Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում կարելի է տեսնել առանձին կամ կասկադային ջրվեժներ՝ յուրաքանչյուրը յուրովի գեղեցիկ և առանձնահատուկ: Ունենալով լեռնային բնույթ՝ Հայաստանի տարածքով հոսող գետերի անկումը բավականին մեծ է, որն էլ նպաստում է ջրվեժների առաջացմանը: Իսկ այսօր մենք Ձեզ կներկայացնենք Հայաստանի բնության զարդը հանդիսացող 5 ամենագեղեցիկ ջրվեժերը։
Հայաստանի Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում է գտնվում բնության ջրաերկրաբանական հուշարձանը՝ Ջերմուկի ջրվեժը, Արփա գետի աջակողմյան Ջերմուկ վտակի վրա։ Այն սկզբնավորվում է աղբյուրներից, ունի մոտ 72մ բարձրություն և 3 գմբեթաձև դարավանդներով թափվում է Արփա գետ։
Ջրվեժի պատմութունը
Ասում են՝ ջրվեժի վերևի հատվածում, ուղղաձիգ ժայռերի վրա գտնվում էր մի իշխանի ամրոց, որն ուներ շատ գեղեցիկ դուստր, նրա ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից: Գեղեցկուհին մերժում էր բոլորին, քանի որ նրա սիրտը պատկանում էր քաջարի ու գեղեցիկ մի երիտասարդի` հովվի որդուն: Աղջիկն ամեն օր կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր իր մոտ: Երբ օրերից մի օր իշխանը գտնում է պարանը, նրա համար ամեն ինչ պարզ է դառնում: Զայրույթի պահին հայրը անիծում է աղջկան ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»: Աղջիկը հերթական հանդիպման ժամանակ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար վարսերը: Սակայն նույն ակնթարթին իրականանում է հոր անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:
Իդեպ, բնության հուշարձանը գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Իսկ Ջերմուկը, ինչպես գիտենք, հայտնի է ոչ միայն իր գեղատեսիլ բնությամբ, այլև ջերմային հանքային բազմաթիվ աղբյուրների առկայությամբ: Հանքային ջուրն ունի հատուկ քիմիական բաղադրություն, բուժիչ պրոֆիլակտիկ հատկություններ:
Թռչկանի ջրվեժ, գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչխան գետի վրա։ Չիչխան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից, ունի 29 մ երկարություն, ջրահավաք ավազանը 192 կմ² է։ Իսկ մարտից հունիս ամիսներին գետը վարարում է:
Այս տարածքի բնությունը հարուստ է հազվագյուտ կենդանիների և բույսերի տեսակներով, որոնցից շատերը գրանցված են Կարմիր գրքում, իսկ Չիչխան գետը լի է կարմրախայտով: Ջրվեժի Թռչկան («Թռիչք») անվանումը կապված է հենց այս ձկների հետ, որոնց կարելի է նկատել ջրվեժի վերնամասում: Թռչկանը հատկապես գեղեցիկ է ձմռանը, երբ ամբողջովին սառչում է։
Թռչկան հասնելու համար կա երկու տարբերակ՝ ոտքով կամ ամենագնաց մեքենաներով։ Բնության ողջ հմայքը վայելելու ու ջրվեժից փոխանցվող ողջ էներգիան զգալու լավագույն տարբերակը ոտքով ճնապարհն է։ Ճանարպարհը սկսում ենք Ձորաշեն գյուղից։ Մոտ 4 կմ քայլելուց հետո Ձեր առջև կբացվի բնության այս հրաշքը։
Թռչկան ջրվեժը 2008 թ.-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011 թ.-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի։ Այժմ Թռչկանի, որպես բնական հուշարձան, անձնագրավորման աշխատանքներ են տարվում։
Հերհերի ջրվեժը նույնպես գտնվում է Վայոց ձորի մարզում ՝ համանուն գյուղից 5 կմ հյուսիս։ Շրջակայքում է նաև Քարավազի ջրվեժը, որը գտնվում է հենց Քարավազ գետի վրա և միանալով Հերհեր գետին առաջացնում է Հերհերի ջրվեժը։
Հերհերի ջրվեժը տեղակայված է ժայռոտ ձորերում։ Եթե ցանկանում եք տեսնել Հերհեր ջրվեժը հարկ է նշել, որ թեպետ ճանապարհը հեշտ հասանելի է, սակայն բավականին բարդ արշավային ճանապարհ է սպասվում, և պետք է որոշակի ֆիզիկական պատրաստվածություն ունենալ:
Հեռվից արդեն լսելի է դառնում բարձրից գահավիժող ջրվեժի ձայնը, բայց երկու ժայռերի միջև թաքնված ջրվեժը դեռ չի երևում։ Հասնելով ջրվեժին կարծես մոռանում ես ամեն ինչի մասին, կտրվում աշխարհից ու վայելում բնության հրաշքը։ Քո առջև բացվում են Վայքի լեռներն ու դրանց տակ սփռված գյուղերը։ Ջրվեժը թափվում է փոքր բյուրեղյա լճի մեջ, որտեղ ամռանը շատ հաճելի է լողալ և թարմանալ:
2008թ.-ից Հերհերի ջրվեժը նույնպես ներառվել է բնության պետական հուշարձանների ցանկում։
Շաքիի ջրվեժը գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Շաքի գետի վրա: Գետը Որոտանի վտակներից մեկն է: Ջրվեժի բարձրությունը 18 մետր է: Այն համարվում է Հայաստանի ամենասիրված վայրերից մեկը զբոսաշրջիկների համար: Ջրվեժի ուժն այնքան մեծ է, որ ջրվեժի մոտ կանգնած մարդկանց ձայնը գրեթե հնարավոր չէ լսել: Ջրի հիմնական մասն օգտագործվում է Շաքիի հիդրոէլեկտրակայանում, ինչը ջրվեժից հսկայական ջուր է խլում և հնարավորություն չի տալիս նրան փայլել իր ողջ շքեղությամբ:
Ջրվեժի անվան հետ կապված ևս մի գեղեցիկ առասպել կա: Շաքին մի գեղեցիկ աղջիկ էր, նա այնքան գեղեցիկ է եղել, որ նրա գեղեցկությանը չի դիմացել մեր երկիրը նվաճելու եկած արաբ զավթիչներից մեկը, սիրահարվել է Շաքիին: Զավթիչը հրամայել է աղջկան գալ իր մոտ, Շաքին էլ չի հնազանդվել ու իրեն նետել է բարձունքից ցած: Այդ պահին նրա հագուստի ճերմակ փեշերը տարածվել են ու դարձել ջրվեժ:
Գեղարոտի ջրվեժը գտնվում է Արագածի լանջին՝ Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա, ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա: Գտնվում է Արագած գյուղից 12 կմ հեռավորության վրա: Արտաքնապես շատ նման է Թռչկան ջրվեժին:
Գեղարոտի ջրվեժ հասնելու համար իջնում ենք Արագած լեռան հյուսիսային գագաթից խառնարանով։ Այդ արշավի ամենահետաքրքիր մասն է, երբ ականատես ես լինում, թե ինչպես է արևելյան լանջերից սկիզբ առնում Գեղարոտ գետը, որը ներքևում արագացնելով իր հոսքը, գահավիժում է ժայռերից, առաջացնելով Գեղարոտի ջրվեժը։ Ձմռանը ջրվեժը սառցակալում է, իսկ գարնան և ամռան ամիսներին գահավիժում մոտ 17 մ բարձրությունից, դառնալով զբոսաշրջիկների սիրելի և զով վայրերից մեկը։
Գեղարոտի ջրվեժը նույնպես ընդգրկված է ՀՀ բնությաան ջրագրական հուշարձանների ցանկում:
Անվերջ բացահայտվող Հայաստանում օր օրի Ձեզ համար կբացահայտենք ու կներկայացնենք ջրվեժները, քարանձավները, եկեղեցիներն ու թանգարանները, որոնք ունեն հազարամյակների պատմություն և արժանի են այցելության։ Իսկ Positive Day Tour-ը ամեն օր կազմակերպում է բազմաթիվ էքսկուրսիաներ՝ բացահայտելով Հայաստանի բնության հրաշքներն ու գաղտնիքները։