Սյունյաց աշխարհի նշանավոր վանքերից էր Թանահատի վանքը, որը կառուցված է գեղատեսիլ մի լեռնաճյուղի վրա: Այս համալիրը մեծ հռչակ ուներ հատկապես 13-14-րդ դդ., քանի որ ենթադրվում է, որ այստեղ էր գտնվում Հայաստանի բարձրագույն դպրոցներից մեկը՝ Գլաձորի համալսարանը: Համալսարանը մի վարդապետարան էր, որտեղ գործում էին ժամանակի ամենահայտնի գիտնականները եւ որի շրջանավարտները հոգեւոր բնագավառից բացի զբաղվում էին նաեւ գիտությամբ ու մատենագրությամբ: Գլաձորում էր գտնվում նկարչության դպրոցը, որը հենվելով անցյալի ավանդույթների վրա, իր ուրույն ձեւով ներկայացրեց հայ մանրանկարչությունը: