Հայաստանը բացի հարուստ բուսական աշխարհից և տեսարժան վայրերից հայտնի է իր ամենամյա փառատոններով։ Ամենամյա փառատոնները մեծ դեր ու նշանակություն ունեն Հայաստանում: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները և կոչված է ներկայացնելու հայկական մշակույթն ու սովորույթները:
Տոլմայի փառատոն
Հայաստանի ամենահամե՜ղ փառատոններից մեկը տոլմայի փառատոնն է, որին մեծ ոգևորությամբ սպասում են գրեթե բոլորը։ Այն այս տարի անց է կացվելու մայիսի 22-ին <<Զվարթնոց>> պատմամշակութային արգելոց թանգարանի տարածքում։
Տոլման հայկական խոհանոցի ավանդական ուտեստներից է։ Փառատոնի բոլոր մասնակիցերին հնարավորություն է տրվում համտեսել Հայաստանի տարբեր վայրերից հավաքած, դարեդար փոխանցված բաղադրատոմսերով պատրաստված տոլման։ Իսկ փառատոնի ամենաթեժ պահին կազմակերպպվում են տարբեր մրցույթներ, որոնցից մեկը օրինակ ամենաերկար կամ ամենամեծ տոլմայի պատրաստումն է։
Խորովածի փառատոն
Խորովածի փառատոնը հայերի ամենասիրելի փառատոններից մեկն է։ Համահայկական ամենամյա խորովածի փառատոնը 2009 թվականից անց է կացվում Լոռու մարզի Ախթալա քաղաքում, Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։ Խոհանոցի ներկայացումը ոչ միայն խոհանոցի տոն է, այլ նաև առիթ ներկայացնելու ազգային տեսակն ու հնագույն մշակութային ավանդույթները, և մեկ անգամ ևս հիշելու մեր արմատներն ու աշխարհին ներկայացնելու ստեղծված հարուստ ժառանգությունը:
Փառատոնին մասնակցում են հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, ռեստորանների և սրճարանների ներկայացուցիչներ։ Ավելին, խորովածի փառատոնին մասնակցում են նաև անհատ խոհարարներ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից։ Դե իսկ մասնակցելով փառատոնին Դուք հնարավորություն կունենաք համտեսելու տարբեր բաղադրատոմսերով պատրաստված ամենահամեղ խորովածը։
Իսկ 2017 թվականին կազմակերպիչներն Ախթալան հռչակեցին խորովածի համաշխարհային մայրաքաղաք։
Ձմերուկի փառատոն
Էլ ի՞նչ է պետք ամառվա տապին եթե ոչ սառը ու քաղցր ձմերուկ։ Ձմերուկի փառատոնը մայրաքաղաք Երևանի բնակիչերի և այստեղ հյուրընկալվողների ամենասիրելի փառատոններից է։ Այն տեղի է ունենում հուլիսին Երևանի Կարապի լճի զբոսայգում։ Այստեղ դուք կարող եք համտեսել հյութալի և թարմեցնող ձմերուկ՝ միևնույն ժամանակ վայելելով հաճելի երաժշտությունն ամենուրեք։ Իսկ փառատոնի մուտքն անվճար է։
Գարեջրի փառատոն
Հայաստանն ունի գարեջրի արտադրության իր սեփական ավանդույթները, որոնք շատ ժամանակակից արտադրողներ ակնածանքով պահպանում են: Եվ հենց գարեջրի փառատոնի ընթացքում էլ կարող եք համտեսել տեղական զովացուցիչ ըմպելիքների զանազան տեսակներ, ինչպես նաև գարեջրի նախուտեստների լայն տեսականի՝ երշիկեղեն, ընդեղեն և Սևանի համեղ խեցգետիններ: Փառատոնը տեղի է ունենում օգոստոսին Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի զբոսայգում։
Երևան ՏԱՐԱԶ ֆեստ
Ազգային տարազի փառատոնը անցկացվում է օգոստոսին Հյուսիսային պողոտայում՝ Հայաստանի մայրաքաղաքի հենց կենտրոնում: Այս փառատոնի ընթացքում ներկայացվում են երկրի տարբեր մարզերից տարազներ, ինչպես նաև ձեռքի ասեղնագործ աշխատանքներ: Իսկ եթե ցանկանում եք վերադառնալ հին ժամանակներ, ապա հենց այս փառատոնի ընթացքում ցանկացողները կարող են ունենալ նաև ազգային զգեստներն ու զարդերը փորձելու և նկարվելու հնարավորություն։
Գաթայի փառատոն
Ամեն տարի սեպտեմբերին Հայաստանի Վայոց ձորի Խաչիկ գյուղում տեղի է ունենում ալյուրից, կարագից եւ շաքարից պատրաստված ամենահամեղ հայկական աղանդերին նվիրված գաթայի փառատոնը։ Փառատոնի ընթացքում այցելուները կարող են փորձել ավանդական գաթան, ականատես լինել դրա պատրաստմանը, ինչպես նաև վայելել ազգագրական երաժշտությունն ու պարերը, մասնակցել խաղերին և գնումներ կատարել տեղական արվեստի եւ արհեստների տոնավաճառից: Եվ փառատոնի ամենավառ իրադարձությունը ամենամեծ՝ 2մ տրամագծով գաթայի համտեսն է՝ պատրաստված գյուղի հրուշակագործների կողմից:
Թեյի եւ սուրճի փառատոն
Թեյի և սուրճի փառատոնը Երևանի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ Կարապի լճի հարակից տարածքում, միախմբում է թեյի եւ սուրճի բոլոր սիրահարներին։ Այցելուները աշնանային մեղմ օրերին զբոսնում են լճի շուրջ՝ վայելելով թե հայտնի եւ թե նոր ապրանքանիշերի թեյի եւ սուրճի տեսակները: Խոտաբույսերի, հատապտուղների և մրգային թեյերի լայն ընտրանիները հնարավորություն են տալիս ամառն անցնելուց հետո վայելել Հայկական լեռնաշխարհի անուշահոտ արտադրանքը: Այցելուները կարող են համտեսել և գնել թեյ կամ սուրճ` միաժամանակ սովորելով դրանց արտադրման եղանակները:
Գինու փառատոն
Հատուկ գինու սիրահարների համար սեպտեմբեր ամսին կազմակերպվում է գինու փառատոն Արենի համայնքում։ Գինու համտեսումն ու գինեգործության հայկական ավանդույթների հետ ծանոթացումը միջոցառումների անբաժան մասն է:
Բացի Արենիում կազմակերպվող փառատոնից, գինու փառատոն է կազմակերպվում նաև մայիսին, Երևանի Սարյան փողոցում։ Այցելուներին ողջունում են հայկական համեղ ուտեստներով, հաճելի երաժշտությանբ, և իհարկե, ամբողջ փուղոցում մատուցվում է տեղական գինիների լայն տեսականի: Գինու համտեսման համար մասնակիցները տեղում կարող են ձեռք բերել տոմսեր, որոնք գործում են փառատոնի բոլոր օրերի ընթացքում:
Էկոտուրիզմի փառատոն
Էկոտուրիզմի փառատոնը տեղի է ունենում Վայոց ձորի մարզի Արտավան գյուղում հիմնականում հունիս ամսին։ Փառատոնի ընթացքում տեղի են ունենում մի շարք միջոցառումներ՝ գյուղմթերքների ցուցահանդես-վաճառք, էկոտուրիզմի ծառայությունների և բնապահպանական կազմակերպություների ցուցահանդես, էկոտուրեր (քայլարշավ, թիթեռադիտարկում, կենդանական և բուսական աշխարհի դիտարկում և այլն), աստղադիտում, ինչպես նաև զրույցներ խարույկի շուրջ։
Մեղրի եւ հատապտուղների փառատոն
Տավուշի բերքն ու բարիքը, անարատ մեղրը, ձեռագործ աշխատանքն ու երգն ու պարը հավաքվում են մեկ տեղում՝ մեղրի և ատապտուղների փառատոնում։ Առանձին տաղավարներով ինչպես Բերդի տարածաշրջանի, այնպես էլ հարակից համայնքների բնակիչները ներկայացնում են իրենց բերքն ու բարիքը, հատապտուղները, արտադրած մեղրը, ձեռագործ աշխատանքները:
Փառատոնի գաղափարն այն է, որ ցույց տրվի՝ առանց տները լքելու, այլ վայրերում աշխատանք փնտրելու այստեղ էլ կարելի է սեփական գործ կազմակերպել: Ստեղծվում են բոլոր պայմանները որ այցելուները և՛ լավ ժամանակ անցկացնեն, և՛ էկոլոգիապես մաքուր ուտելիք համտեսեն, և՛ ծանոթանան Տավուշի զբոսաշրջային հնարավորություններին: Փորձը ցույց է տալիս այցելուները սիրահարվում են թե՛ Տավուշի բնությանը, և թե՛ համեղ ուտեստներին։
Թթի փառատոն
Թթի փառատոնը տեղի է ունենում Հայաստանի այն տարածաշրջաններում, որտեղ թութն առատ է աճում, և տեղի բնակիչները թթից տարբեր բարիքներ պատրաստելու ավանդույթներ են ձևավորել։
Տոնակատարությունը հիմնականում կազմակերպվում է Սյունիքի մարզում և Արցախի Ամարաս վանքի շրջակայքում։ Փառատոնը սկսվում է թութ թափ տալու հին ավանդույթից։
Հյուրերը կարող են համտեսել ցուցահանդես-վաճառքին ներկայացված բարիքները, ձեռք բերել դրանք, ինչպես նաև հետևել, թե ինչպես են թթից օղի թորում և դոշաբ պատրաստում։
Starmus միջազգային փառատոն
2021 թվականին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Starmus միջազգային փառատոնը։ Այդ մասին հունվարի 24-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Անցյալ տարի դրան մասնակցել է ավելի քան 70 հազար մարդ, իսկ գլխավոր մրցանակը բաժին է հասել աշխարհահռչակ ամերիկացի գործարար եւ միլիարդատեր Իլոն Մասկին: Նախարարը վստահություն է հայտնել, որ առաջիկա փառատոնը հաջողությամբ կանցնի և մեծ հետաքրքրություն կառաջացնի ողջ աշխարհում:
Starmus միջազգային փառատոնը նվիրված է աստղագիտությանը, տիեզերքի ուսումնասիրությանը, երաժշտությանը, արվեստին եւ հարակից գիտություններին, ինչպիսիք են կենսաբանությունը եւ քիմիան: Այն հիմնադրել է Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոս, Լա Լագունա համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը:
Եթե դուք գինու, գարեջրի կամ համեղ ուտեստների սիրահար եք, ապա Հայաստանը ամենահարմար վայրն է փառատոններին մասնակցելու և լավ ժամանակ անցկացնելու համար։ Իսկ Positive Day Tour-ը մշտապես կազմակերպում է տուրեր դեպի Հայաստանի ամենագեղեցիկ տեսարժան վայրերը, և որ ամենակարևորն է անցկացվում են նաև ամենակոլորիտային ու հետաքրքիր փառատոններին ուղղված տուրեր։