Ինչպես գիտենք Հայաստանը հայտնի է բարձր լեռներով, ինչի շնորհիվ այստեղի գետերը մեծամասամբ բավականին արագ հոսք ունեն։ Հայաստանում կան մոտ 9480 գետեր, որոնցից 379-ը ունեն 10 կմ-ից ավել երկարություն։ Հենց դա է պատճառը, որ Հայաստանը դարեր շարունակ կոչվել է «գետերի և լճերի երկիր»։ Միևնույն ժամանակ, Հայաստանի նախկին անվանումներից «Նաիրի»-ն նույնպես կապված է եղել այստեղի ջրային աշխարհի հարստության հետ և նշանակել է «արագ հոսող ջրերի երկիր»:
Իսկ մենք այսօր Ձեզ կծանոթացնենք Հայաստանի ամենագեղեցիկ ու երկար գետերի հետ, որոնք կարող են լինել շոգից կտրվելու և գետերի հանգստացնող ձայների մոտ հանգստանալու լավագույն տարբերակը։
Արաքս
Արաքս գետը Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից մեկն է։ Իդեպ, Հայաստանի գետերը պատկանում են Արաքսի և Կուրի ավազաններին, համապատասխանաբար 76 և 24 տոկոսներով։ Այն անդրսահանային գետ է, որի տարածքը ընդգրկում է Հայաստանի, Արցախի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի տարածքները։
1072 կմ երկարություն ունեցող Արաքս գետի մասին հիշատակվում է նաև Աստվածաշնչում՝ «Արաքսը դրախտի չորս գետերէն մէկն է՝ Գիհոն»։ Իհարկե, գետը հարուստ է նաև կենդանական աշխարհով, և այստեղ կարող եք հանդիպել Հայաստանի ձկնատեսակներից ամենահամեղին՝ իշխանին։
Արփա
Արփա գետը սկիզբ է առնում Վարդենիսի և Զանգեզուրի աղբյուրներից և ունի 126 կմ երկարություն։ Հենց Արփա գետի վրա է կառուցված Կեչուտի ջրամբարը, որից սկիզբ է առնում Արփա-Սևան թունելը։ Գետի վերին հոսանքում է գտնվում Ջերմուկի առողջարանն ու Հայաստանի տեսարժան վայրերից մեկը համարվող Ջերմուկի ջրվեժը։ Բացի դրանից, այս գետի ափերին կան մեծ թվով պատմական և ճարտարապետական տեսարժան վայրեր:
Արփան կամ Արփաչան Հայաստանի միակ գետն է, որի հոսքը հակառակ ուղղությամբ է։
Դեբեդ
Դեբեդ գետը հզոր հոսանք և մի քանի վտանգավոր հատվածներ ունեցող արագ լեռնային գետ է: Այն համարվում է Հայաստանի ամեաջրառատ գետերից մեկը և ունի 178 կմ երկարություն։ Ափերին կարող եք տեսնել մի քանի հնագույն վանքեր, որոնք այսօր պատմական հուշարձաններ են: Մասնավորապես Ալավերդի քաղաքի գետի հատվածում գտնվում է միջնադարյան Սանահինի կամուրջը (12-րդ դար):
Իսկ ամենահետաքրքիրը էքստրիմ սիրողների համար է։ ԴԵբեդ գետի Ձորագետ վտակի վրա կազմակերպվում է ռաֆթինգ։ Նավակով հոսելով գետի ուղղությամբ՝ կունենաք էքստրեմալ, զվարճալի, բայց հետաքրքիր ու ապահով ժամանց, որի տպավորությունները դեռ երկար կհիշեք։
Ախուրյան
Հայաստանի ամենաջրառատ գետերի ցանկում Ախուրյանը զբաղեցնում է երկրորդ տեղը։ Ախուրյանը առանձնանում է համեմատաբար դանդաղ հունով, մանավանդ գետաբերանի հատվածում՝ անցնելով ճահճոտ մարգագետիններով: Գետի մի կողմում գտնվում է Գյումրի քաղաքը, մյուս կողմում` Հայաստանի հինավուրց մայրաքաղաք Անիի ավերակները:
Ախուրյանը սկիզբ է առնում Շիրակի մարզի Արփի լճից և միանում է Առաքս գետին Բագարան գյուղի մոտ։ 205կմ երկարություն ունեցող Ախուրյան գետի ձախ ափի վրա ոռոգման նպատակով կառուցվել է ջրանցք, որը որոգում է Շիրակի մարզի մոտ 10,000 հա հողատարածք։
Որոտան
Զանգեզուրի ամենաերկար գետը Որոտանն է, ունի 178 կմ երկարություն։ Որոտանը սկիզբ է առնում Արցախի բարձրավանդակից և թափվում է Արաքս գետը: Այստեղ է գտնվում նաև Հայաստանի բնության հրաշալիք հանդիսացող տեսարժան վայրերից Սատանի կամուրջը։ Գետի ափին տեղակայված են նաև Տաթևի վանքը, Սիսավան եկեղեցին և գեղատեսիլ Շաքիի ջրվեժը։
Հրազդան գետ
Հրազդանը ունի 141 կմ երկարություն և սկիզբ է առնում Հայաստանի զարդը հանդիսացող Սևանա լճից։ Հոսում է մայրաքաղաքի կենտրոնական մասով, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքս գետը։ Գետի վրա կան բազմաթիվ հիդրոէլեկտրակայաններ և ջրանցքներ։ Հրազդան գետի ջուրը նույնպես օգտագործվում է ոռոգման նպատակով։ Դե իսկ մայրաքաղաք Երևանից կարող եք վայելել Հրազդան գետի կիրճի գեղատեսիլ տեսարանը։
Քասախ
Քասախ գետի երկարությունը 89 կմ է, իսկ ակունքները երկու փոքրիկ գետակներ են, որոնցից մեկը սկսվում է Արագածից, իսկ մյուսը՝ Փամբակի լեռնալանջերից։
Քասախը վերին հոսանքում դանդաղահոս է և սակավաջուր, իսկ միջին հոսանքում դառնում է բավական ջրառատ ու արագահոս։ Ստորին հոսանքում՝ Արարատյան դաշտի սահմաններում, Քասախի ջրերը գրեթե ամբողջովին օգտագործվում են շրջակա գյուղերի ցանքատարածությունները և այգիները ոռոգելու համար։ Այդ է պատճառը, որ այստեղ ամռան ամիսներին (ջրի ամենաուժեղ գոլորշիացումների շրջանում) Քասախը իսպառ ցամաքում է։
Մեծամոր կամ Սևջուր
Մեծամոր կամ Սևջուր գետը գտնվում է Հայաստանի Արարատի և Արմավիրի մարզերում և ունի 40 կիլոմետր երկարություն։ Մեծամորը ՀՀ մյուս գետերի համեմատությամբ ամենահաստատուն ռեժիմ ունեցող գետն է։ Սկիզբ է առնում Մեծամոր լճից և սնվում Արագածի ստորոտում գտնվող աղբյուրներից, հոսում է շատ դանդաղ, մեծ մասամբ ճահճապատ ափերի միջով և ապա թափվում Արաքս։
Սևջուրն Արաքսի գետախառնուրդից մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա իր մեջ է ընդունում Քասախ գետը և դառնում Հայաստանի ամենաջրառատ գետերից մեկը։
Ազատ
Ազատ գետը գտնվում է Հայաստանի Արարատի և Կոտայքի մարզերում (թեև գլխավորապես ընկած է Արարատի մարզում)։ Երկարությունը 55 կմ է։
Ազատ գետի հովիտը շատ մասերում լցված է փլուզումների հետևանքով առաջացած հսկայական ժայռաբեկորներով։ Հատկապես Գողթ գյուղից վերև գետահովիտն անկրկնելի վեհություն է ստանում։ Գետի այս հատվածը բնության յուրօրինակ վայրերից մեկն է։ Այստեղի գեղաեսիլ կիրճերը, ժայռերը, տեղ-տեղ դեպի ձորն իջնող անտառապատ լեռնալանջերը և մեծ բարձրությունից գահավիժող ջրերը հովիտին տալիս են բացառիկ գրավիչ տեսք։
Աղստև
133 կմ երկարություն ունեցող Աղստև գետը սկիզբ է առնում Փամբակի լեռներից։ Սկզբում մի փոքրիկ առվակ է, սակայն Դիլիջանի մոտ հորդանալով դառնում է ջրառատ գետ։ Սնվում է գերազանցապես ձնհալքից և անձրևաջրերից։ Խորությունը մեծ չէ, սակայն վարարումների ժամանակ դառնում է խիստ վտանգավոր։