Հրաշք բնությունը և հայկական կոլորիտը լավագույնս բնութագրում են Լոռվա գեղեցկությունն իր ողջ հմայքով։ Մարզի վարչական կենտրոն հադիսացող Վանաձոր քաղաքը համարվում է երրորդ ամենախոշոր քաղաքը Հայաստանում։ Լոռին Հայաստանի արդյունաբերական մարզերից է։ Այստեղ են գործում Հայաստանի տնտեսության արդյունաբերական ճյուղի անկյունաքարային նշանակություն ունեցող մի շարք օբյեկտներ։ Արդյունաբերության զարգացվածության ֆոնին ավելի քիչ զարգացած է գյուղատնտեսությունը։
Լոռին աչքի է ընկնում նաև հարուստ մշակութային ժառանգությամբ և պատմական անցյալով, որի մասին վկայում են տասնյակ վանքերը, բերդերը, ամրոցներն ու հուշակոթողները։ Պատմամշակութային ինքնատիպ հուշարձանների բազմազանությունը որոշակիորեն պայմանավորված է այն հանգամանքով, որ 10-12-րդ դարերում այստեղ գոյություն է ունեցել անկախ հայկական պետականություն՝ ի դեմս Լոռու կամ Տաշիր-Ձորագետի թագավորության։
«Լոռի» անվանումն առաջին անգամ հիշատակվում է 11-րդ դարում և կարող է փոխկապակցված լինել լոր թռչնի անվան հետ։ Այդ տարում Հայաստանի հյուսիսում կառավարած Դավիթ Ա Անհողին Կյուրիկյան արքան Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում հիմնադրում է Լոռի կամ Լոռե բերդը, որը 1065 թվականին դառնում է Անիի Բագրատունյաց թագավորությունից անկախացած Տաշիր-Ձորագետի թագավորության քաղաքամայր-ոստանը։ Բերդի անունով թագավորությունը երբեմն անվանվում է նաև Լոռու թագավորություն։
Հետագայում, «Լոռի» անվանումը տարածվում է ամբողջ Տաշիրի գավառի վրա։ Այսպես են անվանակոչվում պատմական Հայաստանի Գուգարք նահանգի ահմաններում գտնվող մի շարք աշխարհագրական օբյեկտներ, այդ թվում՝ Լոռիգետն ու Լոռվա սարահարթը։
Positive Day Tour-ի կողմից կազմակերպվող դեպի Լոռի երկօրյա տուրի շրջանակներում այցելելու ենք՝
Օձուն
Սանահին
Հաղպատ
Զարնի - Պարնի քարայր-ամրոց
Մենձ Էր քարայր-ամրոց
Դսեղ
Սուրբ Խաչ
Բարձրաքաշի Սբ. Գրիգոր
Ծովեր լիճ
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան
Երկօրյա մեր տուրը կսկսենք Օձուն գյուղի այցելությամբ։ Օձունը Լոռու ամենամեծ գյուղերից է` շրջապատված խիտ անտառապատ լեռնաշղթաներով: Գյուղի կենտրոնում են գտնվում Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին (Խաչգունդ եկեղեցի), Օձունի տաճարը (6-7 դդ.), Սուրբ Հովհաննես (Խաչգունդ) (717-728 թվականներ) և Ծիրանավոր (Ծաղկեվանք) եկեղեցիները (5-7 դդ.), Հոռոմայրի վանական համալիրը (18 դ.), Օձունի կոթող-մահարձանը (5-6 դդ.)։
Վարկածներից մեկի համաձայն՝ Օձուն անվանումը առաջացել է օծել բառից։ Ըստ ավանդության՝ Թովմաս առաքյալն առաջին դարում Օձուն է եկել, այստեղ քահանաներ և եպիսկոպոսներ է օծել, իսկ Հնդկաստան գնալուց առաջ ներկայիս սուրբ Աստվածածին եկեղեցու խորանի վայրում ամփոփել է Քրիստոսի բարուրաշորը (որի մասին վկայում է եկեղեցու հարավային դռան վերևի մասում VΙ դարի արձանագրությունը): Սակայն, բնականաբար, բնակավայրի անվանումն ավելի հին արմատներ ունի: Վիշապի պաշտամունք Հայաստանում եղել է հազարամյակներ շարունակ: Եվ հայոց էպիկական պատումներում օձն ու վիշապը հաճախ նույնացվել է: Ավելին՝ պատմական Հայաստանում շատ բնակավայրեր ենք ունեցել Օձ անվամբ… հետևաբար՝ Օձուն անվան ստուգաբանությունը պետք է փնտրել հազարամյակների խորքերում: Տարբեր մատենագիրների մոտ հանդիպում ենք նաև Ազուն, Օձուն, Ազու անվանումները։Գյուղը միջնադարում բավականին հայտնի է եղել շնորհիվ հայոց կաթողիկոս Հովհան Օձնեցի Իմաստասերի (717-728 թթ)։
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում և տեսանելի է գյուղի գրեթե բոլոր անկյուններից: Եկեղեցու արձանագրությունները որևէ տեղեկություն չեն տալիս եկեղեցու հիմնադրման տարեթվի մասին, սակայն ճարտարապետական ու գեղարվեստական վերլուծությունները վկայում են, որ այն կառուցվել է 6-րդ դարում:
Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 5-րդ դարում, ավելի հին՝ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Գ-ի կողմից կառուցված միանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցու տեղում։ 5-րդ դարում եղել է գերանածածկ, իսկ գմբեթն ու քարե կամարակապներն ավելացել են 6-րդ դարում։ 8-րդ դարում Հովհան Օձնեցին կղմինդրե ծածկասալերը փոխարինել է քարով։ 1888 թվականին Աբովյաններն ավելացրել են զանգակատները։
Եկեղեցին անվանվել է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Սուրբ Հովհաննես, Խաչգոնդ, Խաչգունդ։ Վերջինս կապված է եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի անվան հետ, որի հիշատակին 1291 թ. կանգնեցրել են արձանագրությամբ քանդակազարդ խաչքար։ Եկեղեցու մոտ գտնվում է վաղ քրիստոնեական շրջանի կոթող, որը Հայաստանում քրիստոնեության հաղթանակը նշանավորող հոյակապ հուշարձան է։
Հաջորդիվ այցելելու ենք Սանահինի վանական համալիրը, որը 10-րդ դարի հոգևոր, մշակութային, և գիտակրթական նշանավոր կենտրոն է Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում։ Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Սանահին» նշանակում է սա նրանից (Հաղպատից) հին, նաև կարող ենք մեկնաբանել՝ սան-հին, հին կաթսա։ Սանահինի վանական համալիրը Հաղպատի հետ միասին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների շարքում։
Վանական համալիրը ներառում է՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին և կից գավիթը, Սուրբ Ամենափրկիչ (Կաթողիկե) եկեղեցին, գրատուն, Սուրբ Գրիգոր մատուռ, զանգակատուն, Սուրբ Հակոբ եկեղեցին և Սուրբ Հարություն մատուռը, Զաքարյանների դամբարանը և խաչքարեր։
Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարի 30-40-ական թվականներին Աբաս Ա Բագրատունի թագավորի օրոք: 966 թվականին Աշոտ Գ Ողորմած թագավորն ու Խոսրովանույշ թագուհին կառուցել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ իրենց որդիներ Կյուրիկեի (Գուրգենի) և Սմբատի արևշատության համար, հիմնադրել են միաբանություն և բարձրագույն կարգի հոգևոր դպրոց, հրավիրել եկեղեցականներ, գիտնական վարդապետներ, գրիչներ: Հիմնադիր վանահայրն էր Պոլիկարպոսը, որին հաջորդել է վարդապետ գիտնական Հովհաննեսը:
Սուրբ Աստվածածին եկեղեցուց հարավ Ամենափրկիչ եկեղեցին է` վանքի գլխավոր տաճարը, որը 957-966 թթ.-ին կառուցել է Աշոտ Գ Ողորմածի կինը՝ Խոսրովանույշը։ Ս. Աստվածածին և Ս. Ամենափրկիչ եկեղեցիները դեռևս X դ. 80-ական թթ. ունեցել են ընդհանուր գավիթ, ինչի մասին հիշատակվում է Կյուրիկե Ա թագավորի՝ Սանահինի «Քոթուկում» մեջբերված հրովարտակում, որով նա երկու շքեղ ջահ է նվիրել վանքին: Այդ կառույցը քանդվել է հավանաբար 1181-ի լայնածավալ շինարարական աշխատանքների ժամանակ՝ Ս. Ամենափրկիչ եկեղեցու նոր գավիթը կառուցելիս:
Համանուն գյուղում գտնվող Հաղպատի վանական համալիրը նույնպես ունի հոգևոր, մշակութային մեծ նշանակություն։ Համալիրը բաղկացած է մի շարք կառույցներից`զանգակատնից, ժամատնից, գավթից, եկեղեցիներից, սեղանատնից և գրատնից: Շինությունները կառուցվել են տարբեր ժամանակաշրջաններում, դրանցից ամենավաղը թվագրվում է 10-րդ դարով: Հաղպատը ծառայել է ոչ միայն որպես կրոնական, այլև որպես խոշոր կրթական կենտրոն: Հաղպատում գրվել, ընդօրինակվել և ծաղկվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք օգտագործվել են նաև միջնադարյան Հայաստանի գիտաուսումնական այլ կենտրոններում: Այստեղ ուսանել, ստեղծագործել և դասավանդել են ժամանակի բազմաթիվ նշանավոր հոգևորական գիտնականներ. ուսուցչապետ Հովհաննես Սարկավագը (Իմաստասեր), նրա աշակերտներ՝ պատմիչներ Երեմիա Անձրևիկը և Սամուել Անեցին և ուրիշներ։
Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի՝ վանք կառուցելու համար։ Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ։ Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև։ Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը։ Այսպես, կռվելով հոր հետ, որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում։ Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց՝ իր վանքը կառուցելու պատվերով։ Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան, որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին։ Նա էլ որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն։ Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին։ Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»։ Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և հաշտվեցին։ Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը։
Ճանապարհը շարունակում ենք դեպի Հաղպատ գյուղի մեկ այլ հրաշալի վայր՝ պատմությամբ հարուստ Զարնի-պարնի քարայր ամրոց՝ կառուցված 10-12-րդ դարերում։ 11-12-րդ դարերում այստեղ ճգնել է հայ մատենագիր Հովհաննես Իմաստասերը։ Այս ամրոցը ապահով վայր է եղել Հաղպատավանքի գրքերի համար, որոնք այստեղ թաքցնելով հնարավոր է եղել փրկել ոչնչացումից։ Հուշարձանը բաղկացած է «Զարնի էր», «Պարնի էր» և «Ծակ էր» քարանձավներից։
Հետաքրքրական է, որ այստեղ կարելի է գտնել խաղողի ավանդական այգիներ, գինետուն, ազգային խաղեր։ Գործում է նաև թանգարան, որտեղ ցուցադրված են տեղական բնակչության կենցաղն ու մշակույթը ներկայացնող նմուշներ։ Բերդի ներսում հնձանի առկայությունը վկայում է, որ այստեղ մարդիկ ապրել ու գինեգործությամբ են զբաղվել։ Քարանձավի ներսում Լոռվա կենցաղն ու մշակույթը ներկայացնող հազվագյուտ իրերն են՝ արոր, լուծ, զնդան կամ երկանք, կժեր, տաշտեր ու տնտեսության մեջ օգտագործված զանազան առարկաներ, թրեր։
Իսկ արդեն հագեցած և տպավորություններով լի օրը կավարտենք Մենձ էր քարայր-ամրոց այցելությամբ։ «Մենձ Էր» քարայրը գտնվում է Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ճանապարհին, որն արդեն հասցրել է դառնալ Լոռու զբոսաշրջային ամենաայցելվող կենտրոններից մեկը: Նախկինում բնակեցված քարանձավը, որը հետագայում ծառայել է որպես թաքստոց, այնուհետև անասնագոմ, այժմ ներկայացված է որպես թանգարան, ներկայացված է տեղացիների շրջանում հայտնի «Մենձ էր» անվամբ կացարանը՝ իրական չափերի մանեկեններով, դարբնոցով, քարանձավի ներսի փոքրիկ լճակով։
Թանգարան դարձած բնական քարանձավի ամեն անկյունում մանեկենների միջոցով պատկերված են կյանքի որոշակի շրջան ու մի քանի մասնագիտություններ: Մեկ այլ անկյունում ստեղծված ու պատկերված է 200-ամյա մետալուրգիական Ալավերդու դարբնոցը, Ալավերդու կամրջի մոդելը, մետաղի մշակումը:
Գիշերը կանցկացնենք Վանաձորի 3-աստղանի հյուրանոցում, իսկ առավոտյան՝ նախաճաշից հետո, մեզ էլ ավելի հետաքրքիր և գեղեցիկ այցելություններ են սպասվում չնաշխարհիկ Լոռիում։
Այսպիսով, շարոնակում ենք մեր ճանապարհը դեպի Դսեղ՝ իր բազմաթիվ տեսարժան վայրերով։ Դսեղ գյուղից 2կմ հյուսիս-արևելք գտնվում է Բարձրաքաշ Սբ․ Գրիգոր վանքը։ Վանական համալիրը նվիրված է հայ առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգորին։ Համալիրն` ըստ երևույթի, երկար կյանք չի ունեցել, պատերի վրայի ամենաուշ արձանագրությունները վերաբերում են XIII դարին։ Վանքը մեր ժամանակներն է հասել ամբողջովին ավրակ վիճակում։ Համալիրը կազմում են երկու եկեղեցիները, գավիթը, մատուռը, Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցը, ձիթհանը և խաչքարերի մնացորդները։ Հիմնական խումբը կազմող 2 եկեղեցիները տեղադրված են իրար կից` մեկ շարքում։
Գլխավոր եկեղեցին Սբ. Աստվածածինն է (այդ անունով է ավանդված պատերի վրա պահանված մեծ թվով արձանագրություններում), որը գտնվում է նախորդ եկեղեցու և գավիթի միջև։ Ըստ հարավային պատի ստորին մասի 1221 թ. արձանագրության՝ բարձրաքաշ վանքի կառուցումն սկսել է Համազասպ Մամիկոնյանի թոռ և Սարգսի որդի Մարծպանի կողմից, Թամարի որդի Գիորգիի թագավորության և Իվանե Զաքարյանի աթաբեկության ժամանակ։
Սուրբ Աստվածածին Կաթողիկեն աչքի է ընկնում իր յուրօրինակությամբ։ Նրա ուշագրավ առանձնահատկություններից են հնգանիստ խորանն ու մույթերի փոխարեն զույգ սյուների կիրառումը։ Կաթողիկեն հարուստ է քանդակներով և մեծ թվով ընդարձակ արձանագրություններով, որոնք պատմական հարուստ տեղեկություններ են պարունակում։
Վանքից դեպի հարավ գտնվում է միջնադարյան գերեզմանոց, որտեղ բացի տապանաքարերից, շատ կան ուշագրավ խաչքարեր` կանգուն կամ պատվանդաններից ընկած, մեծ մասը` XIII դարին վերաբերող։
Գերեզմանոցի տարածքում է գտնվում Սբ. Հարություն մատուռը։ Տեղացիները այն «Ագռավի տապան» են անվանում` կապված հանրահայտ ավանդազրույցի հետ։ Նրա երեք պատերը և ծածկը իրականացված են մեծաչափ բազալտի քարերից, իսկ արևմտյան կողմից ողջ լայնությունը գրավում է մուտքի բացվածքը։ Ծածկի սալի աստիճանաձևությունը խոսում է այն մասին, որ մատուռը միաժամանակ ծառայել է որպես խաչքարի պատվանդան։ Արևելյան սալաքարի արձանագրության համաձայն` այն կառուցվել է 1234թ. Հովհաննես վարդապետի և նրա եղբայր Սարգսի կողմից։
Դսեղի ծովերը կամ Ծովեր լիճը երկրաբանական բնության հուշարձան է Դսեղ գյուղից մի քանի կմ հեռավորութան վրա։ Հանգիստ վայելելու, և քաղաքի աղմուկից կտրվելու հիանալի վայր է և արդեն շատ է սիրվել այցելուների կողմից։
Այն նաև գրանցված է ՀՀ բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Ծովեր լիճը հաճախ հիշատակվել է հայ նշանավոր գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի աշխատություններում: Թումանյանը սիրում էր այս վայրը և հաճախ էր գալիս այստեղ իր ոչ պակաս հայտնի ընկերների հետ:
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան
Դե իսկ մեր կարճ ճամփորդությունը դեպի Լոռի կեզրափակենք Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թագարանով։ Հովհաննես Թումանյանի հայրական տունը Դսեղ գյուղում տուն-թանգարանի է վերածվել 1939 թվականին՝ Թումանյանի ծննդյան 70-ամյակի առթիվ։
Թանգարանում պահպանվում են մեծ գրողի կյանքն ու գործը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշներ։ Բակում տեղադրված է գրողի կիսանդրին և կառուցված է մատուռ (1994), որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը։
Թանգարանը երկհարկանի է, բաղկացած վեց սենյակից։ Առաջին հարկում են գտնվում հացատունը, մեծ օթախը և երկու ցուցասրահ։ Վերջին երկուսում ներկայացված ցուցանմուշները պատմում են Թումանյանի տոհմաբանության, ծնողների, Թիֆլիսում և Ջալալօղլիում ուսումնառության տարիների, գրողի գրական-հասարակական գործունեության մասին։ Երկրորդ հարկում գտնվող երկու սրահում ցուցադրված են բանաստեղծի մահճակալը, գրասեղանը, հագուստը և անձնական իրեր։
Շտապի՜ր գրանցվել մեր երկօրյա տուրին դեպի Լոռի, քանի որ տեղերը սահմանափակ են։