Տաթևի վանք + Ջերմուկ,
Երկօրյա Տուր
Ամառը մոտենում է իր ավարտին, իսկ մեզանից շատերը դեռևս չեն կարողացել կտրվել աշխատանքային օրերից ու վայելել իրենց հանգիստը։ Այսպիսով, առաջարկում ենք հատկացնել ընդամենը 2 օր Ձեր հանգստի համար, իսկ մենք խոստանում ենք այն դարձնել անմոռանալի և Ձեզ ծանոթացնել Հայաստանի բազմաթիվ չնաշխարհիկ վայրերի հետ։
Հանգիստը անցկացնելու հիանալի վայրերից է Սյունիքի մարզում գտնվող Տաթևի վանքը՝ հարուստ բնությամբ ու պատմամշակութային մեծ արժեքներով։ Երկօրյա տուրի ընթացքում կազմակերպելու ենք այցելություններ նաև դեպի՝
Այցելությունների շարքը կսկսենք Արարատի մարզի Լուսառատ գյուղի մոտակայքում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա գտնվող Խոր Վիրապ ճարտարապետական հուշարձանի այցելությամբ։ 17-րդ դարի վանք-ամրոցը եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Լուսավորչի անվան հետ։
Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Եւ այդ տարիների ընթացքում Տրդատ 3-րդ Մեծը մահացու հիվանդությունով վարակվում է ու քանի որ նա գիտեր որ Լուսավորիչը կարող էր բժշկել մարդկանց, հրամայում է արձակել նրան։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։
13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. 1255 թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց, որի նշանավոր սաներից են դառնում Վարդան Արևելցին, Եսայի Նչեցին, Հովհաննես Երզնկացին, Գևորգ Սկևռացին, Ներսես Մշեցին, որը հետագայում Խոր Վիրապի դպրությունը բարձրացրեց նոր մակարդակի։
Պարույր Սևակի տուն-թանգարանը գտնվում է բանաստեղծի ծննդավայրում՝ Զանգակատուն (նախկինում՝ Չանախչի, Սովետաշեն) գյուղում։ Բացվել է Պարույր Սևակի ողբերգական մահվան 10-րդ տարելիցի օրը՝ 1981 թ. հունիսի 17-ին։ Տուն-թանգարանի շենքն ընգրկված է ՀՀ հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանների ցանկում։
Թանգարանը կառուցվել է գրողի առանձնատան կողքին, այգու հարևանությամբ։ Նախագծի հեղինակն է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը։ Ըստ նախագծի՝ տուն-թանգարան համալիրը ներառում էր նախասրահ-դահլիճ, ցուցասրահներ, մատուռ-զանգակատուն, ամֆիթատրոն։ Իրականացվել է նախագծի միայն մի մասը՝ ներկայիս նախասրահ-դահլիճը։
2015թ. մարտին բացվեց տուն-թանգարանի նոր մասնաշենքը, որն ունի զանգակատան տեսք։ Այն ներառում է տուն-թանգարանի վարչական մասը, գրապահոցը և ընդունելությունների սրահը։ Պարույր Սևակի տուն-թանգարան համալիրն այսօր ներառում է թանգարանի երկու մասնաշենքերը, բանաստեղծի կառուցած առանձնատունը (1960թ.), այգին և հայրական տունը (1924թ.):
Թանգարանի նախասրահ-դահլիճում ցուցադրված են բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարբեր փուլերին վերաբերող ցուցանմուշներ՝ անձնական իրեր, վավերագրեր, ձեռագրերի պատճեններ, տարբեր լեզուներով հրատարակություններ։ Ցուցասրահի մի անկյունում ճգրտությամբ վերարտադրված է Պ. Սևակի՝ երևանյան բնակարանի (հասցե՝ Կասյան 3) աշխատասենյակը՝ բնօրինակ կահույքով և ցուցանմուշներով։
Թանգարանում պահպանվում են շուրջ 700 ցուցանմուշներ և Պ. Սևակի անձնական գրադարանի 1000-ից ավելի գրքեր։ 2019 թվականից թանգարանի ցուցադրության մաս է կազմում նաև Պարույր Սևակի հայրական տունը։ Տան առջև փռված է մի փոքրիկ այգի՝ խնձորի, ծիրանի, ընկույզի ծառերով։ Տունը բնակեցված է եղել մինչև 1980-ական թվականները։ Այնտեղ ապրել են Պ. Սևակի ծնողները և հորեղբայրը (մինչև 1960-ականները), իսկ հետո ընտանիքի մտերիմ ազգականները։
1994թ-ին ՀՀ Վայոց Ձոր մարզի Արենի գյուղում Սիմոնյան ընտանիքի նախաձեռնությամբ հիմնադրվեց ՙԱրենիի գինու գործարան՚ ՓԲԸ-ն: Ներկայումս օգտագործվող հումքի գրեթե կեսը սեփական արտադրության խաղողն է, մնացածը գնվում է Արենի և հարակից գյուղերի այգեգործներից: Պտուղների թագուհի խաղողը երկար ճանապարհ է անցնում մինչև հայոց նահապետական գինու վերածվելը: Լավ գինի ստանալու համար կարևոր է հումքի բարձր որակը, իսկ լավորակ խաղող ստանալու հիմնական պայմաններից մեկը նրա ճիշտ մշակումն է, որը կատարվում է տարբեր փուլերով սկսած վաղ գարնանիցª մարտ-ապ րիլ ամիսներից մինչև սեպտեմբեր-հոկտեմբերի վերջ: Այգեկութը սկսվում է Արենիից սեպտեմբերի կեսերից, և ավարտվում է Խաչիկ (1600մ ծ.մ.) գյուղով մինչև նոյեմբերի կեսերը: Վայոց Ձորում խաղողի այգիները չեն թաղվում (հողով չեն ծածկվում):
Ծովի մակարդակից 1000 մետր բարձրության վրա գտնվող Արենին /նախկինում Արփա/ խաղողի բնօրրաներից մեկն է: Այստեղ է աճում խաղողի հնագույն տեսակներից մեկը Արենին: Պատահական չէ, որ հենց այս վայրում Արենիի թռչունների քարանձավում հնագիտական հետազոտությունները հայտնաբերեցին խաղողի վերամշակման ամենահին հնձանը, որը շուրջ 6000 տարվա պատմություն ունի: Գինու արտադրության հնագույն օջախում գտնված կարասների մեծությունն ու քանակը, գինու ստացման տեխնոլոգիան, այգիների համար ոռոգման ցանցի առկայությունը խոսում են այն մասին, որ այս վայրում հազարամյակներ առաջ արդեն իսկ գինեգործության զարգացած մշակույթ կար:
Ուղղությունը շարունակում ենք դեպի 13-14-րդ դարերում կառուցված, Վայոց ձորի մարզում գտնվող Նորավանք վանական համալիր։ Նորավանքում որոշ ժամանակ գործել է ժամանակի նշանավոր հոգևորական, աստվածաբան և պատմիչ, քաղաքական ու մշակութային գործիչ Ստեփանոս Օրբելյանը։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ արդեն վաղ միջնադարից հանդիսացել է սրբատեղի։
Նորավանքը Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկն է, որն առանձնանում է նաև իր բնական գեղատեսիլ միջավայրով։ Վանքը հիմնադրվել է ավելի վաղ գոյություն ունեցած երկու եկեղեցիների տարածքում` 12-րդ դարում և կառուցապատվել հիմնականում 13-14-րդ դարերում։ Նորավանքի պատմության հետ կապված են ժամանակաշրջանի հայտնի եկեղեցական և քաղաքական գործիչների անուններ։ Նորավանքում են ապրել, ստեղծագործել և այստեղ են թաղված միջնադարյան Հայաստանի նշանավոր գործիչներ ու ստեղծագործողներ։
Նորավանքը հիմնադրել է Վահանավանքի վանահայր Հովհաննես եպիսկոպոսը, ով 1105 թվականին այստեղ հաստատվելով` ընդարձակել է վանքապատկան տարածքները, հավաքել ճգնակյաց վանականների, սելջուկ տիրակալներից հրամանագրեր վերցրել Նորավանքը եպիսկոպոսանիստ ճանաչելու վերաբերյալ։ Հաջորդ երկու դարերի ընթացքում Նորավանքն ընդլայնվել է` շնորհիվ Սյունիքում իշխող Օրբելյանների եկեղեցանպաստ գործունեության, ու դարձել հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոն և Օրբելյանների տոհմական գերեզմանատունը։
1238 թվականին վանքը թալանվել է մոնղոլների կողմից, սակայն, Աղա Խանի և Օրբելյան Էլիկում իշխանի միջև կնքված հաշտությամբ խաղաղություն է հաստատվել, որը հնարավորություն է ընձեռել վերակառուցելու վանքը և ծաղկուն գործունեություն ծավալել մինչև ԼենկԹեմուրի արշավանքները` 14-րդ դարի վերջում։
Ճանապարհը մեզ ուղեկցում է դեպի քաղաք Ջերմուկ՝ Հայաստանի երեք առողջարանային քաղաքներից մեկը։ Ջերմուկի տեղում նախկինում եղել է հայկական Ջերմուկ գյուղը։ Հետագայում այն օտարերկրացիների կողմից ավերվել է և նրա փոխարեն նոր գյուղ են կառուցել, որը թարգմանաբար կոչել են Իստիսու։ Ջերմուկ է վերանվանվել 1924 թվականին։ Քաղաքին է պատկանում նաև 3 կմ հարավ-արևմուտքում գտնվող Կեչուտ գյուղը։ Իսկ արդեն 2016 թվականին «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Ջերմուկ քաղաքային համայնքին են միավորվել նաև Գնդեվազ, Հերհեր և Կարմրաշեն գյուղերը։
Ջերմուկի սկզբնամասում է գտնվում ճոպանուղին, որը կառուցվել է 2007 թվականի աշնանը ավստրիական "Leitner" կազմակերպության կողմից։
Ճոպանուղու երկարությունը 1000 մ է։ Ներքևի և վերևի հենասյուների միջև եղած բարձրության տարբերությունը 400 մ է։ Ամենաբարձր կետը գտնվում է 2480 մ բարձրության վրա, որտեղ գործում է ռեստորան-սրճարան։ Ունի 2 սահուղի։ Առաջինի երկարությունը 1450 մ է, երկրորդինը՝1550 մ։ Տեղերի թիվը՝ 200:
Այստեղ է գտնվում նաև բնության ջրաերկրաբանական հուշարձանը՝ Ջերմուկի ջրվեժը։ Այն սկզբնավորվում է աղբյուրներից, ունի մոտ 72 կմ բարձրություն և 3 գմբեթաձև դարավանդներով թափվում է Արփա գետ։
Ասում են, որ շատ հնուց այսօրվա ջրվեժի տեղում, անդնդախոր ժայռերի ծերպին գտնվում էր իշխանի ամրոցը, որի գեղեցկուհի դուստրը կուսական բնության մի մասն էր կազմում։ Իշխանուհու ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից, սակայն նա մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի երիտասարդ, քաջարի ու գեղեցիկ որդուն։ Ամեն օր, կեսգիշերից հետո, ամրոցի իր ննջարանի լուսամուտից դեռատի իշխանուհին ձորն էր նետում երկար պարանի ծայրը, որով հովվի որդին խոր կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ։
Իշխանը շուտով իմանալում է այդ մասին՝ գազազում, փրփրում և անիծում է դստերը. եթե մեկ էլ հանդիպի հովվի որդուն, թող ջրահարս դառնա ու ջրից երբեք դուրս չգա։ Սակայն դեռատի սիրահարներին ոչինչ չէր պահում հանդիպման գայթակղությունից, և հերթական անգամ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը։ Սակայն նույն ակնթարթին կատարվում է հոր դաժան անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»։
Բավականին հագեցած օրվա ամենալավ ու սպասված եզրափակումը կլինի գիշերակացը քաղաք Գորիսում։ Նախկինում քաղաքն անվանվել է Գերյուսի, Գուրիայա, Գորես, Գորիս, Հին Կյորես, Կյուրիս, Կուրիս, Ձագեձոր, Զանգիզուր, Զանկյազուր, Կյուրյուս։
Գորիս անվան տարբեր բացատրություններ կան։ Ենթադրվում է, որ տեղանվան հիմքը կազմում են հնդեվրոպական նախալեզվի գուոռ-«ժայռ» և էս-«լինել» բառերը, այսինքն Գորիս-Կյորես նշանակում է ժայռոտ տեղ։ Քաղաքի տեղում բնակավայր եղել է հնագույն ժամանակներից, թերևս մարդն այստեղ բնակություն է հաստատել քարեդարյան շրջանում։ Գորիս անվան հնագույն հիշատակումը գալիս է ուրարտական ժամանակաշրջանից։ Ռուսա Ա թագավորը մ.թ.ա. 8-րդ դարում թողել է սեպագիր արձանագրություն, ուր իր նվաճած 23 երկրների մեջ նշում է Գուրիայա երկիրը։ Գիտնականները գտնում են, որ դա Գորիսն է։ Գորիսում գտնվել է նաև Արտաշես Ա թագավորի (մ.թ.ա. 189-160) արամեերեն արձանագրության սահմանաքար։
Խնձորեսկը յուրօրինակ տեսարժան վայր է, որը հայտնի է իր քարանձավային անտիկ կացարաններով, որտեղ մարդիկ ապրել են ընդհուպ մինչև 1950-ականները:
Մեր հանգստի երկրորդ օրը սկսենք հենց Խնձորեսկով զբոսնելով և իհարկե կուղևորվենք դեպի Խնձորեսկի ճոճվող կամուրջ։ Կամուրջը միմյանց հետ կապում է հին Խնձորեսկի երկու «ափերը»` Հին և Նոր Խնձորեսկները, որտեղից երևում են Խնձորեսկի չորս եկեղեցիները և «Ինը մանուկի» աղբյուրը։
Կամուրջը կառուցվել է 2012 թվականին խնձորեսկցի գործարար Ժորա Ալեքսանյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ, ով կառույցը նվիրել է ծնողների՝ Հայկ և Թամարա Ալեքսանյանների հիշատակին։ Կամրջից բացվում է տեսարան դեպի ձորը, որտեղ գտնվում է Անապատ եկեղեցին, որի բակում թաղված է Մխիթար Սպարապետը։ Կամրջի մյուս ծայրում քարանձավային քաղաքն է՝ իր բազմաթիվ տուն-քարանձավներով ու «առանձնատներով»։
Զանգեզուրի ճարտարապետական կոթողների մեջ Տաթևի վանքը չունի իր համազորը: Սա միջնադարյան Հայաստանի ամենահարուստ վանքային համալիրն է եղել: Բացի հոգևոր կենտրոն լինելուց, Տաթևը եղել է նաեւ Սյունաց թագավորության քաղաքական կարեւոր հենակետ: Վանքի ռազմավարական ձեռնտու դիրքը եւ անառիկությունը նպաստավոր պայմաններ են ստեղծել այստեղ պաշտպանական ամուր կառույցներ ստեղծելու համար: Քաղաքական ոչ բարենպաստ պայմաններում արտաքին աշխարհի հետ կապի միջոց էին ծառայում վանական համալիրի տարածքում եղած բազմաթիվ գաղտնուղիները:
Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, ունեցել անշուք տեսք, սակավաթիվ ճգնավոր միաբաններ։ 8-րդ դարի վերջին եղել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը։ Այստեղ են բերվել Քրիստոսի խաչափայտի մասունքով արծաթե հսկա (մարդաչափ) «Բաբկենյան խաչը» (պատրաստել էր Բաբիկ իշխանի որդի Վասակը), Բյուզանդիայից՝ «Աստվածամուխ սուրբ Նշանը», սուրբ Հովհաննեսի, սուրբ Ստեփանոս Նախավկայի, տասնմեկ առաքյալների, սուրբ Գրիգոր Ա Լուսավորչի, սուրբ Հռիփսիմեի մասունքները, Աստվածածնի մազերը։
Ավանդության համաձայն՝ Լենկ Թեմուրը ցանկացել է հիմնահատակ կործանել Տաթևի վանքը և արմատախիլ անել նրա մոտ գտնվող շարժական Գավազան սյունը։ Դրա համար նա հրամայել է իր հրոսակներին լծել զույգ գոմեշ, գութանի շղթայով կապել սյունը և ձգել։ Հենց որ գոմեշները սկսում են ձգել, շղթան կտրվում է և նրանք տապալվում են ձորը։ Տեսնելով այդ՝ Լենկ Թեմուրը հեռանում է Տաթևից։
Գալով Տաթև՝ Լենկ-Թեմուրը կարգադրում է փայտ դիզել վանքի մեջ և այրել։ Կրակը ընկնում է նաև զանգակատունը և փչացնում զանգերը։ Դրանից հետո վանքի զանգերի ձայնը խզվում է։
Զբոսաշրջիկների կողմից ամենասիրված վայրերից մեկն է Սատանի կամուրջը։ Այն տրավերտններից գոյացած բնական կամուրջ է, որը գտնվում է Սյունիքի մարզում՝ Որոտան գետի վրա։ Կամուրջի շրջակայքում կան բազմաթիվ լեռնային աղբյուրներ, որոնց ջրերը գունավորում են ձորի պատերը վարդագույն, դեղին և կանաչ գույներով։
Սատանի կամրջի վրայով է անցնում Գորիս-Տաթև ավտոճանապարհը։ Բնական կամրջի լայնությունը 60 մետր է, երկարությունը՝ 30մ։ Կամրջից քիչ հեռու կարելի է ընկղմվել տաք աղբյուրների ջրերում։ Անգամ կարող եք իջնել մինչև գետը՝ վայելելու աղբյուրներից ներքև ընկած խորհրդավոր անձավների տեսարանը։
Դեռևս հնագույն ժամանակներում հայ մեծահարուստներն ամռան ամիսներին այցելում էին այս հրաշք քարանձավ՝ բուժիչ լոգանք ընդունելու։
Տպավորություններով լի և հագեցած 2 օրվա հանգիստը կատարյալ չէր լինի առանց Շաքիի ջրվեժի այցելության։ Շաքիի ջրվեժը գտնվում է Սիսիան քաղաքից 3կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Շաքի գետի վրա։ Ջրվեժի բարձրությունը 18 մետր է և այն համարվում է Հայաստանի ամենասիրված վայրերից մեկը զբոսաշրջիկների կողմից։ Ջրվեժի ուժն այնքան մեծ է, որ շատ հաճախ ջրվեժի մոտ կանգնած մարդկանց ձայնը հնարավոր չէ լսել։ Ջրի հիմնական մասը օգտագործվում է Շաքիի հիդրոէլեկտրակայանում, ինչը ջրվեժից հսկայական ջուր է խլում և հնարավորություն չի տալիս նրան փայլել իր ողջ շքեղությամբ։
Ջրվեժի անվան հետ կապված ևս մի առասպել կա։ Շաքին գեղեցիկ աղջիկ էր, այնքան գեղեցիկ է եղել նա, որ նրա գեղեցկությանը չի դիմացել մեր երկիրը նվաճելու եկած արաբ զավթիչներից մեկը, սիրահարվել է Շաքիին։ Զավթիչը հրամայել է աղջկան գալ իր մոտ, Շաքին էլ չի հնազանդվել ու իրեն նետել է բարձունքից ցած։ Այդ պահին նրա հագուստի ճերմակ փոշերը տարածվել են ու դարձել ջրվեժ։
Դե ինչ, շտապիր գրացվել մեր՝ դեպի Տաթևի վանք + Ջերմուկ երկօրյա տուրին, կտրվիր քաղաքի ամենօրվա թոհ ու բոհից, ու վայելիր ամառվա վերջին օրերը մեզ հետ։ Իսկ մեր բանիմաց ու ուրախ գիդ-էքսկուրսավարները Ձեր հանգիստը կդարձնեն էլ ավելի հետաքրքիր ու անմոռանալի։