր տուրերին։))) XOXO
Բոլոր լուսանկարները :)