Մինչ բոլորը քաղաքում լարված շտապում էին մի խանութից մյուսը՝ ամանորյա գնումներ կատարելու, Պոզիտիվ տուրն իր հաջորդ ուրախ և անմոռանալի տուրն էր պատրաստում բոլոր նրանց համար, ովքեր որոշել էին կտրվել առօրյա հոգսերից և գալիք տարին դիմավորել նոր և հաճելի տպավորություններով։
Դեկտեմբերի 31-ի առավոտյան սկսվեց մեր տուրը դեպի Վրաստան։ Ինչպես միշտ հավաքակետը Կասկադն էր։ Մեր տուրի առաջին օրն այցելեցին Մցխեթա քաղաք։ Այն համարվում է Վրաստանի հոգևոր քաղաքը։ Շրջեցինք քաղաքով, շատերն առաջին անգամ էին այցելում, մյուսները սիրով նորից եկել էին։ Բարձրացանք Ջվարի վանք, որը կառուցվել է 6-րդ դարում և համարվում է երկրի համաշխարհային ժառանգության առաջին հուշարձանը։ Այն գտնվում է Քուռ և Արագվի գետերի միախառնման մոտ գտնվող լեռան գագաթին։ Վանք այցելելով նաև հնարավորություն ստացանք հիանալ բացվող տեսարանով ՝ ամբողջ Մցխեթա քաղաքով։ Երկրորդ օրն այցելեցինք Սիղնաղի քաղաք։ Այն համարվում է սիրո քաղաք, ի շնորհիվ քաղաքում գործող 24-ժամյա զագսի, որը պատրաստ է ցանկացած պահի իր ծառայությունները մատուցել սիրահար զույգերին։
Այցելեցինք Բոդբեյի մենաստան, որը հիմնադրվել է 9-րդ դարում։ Զբոսնեցինք քաղաքում, տեսանք Սիղնաղիի բերդապարիսպները և հայ ականավոր նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի տունը։
Երրորդ օրն անց կացրինք մայրաքաղաք Թբիլիսիում։ Շրջեցինք Հավլաբար թաղամասով, որը Թբիլիսիում ամենահին հայկական թաղամասն է։ Անցյալում եղել է հայ մտավորականության կենտրոնը։
Այցելեցինք հայկական պանթեոն, որտեղ թաղված են մի շարք հայ մտավորականներ և ականավոր գործիչներ։ Եղանք Սբ․ Գևորգ հայկական եկեղեցում։ Եկեղեցու դիմաց գտնվում է հայ մեծ բանաստեղծ, աշուղ Սայաթ – Նովայի գերեզմանը։
Այնուհետև զբոսնեցինք ամբողջ քաղաքով և լի դրական տպավորություններով վերադարձանք Երևան։