Ախթալայի ամրոցը գտնվում է Լոռու մարզում եւ տեղադրված է առաջին հայացքից թերակղզի հիշեցնող՝ երեք կողմերից խոր կիրճերով շրջապատված բարձրավանդակի վրա: Ճիշտ օգտագործելով բնական դիրքը, այստեղ 10-րդ դարում կառուցում են այս ամրոցը, որն ամրացված է բարձր պարիսպներով, իսկ գլխավոր մուտքի երկու կողմերից բարձրանում են բրգանման եռահարկ աշտարակները: Ամրոցի տարածքում է գտնվում Ախթալայի վանքը՝ բաղկացած երեք եկեղեցուց: Գեղարվեստական տեսանկյունից հատկապես մեծ ուշադրության են արժանի գլխավոր եկեղեցու որմնանկարները: