Հայաստանը համարվում է բնության և տեսարժան վայրերի բացահայտման ամենասիրելի երկիրը թե՛ զբոսաշրջիկների, և թե՛ տեղացիների համար։ Այդ նպատակով այսօր Ձեզ կներկայացնենք Հայաստանի 10 ամենաայցելվող և հետաքրքիր վայրերը Հայաստանում, չնայած որ այդպիսիք իրականում շա՜տ շատ են։
Մաթոսավանք
Մաթոսավանքը գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 3,5 կմ դեպի հյուսիսարևմուտք։ Միջնադարյան հուշարձանախումբը բաղկացած է իրար կից երեք կառույցներից` եկեղեցուց, գավթից և գրատնից: Հուշարձանախմբից հարավարևելք տարածված է միջնադարյան գերեզմանոցը` անմշակ տապանաքարերով և խաչքարի պատվանդաններով:
Ունի երկու տաճար և մեկ գավիթ։ Վանքի համալիրի մեջ մտնում է Ս. Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Ավագ Զաքարյանը, Իվանե Զաքարյանի որդին, 1247 թ․, որը սակայն այժմ կիսավեր է։ Պատերի վրա կան քանդակազարդ խաչքարեր և արձանագրություններ։ Մաթոսավանքը երբեմն նաև կոչվում է Պղնձահանք (Պղնձահանքի) Ս. Աստվածածին եկեղեցի։
Սատանի կամուրջ
Զբոսաշրջիկների հաջորդ սիրելի վայրը ՍԱտանի կամուրջն է։ Այն տրավերտիններից գոյացած բնական կամուրջ է, որը գտնվում է Սյունիքի մարզում` Որոտան գետի վրա: Կամրջի շրջակայքում կան բազմաթիվ լեռնային աղբյուրներ, որոնց ջրերը գունավորել են ձորի պատերը վարդագույն, դեղին եւ կանաչ գույներով:
Սատանի կամրջի վրայով է անցնում Գորիս-Տաթեւ ավտոճանապարհը: Բնական կամրջի լայնությունը 60 մետր է, երկարությունը՝ 30։ Կամրջից ոչ հեռու կարելի է ընկղմվել տաք աղբյուրների ջրում։ Դուք անգամ կարող եք իջնել մինչև գետը՝ վայելելու աղբյուրներից ներքև ընկած խորհրդավոր անձավների տեսարանը:
Հայտնի է, որ դեռ հնագույն ժամանակներում հայ մեծահարուստներն անպայման ամռան ամիսներին այցելում էին այս հրաշագեղ քարանձավը` բուժիչ լոգանք ընդունելու:
Հաղարծին
10-13 դարերի վանքային համալիր է Հաղարծինը։ Առասպելը պատմում է, որ վանքի բացման և օծման արարողությունների ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին» նշանակում է արծիվ):Այտեղից ել առաջացել է Հաղարծին բառը։
Հաղարծնի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր: Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված 350 կիլորգրամ քաշ ունեցող բրոնզաձույլ կաթսան գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն:
Խնձորեսկ
Խնձորեսկը շատերի կողմից հայտնի է իր ճոճվող կամրջով, որի վրայով անցնելիս էքսրեմալ զգացողություններից բացի կարողանում ես հիանալ Հայաստանի բնությամբ և մաքուր ու պարզ օդով։ Կամուրջը կառուցվել է 2012 թ.-ին տեղական գործարար Ժորա Ալեքսանյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ: Կամրջի երկարությունը 160 մետր է, բարձրությունը՝ 63 մետր, իսկ քաշը՝ 14 տոննա: Կամուրջը միաժամանակ կարող է «սպասարկել» միջին քաշով մոտ 700 մարդու:
Ըստ ժողովրդական ստուգաբանության, «Խնձորեսկ» անվան արմատը «խնձոր» բառն է։ Մեկ այլ ստուգաբանությամբ՝ Խնձորեսկ նախապես անվանվել է Խորձոր կամ Խորձորեսկ, որը հետագայում որոշ հնչյունափոխության ենթարկվելով՝ ընդունել է ներկայիս ձևը։ Երկու կարծիքներն էլ, անշուշտ, ընդունելի են. այդտեղ և՜ ձորերն են խոր, և՜ խնձորն է առատ։
Կեչառիս
Ծաղկաձոր առողջարանային համալիրը իր այցելուներին հիացնում է ոչ միայն շքեղ բնությամբ, նորաոճ հյուրանոցներով ու ժամանցի վայրերով, այլ նաև ճարտարապետական հուշակոթողներով, որոնցից մեկն է Կեչառիսը։ Բաղկացած է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից, որից գլխավորը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 1033 թվականին Գրիգոր Մագիստրոսի կողմից, որի մասին վկայում է հարավային մուտքի վերևի արձանագրությունը։
Ասում են, թե Պահլավունյաց տոհմի իշխանազն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, ամրոցի կողքին էլ մի շքեղ ծաղկանոց։ Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն աճեն իր ծաղկանոցում։ Այդպես էլ արվում է։ Բայց մի գարնան կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցը և ծաղիկները ցրում ձորով մեկ։ Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, և ձորն սկսում է կոչվել Ծաղկաձոր։ Իշխանազն օրիորդը պահանջում է հորից, որ նա իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանահայրերը գիշեր ու ցերեկ աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն։ Կառուցվում է Կեչառիսի վանքը։ Սակայն Աստված չի լսում վանականների աղոթքը, և բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառում։
Գառնու տաճար
Գառնիի հեթանոսական տաճարը ենթադրաբար կառուցվել է մ.թ. 77 թվականին: Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին: Տաճարը նվիրված էր Միհր Աստծուն՝ հայոց դիցարանում լույսի և արևի աստվածը:
Գառնիի տաճարը միակ հեթանոսական և հունահռոմեական կառույցն է, որը պահպանվել է Հայստանի տարածքում: Ենթադրվում է, որ Գառնին մնացել է կանգուն, քանի որ այն լայնորեն ճանաչված էր որպես «արվեստի գլուխգործոց»: Կա նաև կարծիք, որ Գառնիի տաճարը անվնաս է մնացել Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի շնորհիվ: Խոսրովդուխտը խնդրել է եղբորը չավիրել Գառնու տաճարը, որն իր համար մեծ նշանակություն ուներ։
Գեղարդ
Եթե այցելեք Գառնու տաճար, անտարբեր չեք կարողանա անցնել նաև Գեղարդի վանքի կողքով։ Գեղարդի վանքը գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։ Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս։ 13-րդ դարում ստեղծված հիմնական հուշարձանախմբում են գլխավոր Կաթողիկե եկեղեցին, գավիթը, ժայռափոր 2 եկեղեցին, ժամատուն-դամբարանը։
Տաթևի վանք
Տաթևի վանքը (IX-X դար) գտնվում է Սյունիքի մարզում: Վանքն ունի հարուստ պատմություն: Տաթևի վանական համալիրը եղել է ոչ միայն հոգևոր, այլև կրթամշակութային խոշոր կենտրոն: Այստեղ գործում էր միջնադարյան Հայաստանի լավագույն համալսարաններից մեկը, որտեղ ուսումնասիրվում էին հումանիտար գիտությունները: Վանքը տեղակայված է գրեթե ժայռի եզրին, որտեղից բացվում է կիրճի գեղատեսիլ տեսարան: Նախկինում վանք տանող ճանապարհը բավականին երկար և դժվար էր․ մեքենայով անհրաժեշտ էր անցնել լեռնային բարդ ճանապարհով վանք հասնելու համար: Սակայն «Տաթևեր» ճոպանուղու բացումից հետո վանքը դարձել է դյուրամատչելի: Ի դեպ, հարկ է նշել, որ «Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի։
Շաքիի ջրվեժ
Շաքիի ջրվեժը գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Շաքի գետի վրա: Գետը Որոտանի վտակներից մեկն է: Ջրվեժի բարձրությունը 18 մետր է: Այն համարվում է Հայաստանի ամենասիրված վայրերից մեկը զբոսաշրջիկների համար: Ջրվեժի ուժն այնքան մեծ է, որ ջրվեժի մոտ կանգնած մարդկանց ձայնը գրեթե հնարավոր չէ լսել: Ջրի հիմնական մասն օգտագործվում է Շաքիի հիդրոէլեկտրակայանում, ինչը ջրվեժից հսկայական ջուր է խլում և հնարավորություն չի տալիս նրան փայլել իր ողջ շքեղությամբ:
«ՄԵՆՁ ԷՐ» քարայր
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ճանապարհին է գտնվում «Մենձ Էր» քարայրը, որն արդեն հասցրել է դառնալ Լոռու զբոսաշրջային ամենաայցելվող կենտրոններից մեկը:
Նախկինում բնակեցված քարանձավը, որը հետագայում ծառայել է որպես թաքստոց, այնուհետև անասնագոմ, այժմ ներկայացված է որպես թանգարան, ներկայացված է տեղացիների շրջանում հայտնի «Մենձ էր» անվամբ կացարանը՝ իրական չափերի մանեկեններով, դարբնոցով, քարանձավի ներսի փոքրիկ լճակով։
Քարանձավի ներսում դրված են 9-10-րդ դարերի նմուշներ, գործիքներ, ափսեներ: Մանեկենների ու տիկնիկների միջոցով պատկերված է թել մանելու, ալյուր աղալու գործընթացը, հին լոռեցու կյանքն ու կենցաղը: