Այս տարի մարտի 16-ից 18-ը Մոսկվայում կայացած MITT Moscow զբոսաշրջային ցուցահանդեսին Հայաստանը ներկայացնում էր նաև Positive Day տուր օպերատորը:
Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցել է 1,5 հազար կազմակերպություն 229 երկրից, այդ թվում նաև Հայաստանը՝ մեկ միասնական տաղավարով։
Երեք օրվա ընթացքում Positive Day տուրի տաղավարը հասցրել է գրավել ռուսաստանցի այցելուների, տարբեր երկրներից ժամանած թե գործընկերների և թե զբոսաշրջիկների ուշադրությունը՝ աչքի ընկնելով իր զբոսաշրջային առաջարկների բազմազանությամբ՝ արկածային զբոսաշրջություն, գաստրո տուրեր, գինու տուրեր, երևանյան և մարզային փառատոններ, համաշխարհային մշակութային արժեքներ և այլն։
Մարտի 17-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը՝ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի գլխավորությամբ, հյուրընկալել է այդ օրերին Մոսկվայում գտնվող Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներին։ Դեսպանը կարևորել է ներկայիս դժվար ժամանակներում Հայաստանի զբոսաշրջային ներուժի ներկայացումը Ռուսաստանում և հայ-ռուսական հետագա կապերի ամրապնդումը։ Ընդունելության ընթացքում դեսպան Տողանյանը հուշանվեր է հանձնել Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանին։ Հանդիպմանը հրավիրվել էին նաև Ռուսաստանի զբոսաշրջային բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։