Գյումրին բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է և գտնվում է Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Գյումրին ի սկզբանե կոչվել է Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի, 1840-1924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թվականներին՝ Լենինական, 1990-1992 թվականներին` Կումայրի։ Եվ արդեն 1992 թվականին այն վերանվանվեց Գյումրի։
Գյումրին բոլոր ժամանակներում եղել է և միշտ կլինի ամենաշատ այցելվող տուրիստական վայրերից մեկը Հայաստանում։ Հենց դրա համար էլ այս անգամ որոշեցինք անդրադարձ կատարել խորհրդավոր Գյումրիին և Ձեզ ներկայացնել այն` իր ողջ հմայքով և տեսարժան վայրերով։
Վարդանանց հրապարակը Գյումրիի կենտրոնական հրապարակն է։ Հրապարակին հարակից Աբովյան, Գայի, Շահումյան և Վահան Չերազ փողոցներն են։ Հրապարակը նախկինում կոչվել է «Մայիսյան Ապստամբության» հրապարակ՝ ի պատիվ 1920 թվականի մայիսին Առաջին հանրապետության դեմ բոլշևիկյան ապստամբության ձախողման։ Հրապարակը բացվել է 1930-ական թվականներին՝ համաձայն Ալեքսանդր Թամանյանի նախագծի և Դ. Չիսլյանի վերանայած պլանի։
Հրապարակը շրջապատված է մի քանի կարևոր շինություններով՝ Գյումրու քաղաքապետարան, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, Սուրբ Յոթ Վերք եկեղեցի և «Հոկտեմբեր» կինոթատրոն։ Մյուս կողմից, հրապարակը զարդարում են շատրվաններն ու 2008 թվականին տեղադրված «Ավարայրի ճակատամարտին» նվիրված բրոնզաձույլ արձանախումբը։
Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1860-ական թվականներին, իսկ շինարարությունն ավարտվել է 1973-ին։ Շինության ճարտարապետը Թադևոս Անտիկյանն է։ Ամենափրկիչը կառուցվել է Անիի Մայր տաճարի նմանությամբ։ 1882 թվականին Ձիթողցյանների միջոցներով հյուսիսային ճակատին կից կառուցվել է փոքրիկ գավիթ։ Եկեղեցուն կից գործել է նաև հայկական ծխական դպրոց։ Դպրոցի շենքը քանդվել է խորհրդային տարիներին։
Զանգակատունը 1932 թվականին փորձել են քանդել տանկերով, իսկ հետո փորձել են պայթեցնել։ 1960-ական թվականներին զանգակատունը վերաշինվել է։ Խորհրդային տարիներին այն ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ։ 1988 թվականի երկրաշարժի ժամանակ եկեղեցին մասամբ ավերվել էր։ Ս. Ամենափրկիչ եկեղեցին երկար ժամանակ վերականգնել չէին թողնում։ Նպատակ կար այն վերածել երկրաշարժի հուշարձանի։ Միայն 1995 թվականին եկեղեցին վերականգող ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանի և մեծն դիրիժոր Լորիս Ճգնավորյանի հետ Շիրակի նախկին մարզպետ Արարատ Գոմցյանից եկեղեցին վերականգելու թույլատրություն ստացան։ Եվ արդեն 2014 թվականին հունիսի 21-ին Գարեգին Բ-ն օծեց եկեղեցու խաչերը և դրանք տեղադրեցին գմբեթի և զանգակատան վրա։
Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի կենտրոնական՝ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։ Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։ Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է։
Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 1832 թվականին Բասենի Ս. Աստվածածածին վանքի առաջնորդ Պողոս վարդապետ Ջանլաթյանը իր հետ տեղափոխել է Մարմաշենի վանք։ 1832 թվականին հաշվի առնելով այն փաստը, որ Մարմաշենի վանքը գտնվում է սահմանի մոտ, որոշվել է սրբապատկերը տեղափոխել Հառիճավանք, սակայն Գյումրի հասնելով տեղացիները չեն թողել, որ սրբապատկերը տարվի Հառիճ և այն մնացել է Գյումրիում։
Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։Նկարի յոթ վերքերը հետևյալն են՝
Վարդանանց հրապարակից փողոցն անցնելիս անմիջապես կհայտնվեք Խաչքարերի պուրակում։ Պուրակը կառուցվել է 2010 թ.-ին Ամենափրկիչ եկեղեցու կողքին: Խաչքարերը փորագրված են, որի հիմնական տարրը խաչն է, և հաճախ պարունակում են լրացուցիչ տարրեր՝ երկրաչափական զարդանշաններ, հավերժության նշաններ, բուսական ու կենդանական պատկերներ: Խաչքարերը բնորոշ են միջնադարյան հայկական քրիստոնեական արվեստին: Գյումրու այս խաչքարերը տեղադրված են այստեղ ի հիշատակ այն հարյուրավոր հայկական խաչքարերի , որոնք ավիրվել են Ջուղայում ադրբեջանցիների կողմից:
2010 թ.-ից խաչքարերը, դրանց սիմվոլիկան ու վարպետությունը մակագրված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն:
Ասլամազյան քույրերի պատկերասրահը բացվել է 1987 թվականի նոյեմբերի 6-ին, Լենինականի «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի համակարգում՝ Ասլամազյան քույրերի՝ Լենինական քաղաքին իրենց աշխատանքները նվիրաբերելու առիթով։ Պատկերասրահը գտնվում է Աբովյան փողոցի վրա և ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» պահվում են քույրերի գեղանկարչական, գրաֆիկական, խեցեգործական աշխատանքների ամբողջական հավաքածուն։ Այստեղ պահպանվում են քույրերի կողմից նվիրատված մոտ 620 բնօրինակ աշխատանքներ։ Պատկերասրահի շենքը 1988 թվականի Գյումրու երկրաշարժից հետո տրամադրվել էր անօթևաններին և վերաբացվել է 2004 թվականին։
Ավելին, «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահն» իրականացնում է կրթական ծրագրերի կազմակերպում` դասընթաց-վարժանքների միջոցով, արվեստային թերապիաներ, որոնց նպատակներն են պատկերասրահի տարածքում ստեղծել արվեստի դաշտ,որի ակտիվ մասնակիցն է հանդիսանալու հասարակությունը՝ անկախ տարիքային սահմանափակումից և սեռային պատկանելիությունից։
Սև բերդ / ամրոցը կառուցվել է 1834 թվականին։ Բերդի համար ստորգետնյա ճանապարհներ են կառուցված եղել, որոնք տանում էին դեպի Կարմիր բերդը և ներկայիս Մայր Հայաստանի հուշարձանը։ Սև բերդը ներառված է Գյումրիի պատմության և մշակույթի հուշարձանների շարքում։ Ի սկզբանե այն եղել է Ալեքսանդրապոլի պաշտպանական կառույց, ծառայել է որպես զինվորական բանտ։
Սև բերդի շրջանում իրակացնվել են բազմաթիվ պեղումեր ու ուսումնասիրություններ, որոնց արդյուքում պարզ է դարձել, որ այս բերդը քաղաքի ամենահնագույն բնակելի հատվածն է եղել։ Առաջին ուսումնասիրությունները կատարվել են դեռևս 19 դարի երկրորդ կեսին։ Պեղումների արդյունքում հայտնբերվել են փոքր բնակավայր սրբատեղիով, փոքր արձան, ցլիկ, անտիկ ժամանակշջանի դամբարանադաշտ։ Բակի ներսում գտնվել է Ք․ա 6-8 դարերի վաղեմության դամբարաններ, իսկ բերդի տարածքում հարուստ մշակութային ժառանգություն կա՝ վերաբերվող սկսած բրոնզեդարյան ժամանակաշրջանից մինչև երկաթի դարաշրջան։
Գարեջրի սիրահարները կգտնեն իրենց սիրելի վայրը Գյումրիում, քանի որ Գյումրի, Արարատ և Ալեքսանդրապոլ գարեջրերն արտադրվում են Գյումրիի գարեջրի գործարանում։ Այն բացվել է 1970 թվականին, Հայաստանում երկրորդ ամենամեծ գարեջրի գործարանն է։ Այս տարածքում կարելի է տեսնել գարեջրի գործարանի պատմական շենքը, որը Գյումրիի մշակութային ժառանգության մի մասն է կազմում: Զբոսաշրջիկները կարող են փորձել գարեջուրը արտադրման տարբեր փուլերում և ականատես լինել , թե ինչպես է Գյումրի գարեջուրը ֆիլտրացվում և շշալցվում: Այս վայրը ներառում է բազմաթիվ այլ պատմական հուշարձաններ, ինչպիսիք են՝
Չերքեզի ձորը, որը գտնվում է ռուսական պատմական Կարմիր բերդի հարևանությամբ, գյումրեցիների համար մշտապես եղել է հանգստի սիրելի վայր, սակայն երկրաշարժից հետո լքվել ու մոռացության էր մատնվել։ Երկրաշարժից միայն տասը տարի անց՝ 1999 թվականին, ճարտարապետ, գործարար Հմայակ Գևորգյանը ստեղծեց «Չերքեզի ձոր» ընկերությունը՝ նմատակ ունենալով վերականգնել ձորի երբեմնի համբավը։ Այստեղ կառուցվել է ավազաններ և ձորում հոսող աղբյուրների սառը ջուրն օգտագործելով՝ հիմնվել է ձկնաբուծարան։ Այցելուները հենց ավազանների կողքին ճաշակում են ձկնատեսակները՝ վայելելով ձորի բնությունը, մաքուր օդը, սառը ջուրը։
«Չերքեզի» ձորի տեղանվան վերաբերյալ երկու պատմական կարծիք կա։ Ըստ առաջինի, ձորի անվանումը կապվում է Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու իրադարձությունների հետ։ Ռուսական կայսրությունում չերքեզները պայքարել են ռուսական պետության դեմ անկախություն ձեռք բերելու համար, Օսմանյան կայսրություն գաղթելու նպատակով, վրաններ են խփել այս ձորում մինչև իրենց կազմակերպված տեղափոխումը։ Մյուս վարկածի համաձայն՝ ռուսական երկու գնդերից մեկը, որ մասնակցել է 1826-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմին, կոչվել է չերքեզական։
Գյումրին հայտնի է իր ուրույն մշակույթով և կենցաղով, որով էլ հենց գրավում է զբոսաշրջիկներին։ Այցելելով Գյումրի միանշանակ արժե այցելություն կազմակերպել դեպի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան՝ Ձիթողցոնց տուն-թանգարան, որտեղ ներկայացված է Գյումրվա առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Թանգարանը գտնվում է քաղաքի կենտրոնում և ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին։ Ձիթողցյան չորս եղբայրները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից և 1872 թվականին Ալեքսանդրապոլում կառուցել են այդ ժամանակի համար նշանակալի այս առանձնատունը։
Թանգարանի ցուցասրահներում ներկայացված են 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընկած ժամանակահատվածի Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, առավել տարածում գտած արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը։ Թանգարանի ցուցասրահներում վերականգնված են նաև գյումրեցի արհեստավորի և ունևոր խավի բնակարանների ներքնատեսքը։
Ցուցադրությունն ընդգրկում է Ալեքսանդրապոլ քաղաքի սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական և մշակութային կյանքի զարգացման պատմությունը 19-րդ դարի 30-ական թթ. մինչև 20-րդ դարի 20-ական թթ. ընկած ժամանակահատվածում։
«Պատվո բլուրը» կառուցվել է 1856 թվականին Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ Նիկոլայ Մուրավյովի հրամանով։
2010 թվականին «Պատվո բլուրը» վերանորոգվում է և վերաբացվում է նաև Սուրբ Միքայել հրեշտակապետի ռուսական ուղղափառ եկեղեցի-ժամատունը։ Վերանորոգումից հետո համալիրի տարածքում՝ պատի դիմաց, որի վրա փորագրված են 155 զոհերի անունները, կանգնեցվել է 13 մ բարձրությամբ հուշակոթող՝ «Կարսի ամրոցի գրավման ժամանակ զոհվածների հիշատակին» խորագրով (քանդակագործ՝ Բորիս Միկեշին)։ Սա 1910 թվականին Կարսում կանգնեցված հուշակոթողի կրկնօրինակն է՝ բացառությամբ թուրքական կիսալուսնով դրոշի։
Ժամատուն-եկեղեցին կրում է Միքայել հրեշտակապետի անունը։ Ժամատունը կառուցվել է տեղական սև սրբատաշ քարով։ Ժամատունը հայտնի է նաև «Պլպլան ժամ» անունով շնորհիվ իր շողշողացող թիթեղյա գմբեթի։ Եկեղեցին օծվել է 1886 թվականին Վրաստանի հույն-ռուսական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Պողոսի կողմից։ 1920 թվականին խորհրդային կարգերի հաստատումից հետո ժամատունը փակվել է։ 1980-ականներին ծառայել որպես հայ-ռուսական բարեկամության թանգարան։ 1988 թվականի երկրաշարժից կառույցը վնասվել է և ոչնչացել են ցուցադրության նմուշները։ 1997 թվականին ժամատունը դարձել է Սուրբ Միքայել հրեշտակապետի անվամբ ռուսական ուղղափառ եկեղեցի։
Հարավային և հյուսիսային կողմերից աստիճանները տանում են դեպի երկու մուտքեր, որոնցից օգտագործվում է միայն դեպի բակ բացվող դուռը։ Եվս մեկ դուռ կա ժամատան արևմտյան կողմից։
Գյումրու Մաքսիմ Գորկու անվան զբոսայգին գտնվում է քաղաքի կենտրոնական մասում, որտեղ սկսվում է Գայի փողոցը: Սա մի գեղեցիկ, կանաչ, ընդարձակ տարածք է զբոսայգիներով և երեխաների համար խաղային հարմարություններով: Բացի խաղահրապարակներից այստեղ կան բազմաթիվ արձաններ և հուշարձաններ: Գեղեցիկ հունական ոճով կառուցված կամարապատ հուշարձանը լավագույն վայրն է մի պահ առօրյա հոգսերից կտրվելու, լուսանկարվելու և հիանալու Մայր Հայաստանի հուշարձանով, որը կանգնեցված է բլրի մոտ:
Մեծ բակով և գրողների ու դերասանների քանդակներով ձևավորվում է Գյումրու թատերական հրապարակը: Բարձրահասակ եղևնիները այն դարձնում են ավելի գրավիչ տարվա բոլոր եղանակներին: Քայլելով պողոտայով` կտեսնեք Արվեստների Ակադեմիայի շենքն ու Անկախության հրապարակը:
Դարերի ընթացքում Գյումրին կոչվել է արհեստների և արվեստների քաղաք: Թատրոնի և կինոյի ոլորտներում գյումրեցիները իսկապես առաջնորդներ են: Երբևէ բեմականացված առաջին օպերան` «Անուշ»-ը, ցուցադրվել է Գյումրու թատրոնի հին շենքում, որը գտնվում է կենտրոնական այգում: Ժամանակակից Գյումրու դրամատիկական թատրոնն անվանվել է Վարդան Աճեմյանի՝ հայ անվանի ռեժիսորի և դերասանի անունով, որն էլ գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում:
Սերգեյ Դմիտրևիչ Մերկուրովը՝ նշանավոր խորհրդային քանդակագործը, ունի հունա-հայկական ծագում: Նա ծնվել և կրթություն է ստացել Գյումրիում: Նրա տուն-թանգարանը բացվել է Գյումրիում՝ իր հայրական տանը 1984թ.-ին: Տունը կառուցվել է 1869թ.-ին Մերկուրովի նախնիների կողմից: Թանգարանը գտնվում է Գյումրու Հաղթանակի պողոտայում, Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանին կից։
Մերկուրովի ամենահայտնի հավաքածուն իր կյանքի ընթացքում մահացած մարդկանց ու համաշխարհային առաջնորդների դիմակներն են: Նա ավելի քան 300 դիմակների հեղինակ է: Թանգարանի հավաքածուն համալրված է հայտնի մարդկանց դիմաքանդակներով՝ Լև Տոլստոյ, Հովհաննես Թումանյան, կոմպոզիտոր Նիկոլայ Սկրյաբին, Լենին, Գեորգի Պլեխանով և այլն։ Ցուցադրված են հետմահու 30 դիմակներ, 13 քանդակներ։
Իր մահից առաջ Մերկուրովը իր տունը քաղաքին է տվել որպես նվեր, խնդրանքով, որ այն պետք է ծառայի արվեստին: Տունը տուժել է 1988 թ.-ի երկրաշարժից և չնայած որ այն վերականգնվել է «Լինսի» հիմնադրամի աջակցությամբ 2003 թ.-ին, բայց ցավոք ստորգետնյա ջրերի պատճառով գտնվում է վատթար վիճակում:
Գյումրիի բարձր արժեքը ներկայացնում են այն նշանավոր մարդիկ, ովքեր ծնվել և ստեղծագործել են այստեղ՝ Գյումրիում։ Բոլոր ժամանակների ամենահայտնի դերասան Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում: Այստեղ են ծնվել նաև հայտնի գրողներ Ավետիք Իսահակյանն ու Հովհաննես Շիրազը: Հենց դա է պատճառը, որ Գյումրիում մի ամբողջ փողոց նվիրված է նրանց և կոչվում է Վարպետաց փողոց։ Ավելին, այս տարածքում էլ գտնվում են այդ նշանավոր մարդկանց տուն-թանգարանները։
Մենք առանձնացրել ենք բազմաթիվ թանգարաններից մի քանիսը, որոնք միանշանակ արժանի են այցելության։ Այս թանգարաններում պահպանված են հին ժամանակների այնպիսի նմուշներ, որոնք կստիպեն Ձեզ զգալ այդ ժամանակների շունչը։
Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը հիմնադրվել է 1983 թվականին, գործում է 2003 թվականի սեպտեմբերից։ Այն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազին տունը նվիրվել է 1983 թվականի հուլիսին։ Սակայն բանաստեղծն այս տանը չի ապրել. նա մահացել է 1984 թվականի մարտին։ Շենքը 1886 թվականի կառույց է և եղել է մեծահարուստ վաճառականի տուն։ Բանաստեղծի հիշատակը հավերժացնելու և ժառանգությունը պահպանելու նպատակով Հայաստանի կառավարության որոշմամբ, այս տունը պիտի դառնար հուշատուն-թանգարան։
Թանգարանում պահպանվում և ցուցադրվում են Հովհաննես Շիրազի անձնական իրերը, ձեռագրերը և տպագիր գործերը։ Մեծ արժեք են ներկայացնում հատկապես բանաստեղծին կամ թանգարանին նվիրաբերված նշանավոր արվեստագետների աշխատանքները (Մարտիրոս Սարյան, Սերգեյ Փարաջանով, Արա Շիրազ, Սիփան Շիրազ և այլն)։
Թանգարանն ունի 6 սենյակ։ Առաջինում ներկայացված է տեղեկատվություն բանաստեղծի մանկության մասին։ Երկրորդ սենյակը կահավորված է այնպես, ինչպես եղել է Շիրազի կենդանության օրոք։ Մնացած 4 սենյակներում հեղինակի ստեղծագործական աշխատանքներն են, նկարներ և այլն։ Ներկայացված է նաև գրականության բնագավառում նոբելյան մրցանակ ստացած Ջոն Սթեյնբեքի նկարը, ով շնորհակալություն է հայտնում Շիրազին՝ Երևանում հյուրընկալ վերաբերմունքի համար։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի թանգարանը հիմնադրվել է 2004 թվականին, բացումը տեղի է ունեցել 2006 թվականի դեկտեմբերի 20-ին, 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում։
Թանգարանում ցուցադրվում են մեծ դերասանի բեմական հագուստներն ու իրերը, տարբեր ֆիլմերում («Նվագախմբի տղաները», «Մեր մանկության տանգոն», «Միմինո», «Ալի Բաբան և քառասուն ավազակները», «Հին օրերի երգը», «Այբոլիտ-66») օգտագործած ռեկվիզիտներ։ Թանգարանի հավաքածուների մեջ մեծ արժեք ունեն կամոդը՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից, տակառիկը՝ «01-99» ֆիլմից, գալիկոնը՝ «Նվագախմբի տղաները» ֆիլմից։ Այստեղ կարելի է տեսնել մեծ դերասանի պարգևներն ու նվերները, նրա մասին պատմող լուսանկարներ, գրքեր, անձնական իրեր։ Մեծ արտիստի կյանքի և ստեղծագործական գործունեության հետ կապված թանգարանում կա 270-ից (երկու հարյուր յոթանասուն) ավելի լուսանկարներ։ Պահպանվել է Մհեր Մկրտչյանի ձեռքով արված ծաղրանկարներ, պատկերներ, նամակներ, փաստաթղթերի նմուշներ։
2007 թվականին թանգարանում տեղի է ունեցել Մհեր Մկրտչյանի թոռնուհու՝ Իռեն Տերտերյանի կողմից թանգարանին շուրջ 1500 նոր ցուցանմուշների հանձնման արարողությունը:
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գործում է 1975 թվականից, մեծ քնարերգուի հայրական տանը, որը կառուցվել է 1828 թվականին՝ բանաստեղծի պապի՝ Նիկողայոս Իսահակյանի կողմից։
Թանգարանում վերականգնված են բանաստեղծի աշխատասենյակը, Իսահակյանների հյուրասենյակը, ննջասենյակը, խոհանոցը, մառանը և թոնրատունը։
Թանգարանի կահավորանքը պահպանվել է այնպես, ինչպես հեղինակի կենդանության օրոք է եղել։ Այստեղ կարելի է տեսնել Իսահակյանի անձնական հարուստ գրադարանը, հնօրյա գրասեղանը, որտեղ ծնվել է նրա առաջին ստեղծագործությունը, փայտե մանկական օրորոցը և այլն։
Այստեղ է գտնվում նաև ասեղնագործված սեղանի սփռոցը և բարձը, հեղինակի շատ սիրելի սուրճի պատրաստման ամանը, բավական մեծ եվրոպական ոճի հայելին, 2 մ բարձրությամբ փայտե քանդակը, որը հանրահայտ գրողի դիմաքանդակն է։ Թանգարանում կարելի է ծանոթանալ ոչ միայն մեծ բանաստեղծին առնչվող մասունքներին, այլև 19-րդ դարի վերջին քառորդի ունևոր գյումրեցու կենցաղին, նիստուկացին։
Ալեքսանդրապոլում հայտնի Յուզբաշյան մեծահարուստ ընտանիքի կողմից 1880-ականներին կառուցված տուն է Թումանյան – Ջիվանի փողոցների հատոման կետում։ Մեկուկես հարկանի, սրբատաշ սև տուֆ քարե շարվածքով, Ալեքսանդրապոլում այդ շրջանում ընդունված դասական ճարտարապետական ոճով իրականացված ինքնատիպ կառույց է: Այն ունի մեծ նկուղ ներքնահարկում: Տունն ունի մեծ բակ՝ փայտյա պատշգամբով և պարիսպով: Կառույցի առաջին հարկն օգտագործվել է որպես բնակելի թաղամաս տարբեր ընտանքիների համար, իսկ նկուղը պատկանում է Կումայրի արգելոցին: Տպավորիչ է Յուզբաշյանների բնակելի տունը շնորհիվ ճարտարապետական հիանալի լուծումներով և քանդակներով։
Դե իհարկե, էլ ի՞նչ Գյումրի առանց Պոլոզ Մուկուչ։ Պոլոզ Մուկուչը ամենահայտնի ու սիրված կատակասերներից մեկն է եղել Գյումրիում: Նրա կատակներն ու հեքիաթները դարձել են խորհրդանշական քաղաքի համար և ճշմարիտ աղբյուր կատակի ու հպարտության բնակիչների համար:
Պոլոզ Մուկուչի հասակի պատճառով նրան անվանել են «Պոլոզ»: Ասում են՝ նա կայանում էր իր սայլը քաղաքի տարբեր կետերում, քանի որ վաճաառում էր մրգեր, և համեմում էր առևտուրն իր անվերջանալի քաղցր կատակներով: Հանպատրաստի հեքիաթները, որոնք հիմնված են իրական իրադարձությունների վրա, արագ դարձնում են նրան հայտնի Գյումրիում: Նա այնքան թանկ է Գյումրեցիների համար, որ անթիվ կատակներ, երբեմն էլ հետմահու, վերագրվում են նրան:
2012-ի հոկտեմբերի 7-ին Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում բացվեց Պոլոզ Մուկուչի բրոնզից արձանը, որի հեղինակը Նարեկ Սամվելյանն է։
Նշենք, որ Շիրակի մարզում է գտնվում նաև Հառիճավանքը։ Այսպիսով, դեպի Գյումրի այցելության ժամանակ կարող եք այցելել նաև այստեղ։ Արագած լեռան արեւմտյան ստորոտին, ժայռոտ հրվանդանի վրա է գտնվում Հառիճավանքը: Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է: 13-րդ դարում կառուցվում են համալիրի գլխավոր եկեղեցին ու գավիթը: Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գմբեթավոր մեծաչափ կառույց է։ 19-րդ դարում վանքը դառնում է կաթողիկոսների ամառային նստավայր: Առանձնապես հետաքրքրություն է առաջացնում վանքային համալիրից ոչ շատ հեռու գտնվող, փոքրիկ մատուռը` կառուցված մի ժայռաբեկորի վրա, որը երկրաշարժի ժամանակ առանձնացել է ընդհանուր ժայռազանգվածից եւ թեք վիճակում, գրեթե անվնաս հասել է մեր օրերը:
Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թթ սովորել է Ավետիք Իսահակյանը։
Ավանդություններից մեկի համաձայն` իշխանական օրիորդներից մեկը, սելջուկներից փախչելով, պատսպարվել է ժայռի վրա կառուցած մատուռում, և երբ սելջուկները փորձել են տիրանալ օրիորդին, ժայռը երկու մասին է բաժանվել. նման հրաշքից վախեցած սելջուկները մի կողմ են քաշվել և օրիորդը փրկվել է։
Մարմաշենի վանական համալիրը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Վանքը միջնադարյան Հայաստանի կրոնական եւ մշակութային հռչակավոր կենտրոններից էր. ունեցել է մեծ մատենադարան, ճանաչված դպրոց:
Վանքը կազմված է երկու շինությունից, գլխավոր՝ Կաթողիկե և կից փոքր եկեղեցիներից։ Կոթողի հիմքում ընկած են հայ ազգային ճարտարապետությանը տիպիկ կառույցաձևեր: Գլխավոր եկեղեցին ըստ արձանագրության կառուցել է Վահրամ Պահլավունի հայրենասեր իշխանը 988-1029 թվականներին:
Շրջակայքում կան քարայր-բնակավայրեր, դամբարաններ: Մարմաշենից մոտ 2 կմ արևմուտք բնական ժայռի վրա պահպանվել են ուրարտական թագավոր Արգիշտի Ա-ի արձանագրությունը Շիրակում իր նվաճումների մասին: Այդ ժայռի բարձրության վրա և շուրջը պահպանվում են Մարմաշենի բերդի ավերակները:
Դե իսկ Positive Day Tour-ը մշտապես կազմակերպում է տուրեր դեպի Հայաստանի ամենագեղեցիկ և խորհրդավոր վայրերը։ Շտապի՛ր գրանցվել և մենք կապահովենք Ձեր անմոռանալի ամառային հանգիստը։