Հայաստանի տարածքում շատ են քարանձավները, որոնք այդ տարածաշրջանում նախկինում եղած հրաբխային բարձր ակտիվության արդյունք են։ Հայաստանի քարանձավների շարքում ամենահայտնին թերևս Արենիի քարանձավն է, որտեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին, 5500 տարեկան կոշիկը, ինչպես նաև դեռևս մեր թվարկությունից 4000 տարի առաջ այստեղ գինի են պատրաստել։ Քարանձավը նաև հայտնի է Թռչունների քարանձավ անունով։
Թռչունների քարանձավը գտնվում է Վայոց ձորում՝ Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա, Արփա գետի ձախ ափին։ Այն գտնվում է M2 մայրուղու` Նորավանքի կիրճի մուտքի մոտ։ Այստեղ կարելի է հասնել գետափնյա ռեստորանի հետևից դեպի բլուր բարձրացող ճանապարհով, որն էլ արդեն Ձեզ կհասցնի դեպի քարանձավը մատնանշող եռանկյունաձև մուտքը։
Քարանձավը բաղկացած է 3 սրահներից, ունի մոտ 500 մ² մակերես, որի մեծ մասը դեռեւս ուսումնասիրված չէ, թեպետ ի տարբերություն Մագելի քարանձավի, Թռչունների քարանձավը ավելի հեշտ է ուսումնասիրվում շնորհիվ իր համեմատաբար փոքր տարածքի։ Այն նեղ անցուղիներով միմյանց միացած քարայրների շղթա է, որի մուտքը որոշ չափով ծածկված է խոշոր քարաբեկորներով։ Իսկ նոր պեղումները կարող են փակել անցումներն ու վնասել արդեն իսկ հայտնաբերված հնագիտական հուշարձանները։
Քարանձավում առնվազն չորս մետր մշակութային շերտ կա։ Ներքին՝ նեոլիթական շերտերը պատկանում են պղնձեքարի դարին։ Հանդիպում են նաև հոմոէրեքտուսի (լատ.՝ Homo erectus) հետքեր, ովքեր բնակվել են ավելի քան երկու միլիոն տարի առաջ մեր տարածաշրջանում։
Ինչ վերաբերվում է Թռչունների քարանձավում կատարվող պեղումներին, ապա հարկ է նշել, որ այստեղ 2007 թվականից իրականացվում են հնագիտական պեղումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են մ.թ.ա. 4200-3500 թվականներին վերագրված բազմաթիվ գտածոներ՝ բուսական մնացորդներ, ամանեղեն, խաղողի, ծիրանի կորիզներ, եղեգից պատրաստված գործվածքներ, կանացի գանգեր, մումիֆիկացված այծի մարմնի մաս և այլն։
2010 թվականի սեպտեմբերին Թռչունների քարանձավում իրականացրած պեղումների արդյունքում հայտնաբերեցին աշխարհում ամենահին՝ ավելի քան 5500 տարեկան կաշվե կոշիկը։ Իսկ, 2011 թվականին այստեղ հայտնաբերվեց մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ։ Ըստ այն հայտնաբերած հնագիտական թիմի ղեկավարի՝ Իռլանդիայի Քորք համալսարանի հնագետ Րոն Փինհասիի, աջ ոտքի համար հարմարեցված կոշիկի մեջ հայտնաբերված խոտը հավանաբար հատուկ է լցված եղել, որպեսզի ոտնամանը պահպանի իր ձեւը։ Ոտնամանը փոքր չափի էր, որը համապատասխանում է կոշիկների ժամանակակից եվրոպական չափման 37 համարին։ Իդեպ, լաբորատոր փորձաքննությամբ որոշվել է, որ հնադարյան կոշիկը 5637-5387 տարվա հնության է։
Ավելի ուշ, պեղումների ընթացքում այստեղ հայտնաբերվեցին էնեոլիթյան դարաշրջանի գինեգործության վկայություններ։ Կատարած հետազոտությունների արդյունքում գտել են չորացած խաղող, ամանեղեն, հագուստ, կանացի գանգեր և այլն։
Թռչունների քարանձավը համարվում է աշխարհում գինու առաջին արտադրամասը։ 2007 թվականին կատարված պեղումների արդյունքում նաև հայտնաբերվել են գինեգործությանը վերաբերող գտածոներ։ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագիտական աշխատանքների ղեկավար Բորիս Գասպարյանի խոսքով պեղումների հենց առաջին շրջանն այս վայրում մեծ հաջողություն բերեց, որովհետև գտնվել էր խաղողի ճմլարանը, ինչն էլ հենց վկայում էր, որ քարանձավը նախկինում գինու արտադրամաս է եղել։ Սակայն դրանք միայն ենթադրություններ էին և ապացուցելու անհրաժեշտություն կար։ Ապացույցները հետևյալն էին՝
1․ Կառուցվածքային առանձնահատկություններից մեկը գինեգործությանը հատուկ թեք հարթության առկայությունն էր։ Պարզվում է, որ երբ ճզմել են խաղողը, դրա միջոցով խաղողի հյութը հոսել է հատուկ տեղ, որտեղ էլ հասունանում էր համապատասխան աստիճանի։
2․ Մյուս առանձնահատկությունը հնձանի հարևանությամբ հողի մեջ թաղված հսկայական կարասներն էին, որոնք փաստում էին Թռչունների քարանձավի՝ գինեգործությամբ զբաղվելու հատուկ տարածք լինելու մասին։
Վերոնշյալ կարասում խաղողի մնացորդներ և եղեգնի սնամեջ ցողուններ են գտնվել։ Բորիս Գասպարյանը այդ առիթով նշում է․ «Դա տեսնելով հիշեցի Քսենոֆոնի «Անաբասիս»ը, որտեղ հույն պատմիչը խոսում էր հայկական գինեգործության մասին` նշելով, որ հայերը գինի էին խմում հողի մեջ թաղված կարասներից՝ օգտագործելով դրա համար եղեգնի սնամեջ ցողունները»։ Ներկայումս այդ գինեգործարանը համարվում է աշխարհում հնագույնը եւ թվագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակին։
Քարանձավի ներսում մարդիկ չեն բնակվել, իսկ գինու սպառումը նրանց համար կրել է ծիսական բնույթ։ Քարանձավի որոշ գտածոներից կարելի է եզրակացնել, որ այստեղի վայրի բանկիչների մոտ ընդունված է եղել ծիսական կանիբալիզմը (մարդակերություն)։ Արենիի քարանձավի խորքում, սննդի պահպանության տարաների կողքին, հայտանբերվել են կավե ամանների մեջ թաղված երեխաների և մեծերի աճյուններ, որնք բավականին լավ են պահպանվել։ Երեք գանգ պատկանել է դեռահաս աղջիկների, որոնք մահացել են 5,9-6,2 հազար տարի առաջ՝ ամենայն հաանականությամբ, մահակի հարվածից։
Մասնագետը նշում է, որ հետազոտության ընթացքում աշխատանքային վարկած էր առաջ քաշվել այն մասին, որ որպես զոհ մատուցված աղջիկների մարմնի մասերը կերել են կրոնական ծիսակատարության մասնակիցները: Դրանով նրանք հաղորդակցվել են այն աշխարհի հետ, որտեղ հեռացել են անմեղ զոհերը:
Ինչպես բոլոր քարանձավների, այնպես էլ Թռչունների քարանձավի հիմնական վտանգը մարդու ակտիվ գործունեությունն է։ Այցելուները մեծ վնաս են հասցրել` քարայրի ներսում պատերին նկարելով և կոտրելով կամ իրենց հետ տանելով հատվածներ քարե աշխատանքներից։
Ավելի քան 5000 տարվա պատմություն ունեցող Թռչունների քարանձավը պետք է սեփական աչքերով տեսնել և զգալ հին ժամակաների շունչը։ Positive day tour-ը կազմակերպում է տուրեր դեպի Թռչունների քարանձավ, որի շրջանակներում միաժամանակ այցելելու ենք նաև Խոր Վիրապ և Նորավանք, իսկ մեր բանիմաց և փորձառու գիդ-էքսկուրսավարները կբացահայտեն Հայաստանի գողտրիկ վայրերը և կապահովեն Ձեր բարձր տրամադրությունը ողջ ճանապարհորդության ընթացքում։ Տեղերը սահմանափակ են, այնպես որ՝ շտապե՜ք։